Մատչելիության հղումներ

Ողջ գիշեր Ստեփանակերտը ռմբակոծվել է


Արցախ - Ադրբեջանցիները ռմբակոծում են Ստեփանակերտը, հոկտեմբեր, 2020թ.

Ողջ գիշեր Ստեփանակերտը ռմբակոծվել է։

Պարբերաբար հնչում էին օդային տագնապի ձայներ, որոնց հաջորդում էին հարվածները։ Թե ինչ զինատեսակներից էին հարվածները, դեռ ասել հնարավոր չէ, քանի որ պաշտոնական տեղեկություն այդ մասին առայժմ չկա։ Ձայները բավականին ուժգին էին։ Վնասների մասին խոսել դեռ վաղ է։

Նշենք, որ սովորաբար գիշերներն Արցախի մայրաքաղաքում համեմատաբար հանգիստ էին անցնում, ադրբեջանական կողմը ռազմական գործողությունները վերսկսում էր լուսադեմին։

Երեկ օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ էր, հրետակոծություններն ու հրթիռային հարվածները վերսկսվել են օրվա երկրորդ կեսից։ Երեկ վնասվել է Արցախի Խարմիր խաչին շատ մոտ գտնվող շենքերից մեկը։

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախօրեին նշեց, որ ըստ իրենց տեղեկությունների՝ Ադրբեջանը նպատակ ունի թիրախավորել հիվանդանոցը, վնասներից մեկն էլ հենց հիվանդանոցի տարածքում է եղել։

Ուշ երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հրթիռակոծվում են Ստեփանակերտն ու Շուշին:

Գիշերը Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը Թվիթերում գրել էր, թե «Հայաստանը կասետային հրթիռ է արձակել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ուղղությամբ», որն իբր վայր է ընկել Եվլախի շրջանի մերձակայքում՝ խողովակաշարից 10 մետր հեռու, նավթամուղը չի վնասվել:

Ադրբեջանական կողմի այս հայտարարությունը Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը լկտի սուտ որակեց։

Նշենք, որ մինչև հոկտեմբերի 4-ը Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 խաղաղ բնակիչ։ Ադրբեջանական կողմն էլ հայտարարել է, որ սեպտեմբերի 27-ից սկսած հայկական կողմի հրետակոծության հետևանքով զոհվել է 27 քաղաքացիական անձ, 141-ը վիրավորվել է։

XS
SM
MD
LG