Մատչելիության հղումներ

Ստեփանակերտի քաղաքապետը վստահեցնում է, որ քաղաքի բոլոր ենթակառուցվածները շարունակում են աշխատել իրենց հունով


Պաշտպանության բանակը այսօր հրապարակել է ևս 80 զոհված զինծառայողի անուն։ Ռազմական գործողությունների 11 օրերի ընթացքում հայտնի է հայկական կողմի 320 զոհի մասին։ Ադրբեջանական կողմը զոհված զինծառայողների վերաբերյալ որևէ տեղեկություն չի հայտնում։

Շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են թեժ և ծանր մարտերը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում մոտ երեք ժամ առաջ գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Գիշերվա ընթացքում, ըստ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի, Ադրբեջանը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ՝ Ջեբրայիլ չհասած, սակայն հայկական զինված ուժերը խոցել են ադրբեջանական ստորաբաժանումները։ Ադրբեջանի նախագահը երեկ երեկոյան էր հայտարարել հենց Ջեբրայիլի ուղղությամբ մի քանի գյուղ գրավելու մասին։

Հայկական կողմի հաղորդմամբ, առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, Ադրբեջանը մարտադաշտում թողել է ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա։

«Գիշերվա ընթացքում հակառակորդը Արաքսի հովտի հատվածում Արաքսի երկայնքով փորձել է ուժեր կուտակել և առաջ ընթանալ։ Մեր հետախուզական ստորաբաժանումները հետևել են հակառակորդի գործողություններին, ժամանակին հավաստանշել են և դիպուկ հրթիռային ու հրետանային կրակով խմբավորմանը մեծ վնաս են պատճառել, մոտավորապես երեք համահավաք բրիգադների, լավ սպառազինված, ինչը դուք տեսաք նաև ֆոտոնյութերում․․․ Կրակային խոցում են իրականացրել՝ ոչնչացնելով ամբողջ խումբը։ Այդ զորախումբը կրել է զգալի կորուստներ՝ մի քանի տասնյակ մահացածներ, զգալի թվով զրահատեխնիկա, որոնց մի մասը անվնաս թողել և դաշտից փախել են», - ասաց Հովհաննիսյանը։

Բացի այդ, հարավարևելյան ուղղությամբ խոցվել է Ադրբեջանի վառելիքաքսուքային պահպանման խոշոր բազա։ Խոցված բազայի մոտ, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, նաև զորամաս է եղել․ - «Լրաճշտված տվյալների համաձայն, խոցված նավթամթերքի պահեստին կից ըստ էության ոչնչացել է ադրբեջանական մոտոհրաձգային մեկ գումարտակ, ուժեղացված հրետանային դիվիզիոնով և հատուկ նշանակության ջոկատով։ Դա, կարելի է ասել, կազմում է մի ամբողջ մեծ զորամաս»։

Արծրուն Հովհաննիսյանը իրանական սահմանի մոտ ադրբեջանական զորքերը տեղայակելը որակել է հերթական սադրանք՝ հավելելով, որ այդ մարտավարությամբ ադրբեջանական կողմը փորձում է հրահրել արցախյան կողմին կրակ բացել կամ հարվածներ հասցնել սահմանի երկայնքով, փաստացի Իրանի ուղղությամբ:

Նրա խոսքով, Իրանը տեղյակ է վիճակից և գործողություններ է ձեռնարկում․ - «Այո, Իրանից կա պատասխան, և բարեբախտաբար՝ ոչ զուտ քաղաքական հայտարարությունների տեսքով։ Այլ բան չեմ կարող մեկնաբանել։ Դե վերաբերում է այլ պետության, մի փոքր ավելի նուրբ հարցեր են»։

Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, երեկ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները բարելավել են դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հետ է վերադարձվել Վարանգաթաղ կամ Լուլասազ կոչվող բարձունքը։ Ադրբեջանական աղբյուրները այս բարձունքի մասին ոչինչ չեն հաղորդում։

«Բարելավումները ամեն րոպե կարող են տեղի ունենալ։ Կարող եմ ասել, որ հյուսիսային ուղղության մասին է խոսքը», - նշեց Հովհաննսիսյանը։

Ինչ վերաբերում է հակամարտությանը Թուրքիայի մասնակցությանը, ապա, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, այն շարունակվում է. – «Թուրքիան շարունակում է լիովին ներգրավված մնալ։ Եվ եթե ինչ-որ միջոցներ ու ուժեր ավելի պակաս է կիրառում, մի քիչ քիչ կամ մի քիչ այլ տեղերում, դա, մեր կարծիքով, կոնկրետ կապ ունի հայկական բանակի հաջողությունների հետ միայն։ Իսկ մնացած առումներով, իմ կարծիքով, էն բոլոր ոչ ռազմական ճակատներում, որտեղ աշխատում ենք մենք Թուրքիայի դեմ, դրանք ուղիղ ազդեցություն և անմիջական ազդեցություն չեն թողնում։ Դրանք անուղղակի և այլ ժամանակահատվածի կտրվածքով կարող են թողնել ազդեցություն»։

Մինչ այդ, Ադրբեջանը շարունակել է թիրախավորվել Ստեփանակերտն ու Արցախի այլ բնակավայրեր։ Այսօր Ստեփանակերտի
փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանն ասաց, որ տասնյակ շենքեր են վնասվել, սակայն քաղաքում ենթակառուցվածքներն աշխատում են, միայն գազամատակարարումն է անջատված, այն էլ՝ անվտանգությունից ելնելով։

«Այսօրվա դրությամբ, Ստեփանակերտում բոլոր ենթակառուցվածքները շարունակում են աշխատել իրենց հունով, և որևէ խուճապի խնդիր չկա։ Ասեմ, որ միանշանակ եթե տապալվում է որևէ մի ենթակառուցվածք, ապա մեր մասնագետները տեղում փորձում են վերացնել այդ վնասները և փորձում են ապահովել քաղաքի բնականոն կյանքը», - ասաց Ստեփանակերտի քաղաքապետը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG