Մատչելիության հղումներ

ՀՀ-ն շուրջ 150 գերու վերաբերյալ տեղեկություն ունի, Ադրբեջանը միայն 10-ին է հաստատում


Փաստաբան Սիրանուշ Սահակյանը, արխիվ

Հայաստանն այս պահին շուրջ 150 գերեվարված անձանց վերաբերյալ տեղեկություններ ունի, բայց Ադրբեջանը միայն 10-ի մասին է հաստատում ներկայացրել, որ այո, Ադրբեջանում են: Փաստաբան Սիրանուշ Սահակյանը շեշտում է` Ադրբեջանը հայ գերիներին թաքցնում է` խախտելով բոլորը` բոլորի դիմաց սկզբունքը:

«Բոլորը` բոլորին սկզբունքը իրացված չէ, որովհետև բոլորի թվաքանակը, որի ամբողջական ինֆորմացիայի կրողն Ադրբեջանն է, ուղղակի չի ներկայացնում բարեխղճորեն թե բանակցային կողմերին, թե միջազգային հանրությանը», - ասում է նա:

Սպասվում է, որ մինչև տարեվերջ Ադրբեջանն իր հաստատած այս 10 հայ գերիներին կվերադարձնի։ Փաստաբան Սահակյանը շեշտում է՝ 50 գերիների մասով իրենք և կառավարությունն անհերքելի ապացույցներ են ներկայացրել Եվրոպական դատարանին՝ տեսանյութեր, որտեղ շատ պարզ է երևում, թե ով ով է, և հատկապես թե որտեղ են այդ հայ մարդիկ: Ադրբեջանն այս դեպքում էլ հնարավորինս ձգձգում է գործընթացը. Ստրասբուրգի դատարանին ակնհայտ արհամարհանք ցույց տալ չեն կարող, բայց բովանդակային տեղեկություն չեն էլ տալիս. «Ցույց են տալիս համագործակցություն, բայց աշխատում են շատ ինֆորմացիա չտալ, բայց նախնական որոշակի տարրեր համագործակցության ցուցադրում են, որպեսզի բացառեն Եվրոպայի խորհրդի շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ գործընթացները»:

Ոչ թե մեկ, այլ մի քանի ադրբեջանական տեսանյութերում է Անիչկա Միկոյանը ճանաչել իր ժամկետային զինծառայող որդուն: 18-ամյա Արայիկ Գալստյանը հոկտեմբերի 8-ից ծառայակիցների խմբով անհետացել էր՝ հետո արդեն նա գերիների ցուցակում էր, որ Հայաստանն է ներկայացնում, իսկ ադրբեջանական կողմը դեռ չի ընդունում, որ տղան իրենց մոտ է. «Սպասում ենք, Աստված ջան, ես չգիտեմ, սպասում ենք»:

Սիրանուշ Սահակյանը կարծում է ՝ ի վերջո անհերքելի ապացույց տեսանյութերի ճնշման տակ Ադրբեջանը կընդունի տասնյակ մարդկանց գերեվարության փաստը, այժմ պարզապես իրենց դերն են ընդգծում, որպեսզի հետո էլ գթասրտություն խաղան։ Պատերազմի ավարտից հետո նույն մեքենայով Արցախ մեկնող Դավիթ Իսահակյանն ու Գիշի գյուղից տարեց ամուսիններ Էլզա Սարգսյանն ու Բենիկ Ավթանդիլյանը երեքով գերեվարվել էին։ Ադրբեջանը հաստատեց Դավիթ Իսահակյանի գերեվարման փաստն ու օրեր առաջ վերադարձրեց նրան 40-ից ավելի մյուս գերիների հետ։ Իսկ տարեց ամուսինների ճակատագիրը դեռ անորոշ է։ Ընտանիքն այլ ճանապարհներով է ճշտել՝ Ադրբեջանում են, ողջ են. «Լուր ունենք, որ պապիկ-տատիկին ճարել են, հիմա Ադրբեջանում են: Խաղաղապահ զորքի միջոցով»:

Դարձյալ պատերազմից հետո գերեվարված երկու լիբանանահայերից Վիգեն Էուլջեքյանին Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունները ցուցադրեցին ու ներկայացրին որպես վարձկան ահաբեկիչ, նրա հետ նույն` Բերձորի ճանապարհից անհետացած Մարալ Նաճարյանի մասին առայժմ ոչ մի տեղեկություն չեն տալիս: Մարալի հեռախոսից ընտանիքը հաղորդագրություններ էր ստացել ադրբեջաներենով: Քույրը՝ Անի Նաջարյանն ասում է՝ հեռախոսը հիմա էլ երբեմն միանում է, սոցցանցն` ակտիվանում. «Մենք գրում ենք, բայց իրենք չեն նայում, չեն պատասխանում»:

Վերջին օրերին Խծաբերդի ու Հին թաղերի հատվածում գերեվարված տասնյակ անձանց վերաբերյալ Եվրոպական դատարան դիմումներ է պատրաստում ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցիչը։ Եղիշե Կիրակոսյանն ասաց՝ Շիրակի տղաների վերաբերյալ դիմումներ մինչև վաղը կուղարկեն։ Էջմիածնի պահեստազորայինների գործով Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանն են զբաղվում. «ՄՈԲ-ի ծառայողները, որոնք պետք է դիրքային ծառայությունից իջնեին, 11 հոգի մնացել են տեղանքում, 9 հոգի զոհվել է, 2 անձ ողջ է մնացել, 2-ը գերեվարված են, այդ 2-ի շահերը մենք ենք ներկայացնում», - նշում է Սահակյանը:

Ադրբեջանը պատերազմի առաջին օրերից մինչև այժմ վերադարձրել է 50 հայ գերիների, իսկ Հայաստանում կան տվյալներ, որ գերեվարվածների թիվը ամենաքիչը 4 անգամ ավելի է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG