Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳ նախարարն այցելում է Արցախ, Ադրբեջանը բողոքում է


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունում է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանին, Ստեփանակերտ, 5-ը հունվարի, 2021թ․

Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը երեկվանից Արցախում է աշխատանքային այցով, այսօր Ստեփանակերտում մասնակցել է Սուրբ Ծննդյանը նվիրված պատարագին։

Արտգործնախարարի պաշտոնում առաջին անգամ Արցախ մեկնած Արա Այվազյանը երեկ հանդիպումներ է ունեցել Արցախի իշխանությունների հետ՝ հանդիպելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի և նորանշանակ արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախում տուժած ենթակառուցվածների վերականգնման, տեղահանված արցախահայության վերադարձի, նաև նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության կատարման և գերիների ու պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց վերադարձի հարցեր։

Բոլոր հանդիպումների ընթացքում շեշտվել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը հիմք է ստեղծում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման շուրջ քննարկումներ անցկացնելու համար՝ միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Հակամարտության քաղաքական կարգավորման առանցքում, ըստ Արտգործնախարարության հայտարարության, Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչումն է, Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքների դեօկուպացիան և արցախահայության իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը։

Դավիթ Բաբայանի հետ Արա Այվազյանը ստորագրել է նաև Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև 2021 թվականի խորհրդակցությունների պլանը։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է՝ շատ կարևոր է, որ հայկական կողմն արձանագրում է իր համար կարևորագույն հարցերը՝ Արցախի կարգավիճակի և պատերազմի հետևանքով կորցրած տարածքների դեօկուպացիայի վերաբերյալ, սակայն խնդիրն այն է, թե այս հարցերն ինչ ձևաչափով է հնարավոր բարձրացնել։ Մինսկի խումբն, ըստ Բադալյանի, այն բացառիկ ձևաչափն է, որտեղ կա նման հարցերը օրակարգ բերելու հնարավորություն։ Դե ֆակտո, սակայն, բացի Մինսկի խմբից նաև ռուս-թուրքական ձևաչափ է գործում։

«Ռուս-թուրքական տիրույթում, ակնհայտ է, որ հայկական շահերի մասին խոսելը մեղմ ասած շատ դժվար կլինի, այդտեղ կարգավիճակի և դեօկուպացիայի հարց քննարկելը, կարծում եմ, շատ-շատ բարդ կարող է լինել, եթե ընդհանրապես կարող է հնարավոր լինել։ Եվ այդ տեսանկյունից, այո, Մինսկի խմբի ձևաչափի վերականգնումը, աշխուժացումը և գործընթացը այդ ձևաչափ բերելը առաջնահերթ և ռազմավարական խնդիր է հայկական կողմի համար, և Երևանն ու Ստեփանակերտը պետք է քննարկեն դա անելու հնարավորությունները և համակարգված աշխատանքը այդ ուղղությամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը։ - «Առավել ևս, որ այստեղ կարծես թե նշմարվեցին խնդիրներ, երբ ռեգիոն եկել էին Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները, և Արցախի նախագահը տարօրինակ կերպով հրաժարվեց հանդիպել նրանց հետ՝ ասելով, որ կազմը ամբողջական չէ, և դրա համար ինքը չի հանդիպի, այն դեպքում, երբ հենց ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան են, որ բարձրացնում են հայկական շահերի խնդիր։ Եվ այս տեսանկյունից Երևան-Ստեփանակերտ աշխատանքի բովանդակությունը և ձևաչափը ունեն իսկապես ճշգրտման ու հստակեցման կարիք, թե ինչպես են աշխատելու հայկական երկու մայրաքաղաքները միմյանց հետ, որպեսզի Մինսկի խմբի ձևաչափի աշխուժացում տեղի ունենա և ոչ թե մերժում»։

Հայաստանի արտգործնախարարի այցի կապակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարությունն է բողոք հայտնել՝ այն որակելով սադրանք ու լարվածություն հրահրելու փորձ։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան այցն անօրինական է որակել և հայտարարել, որ այն հակասում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ստորագրած զինադադարի համաձայնագրին։

«Պաշտոնական Երևանի պարտավորությունների խախտումը սադրանք է։ Ներքին լսարանին ուղղված նման գործողությունները չեն նպաստում տարածաշրջանի իրավիճակի նորմալացմանը», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը, հավելով, որ Երևանը պետք է ընդունի տարածաշրջանի փոփոխությունները։

Ըստ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի՝ Բաքվի նման արձագանքը զարմանալի չէ, այստեղ ավելի կարևոր է՝ այս հարցում Բաքվին կաջակցե՞ն Ռուսաստանն ու Թուրքիան, թե՞՝ ոչ։

«Այստեղ Բաքվի դիրքորոշման հարցում էական կարող է լինել, թե Մոսկվան ու Անկարան որքանով են խրախուսելու այդ դիրքորոշումը։ Եթե այդ խրախուսումը տեղի չունենա, ապա Բաքվի դիրքորոշումը կմնա, մեծ հաշվով, հռետորաբանության շրջանակում», - ընդգծեց Բադալյանը՝ շարունակելով․ - «Եվ այդ տեսանկյունից Անկարայի պարագան երևի թե հասկանալի է, այսինքն՝ Թուրքիան նվազագույնը կդնի Մինսկի խմբի համանախագահություն մտնելու պահանջ՝ որպես գործընթացը վերսկսելու կամ գործընթացի հանդեպ կառուցողական տրամադրվելու պայման, և սա վաղուց նաև ձևավորվող նկրտում է, եթե չասեմ, որ առավելագույնը պահանջներ կդրվեն, այսինքն՝ ընդհանրապես մերժում․ ի վերջո, Բաքուն հայտարարում է, որ հակամարտությունը այլևս չկա, և վերջ»։

«Այստեղ էական է, թե ինչպիսի վարքագիծ կունենա Ռուսաստանը, որովհետև Ռուսաստանի համար, մի կողմից, Մինսկի խմվբի ձևաչափը այլևս շահեկան չէ, որովհետև ռուսները թուրքերի հետ են ավելի արդյունավետ պայմանավորվում, մյուս կողմից՝ Ռուսաստանը կարող է դիտարկել այդ երկակի խաղը այդ երկու ձևաչափերի արանքով որպես հակակշռող՝ միմյանց հակակշռող, և այդ տիրույթում մանևրելու հնարավորություն։ Եվ այդտեղ գուցե հայկական կողմ ը ունի աշխատանքի դաշտ Ռուսաստանին դեպի Մինսկի խումբ, Մինսկի խմբի ակտիվացում տրամադրելու կամ այդ ուղղությամբ աշխատելու համար։ Ինչպես կկարողանա հայկական կողմը աշխատել այդ տեսանկյունից՝ ցույց կտա ժամանակը», - ամփոփեց քաղաքական մեկնաբանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG