Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 14-ին կմեկնի Ռուսաստան


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսում սեփական իշխանավարման դեմ արդեն ավելի քան մեկ ամիս շարունակվող ցույցերի ֆոնին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաջորդ երկուշաբթի կմեկնի Մոսկվա, ինչպես ինքն է բնորոշում, ավագ եղբոր՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։

Այսօր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե այցը աշխատանքային է, մամուլի ասուլիս կամ փաստաթղթերի ստորագրում նախատեսված չէ։ Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ երկու նախագահները մտադիր են քննարկել երկկողմ ինտեգրացիան էլ ավելի խորացնելու հնարավորությունը։

Թե մինչև ո՞ւր և ինչպե՞ս՝ պաշտոնական աղբյուրները չեն հստակեցնում։ Հայտնի է միայն, որ Պուտինը այսօր այդ հարցը քննարկել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստում, այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Մինչ ընտրությունները Լուկաշենկոն բազմիցս էր հայտարարում, թե Կրեմլը ճնշումներ է բանեցնում իր նկատմամբ և ստիպում է զիջել Բելառուսի ինքնիշխանությունը: Հավաստիացնում էր՝ ոչ մի դեպքում դրան չի գնա։

«Լսել եք երևի, ասում են` եկեք Բելառուսը մտցնենք Ռուսաստանի կազմի մեջ... Չի՛ լինելու նման բան, եթե մենք այդ հարցը դնենք քվեարկության, բելառուսցիների 120 տոկոսը կասի՝ ոչ», - հայտարարել էր նա ուղիղ չորս ամիս առաջ։

Օգոստոսի 9-ի ընտրություններից առաջ Լուկաշենկոն անգամ պնդել էր, թե Մոսկվան մի քանի տասնյակ վարձկան գրոհայիններ է ուղարկել Մինսկ՝ իր իշխանությունը տապալելու համար։ Ընտրություններից հետո, սակայն, երբ հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան իր իսկ հրաժարականի պահանջով, Արևմուտքն էլ հայտարարեց, թե քվեարկությունն ազատ ու արդար չէր, Լուկաշենկոն մոռացավ այդ մեղադրանքների մասին։ Ընտրություններից մի քանի օր անց նա զանգահարեց Պուտնին, հետո էլ նրանից խնդրեց ռուսական ոստիկանական ուժեր մտցնել սեփական երկիր։

Մինչ Լուկաշենկոն աջակցություն է փնտրում Կրեմլում, նրա ընդդիմախոսները շարունակում են պայքարը, որն աննախադեպ է իր ծավալներով ու տևողությամբ՝ երկրի նորագույն պատմության մեջ։ Փաստացի, ընդդիմության համակարգող խորհրդի 7 առաջնորդներից այս պահին ազատության մեջ է միայն մեկը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր, գրող, 72-ամյա Սվետլանա Ալեքսիևիչը․ մյուսներին ուժայինները կամ ձերբակալել են, կամ՝ երկրից բռնի վտարել։

«Մեզ, սակայն, կանգնեցնել չի հաջողվի», - այսօր հայտարարել է վերջին ընտրություններում Լուկաշենկոյի մրցակից Սվետլանա Տիխանովսկայան, առաջարկելով ինքնակազմակերպման նոր բանաձև․ «համակարգող խորհուրդն այլևս դուք եք, ձեզնից յուրաքանչյուրը»,- հայտարարել է նա՝ հավելելով, - «հիշեք, միայն միասին մենք կարող ենք ստեղծել երկիր՝ ապրելու համար»։

Լուկաշենկոյի վարչակազմը օրեր առաջ իշխանությունը բռնազավթելու մեղադրանք է առաջադրել համակարգող խորհրդի ղեկավարներին։ Այսօր էլ Քննչական կոմիտեն նոր գործ է հարուցել, այս անգամ՝ ցուցարարների դեմ՝ ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու և հասարակական կարգը խախտելու համար։ Իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը, մինչդեռ, մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել՝ հարյուրավոր ցուցարարների դեմ բռնությունների և առնվազն 6 մարդու սպանության համար։

Սպանվածներից մեկը՝ Հանձի Շուտաուն, վիրավորվել էր Բրեստում օգոստոսի 11-ին՝ ցույցերի ժամանակ, և ութ օր անց մահացել հիվանդանոցում՝ 44 տարեկան հասակում։ Օրեր անց սոցիալական ցանցերում տեսանյութեր էին տարածվել, որտեղ ենթադրաբար երևում է՝ ինչպես է ոստիկանը կրակ բացում նրա ուղղությամբ։

Իրավապահները պնդում են, թե կրակել են ինքնապաշտպանության նպատակով, քանի որ Շուտաուն, իբր, հարձակվել է ոստիկանների վրա մետաղյա ձողերով։ Ականատեսները պնդում են՝ նման բան չի եղել, սպանվածի աղջիկն էլ հավաստիացնում է՝ հայրն ընդհանրապես ցույցերում ներգրավված չէր և փողոցում այդ պահին սպասում էր, որ իր տաքսին ժամանի։

«Հորս ընկերը եղել է նրա հետ, բայց, հասցրել է փախչել, իսկ հորս սպանել են միանգամից, ուղղակի գնդակահարել են՝ առանց որևէ նախազգուշացման։ Հետո կրակողը սկսել է վազել և օդ կրակել, փամփուշտները նաև 11-րդ հարկի պատուհանն են վնասել», - ասել է Շուտաուի աղջիկը։

Իրականությունը բացահայտելու, մեղավորներին պատասխանատվության կանչելու հույս աղջիկը չունի․ փաստում է՝ դեպքի առաջին իսկ օրից քննիչները ամեն ինչ արել են միայն պատմությունը խճճելու և ճշմարտությունը կոծկելու համար։

«Հորս դին մեզ չէին տալիս, դիահերձումն ավարտվել էր հինգշաբթի, և միայն կիրակի կեսօրին այն մեզ հանձնեցին։ Իշխանություններն ասում են, թե ուզում են ամեն ինչ անել օրենքին համապատասխան, բայց երբ նայում ես՝ ինչ իրավիճակ է հիմա երկրում, հարց է առաջանում՝ հատկապես ո՞ր օրենքին են հետևում», - նշել է Շուտաուի դուստրը։

Արևմտյան մի շարք երկրներ դատապարտել են Բելառուսի նախագահական վերջին ընտրություններն ու դրանցից հետո սկսված բռնաճնշումները, Եվրամիությունը հայտարարել է, թե չի ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակը, և պատրաստվում է մինչև այս ամսվա վերջ պատժամիջոցներ սահմանել նրա վարչակազմի մոտ երեք տասնյակ պաշտոնյաների նկատմամբ։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտարարել է, թե Վաշինգտոնը ևս կմիանա այդ պատժամիջոցներին։

XS
SM
MD
LG