Մատչելիության հղումներ

Ալիևի որակումը, Հայաստանի օմբուդսմենի համոզմամբ, հումանիտար գործընթացի և եռակողմ հայտարարության պահանջի կոպիտ խախտում է


Հայ գերիներ Ադրբեջանում, հոկտեմբեր, 2020թ.
Հայ գերիներ Ադրբեջանում, հոկտեմբեր, 2020թ.

Ոչ թե ռազմագերիներ, այլ ահաբեկիչներ. հայ գերիների վերաբերյալ Ադրբեջանի նախագահի որակումը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հետպատերազմական մարդասիրական գործընթացի և միջազգային պահանջների կոպիտ խախտում է համարում։ Օմբուդսմեն Արման Թաթոյանը նկատում է նաև, որ այդ հայտարարությունը հակասում է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջին, որը սահմանում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց փոխանակում. արհեստականորեն ձգձգվում է գերիների վերադարձը, չի հայտնվում նրանց իրական թիվը, այդ ողջ ընթացքում շարունակվել է նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը, այդ մասին վկայող տեսանյութերի նպատակային հրապարակումը, խոչընդոտվում է զոհվածների մարմինների փոխանակումը, և այլն:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ իր աշխատակազմի ուսումնասիրություններն ու զեկույցները հաստատում են՝ այդ ամենը նպատակ ունի հոգեկան տառապանքներ պատճառել գերիների ընտանիքներին, խաղալ հայ հասարակության էմոցիաների հետ ու լարվածություն առաջացնել Հայաստանում: Օմբուդսմենը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը, անհրաժեշտ համարում հայ զինծառայողների անհապաղ ազատ արձակումն ու վերադարձը Հայաստան՝ առանց որևէ նախապայմանի։

Իլհամ Ալիևը հայ ռազմագերիներին «ահաբեկիչ» որակումն էր տվել դեկտեմբերի 31-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ։ Ադրբեջանի ղեկավարը հայտարարել էր, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ հայկական զինված ուժերը «դեռ գտնվում են որոշ ազատագրված տարածքներում և չեն ենթարկվում Հայաստանի քաղաքական ղեկավարությանը»։ Ալիևի խոսքով՝ նրանցից շատերը ձերբակալված են։ «Նրանք չեն կարող համարվել ռազմագերիներ, նրանք ահաբեկիչներ են», - հայտարարել էր Ադրբեջանի ղեկավարը։

Ավելի վաղ պաշտոնական Երևանից հայտարարել էին, որ Ադրբեջանի հետ համաձայնեցված է՝ գերիները փոխանակվելու են «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածություններում որևէ բան է փոխվել, կամ գուցե Ալիևը պատերազմից հետո գերի ընկած հայ զինծառայողներին է ահաբեկիչ համարում, պաշտոնական Երևանից դեռ չեն շտապում մեկնաբանել, արձագանքը Կառավարությունից մեկ նախադասությամբ է սահմանափակվում՝ ամեն ինչ արվում է գերիների վերադարձի համար։

Ալիևի խոսքից պարզ չէ, թե նա «ահաբեկիչ» ասելով բոլո՞ր գերիներին նկատի ունի։ Հայտարարության անորոշությունը միտումնավոր է, կարծում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) տասնյակ հայ ռազմագերիների շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակյանը: Փաստաբանն ասում է՝ դա արվում է, որպեսզի արհեստականորեն մեղադրանք առաջադրվի նաև մինչև պատերազմը գերեվարված անձանց։

«Դրա նախադեպերը կան, կա դեպք, երբ անձին մեղադրում են առաջին պատերազմի ընթացքում իբր ադրբեջանական գերիներին խոշտանգելու մեջ, և նաև հայտարարությունից հետո այդ խմբին փորձում են ներկայացնել որպես դիվերսանտներ, ահաբեկիչներ, որոնք փորձել են ներթափանցել և ինչ-որ գործողություններ կատարել ադրբեջանական տարածքում: Դրա միտումը ահաբեկումն է», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Սահակյանը:

Փաստաբանը համոզված է՝ Ադրբեջանի իշխանությունները նպատակ ունեն հայ ռազմագերիների, գերիների վերադարձը Հայաստան արհեստականորեն ձգձգել։ Ստեղծված իրավիճակը նաև Հայաստանի իշխանությունների աշխատանքի թերության հետևանքն է, վստահ է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակյանը։ Նա կարծում է, որ գերեվարվածների վերադարձը պետք է երաշխավորվեր հստակ մեխանիզմներով, օրինակ՝ մինչ շրջանների հանձնումը իրականացվեր գերիների վերադարձ կամ 2014 թվականին դիվերսիայի և մարդասպանության համար Արցախում դատապարտված Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին Ադրբեջանին հանձնել ոչ միանգամից. - «Եվ, ինչու ոչ, ի սկզբանե պարզ էր, որ Ադրբեջանի համար ամենացանկալի անձինք երկու դիվերսանտներն են: Չմոռանանք, որ այս ընթացքում ադրբեջանական իշխանությունները նաև մեծ գումարներով վարձել էին փաստաբաններ, լոբբիստական խմբեր, միջազգային կառույցներում զբաղվում էին այս երկու դիվերսանտների իրավունքների պաշտպանությամբ և Ադրբեջան վերադարձնելով՝ սա իրենց քաղաքական օրակարգի առաջնային խնդիրներից էր: Քանի դեռ վերջին գերեվարված հայը չէր վերադարձել Հայաստան, նշված դիվերսանտները չպետք է վերադարձվեին Ադրբեջանին, նույնիսկ եթե ադրբեջանական իշխանությունները չէին սկսում կամ իրականացնում գործընթաց»:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Ալիևի հայտարարությունը փաստում է, որ իշխանությունները ոչ պրոֆեսիոնալ են աշխատում։ Քաղաքագետն անհրաժեշտ է համարում, որ Կառավարությունը թափանցիկ լինի և անգամ ցավոտ խնդիրները ներկայացնի. - «Առանց մի փամփուշտի էդ երեքուկես շրջան հետ վերցրեցին, Շուշին տվեցին, Հադրութը տվեցին, հիմա էլ պարզվում է, որ քո զինվորները ոչ թե գերի են ընկած, այլ տեռորիստներ են: Դա նշանակում է, որ շատ վատ են աշխատում, շատ ոչ պրոֆեսիոնալ են աշխատում, ու, այո, ինձ մոտ հիմա սկսեց առաջանալ այդ պրոբլեմը՝ միգուցե ճիշտ կլինի հրաժարակա՞ն տա: Մինչև էդ ես դեմ էի կտրականապես, բայց էդ վերջին ինֆորմացիան ապշեցուցիչ է: Էլ ի՞նչ կա, որ մեզ չեն ասում»:

Պատերազմից հետո նաև տասնյակ քաղաքացիական անձինք էին գերեվարվել, այդ թվում նրանցից մեկին՝ լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին էլ մեղադրանք է առաջադրվել վարձկանության, ահաբեկչության համար՝ ընդհանուր առմամբ հինգ մեղադրանք։ Հետո էլ Ադրբեջանի հսկողության տակ անցնելուց հետո Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մարտական դիրքերից ավելի քան 60 զինվորական է գերեվարվել։ Մինչ այս պահը Հայաստան է վերադարձել 54 գերի, սակայն, ըստ հայկական կողմի, Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը 4 անգամ ավելի է։ Հայաստանից Եվրոպական դատարան շուրջ 180 գերեվարվածի հարցով դիմում է ներկայացվել։ Ադրբեջան է վերադարձվել 14 անձ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG