Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն չի բացառում Բելառուսի դեմ պատժամիջոցները կամ նավթի մատակարարման դադարեցումը


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, 12 օգոստոսի, 2020թ.

Միացյալ Նահանգները չի բացառում, որ կարող է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ կամ դադարեցնել նավթի մատակարարումները` անցած կիրակի տեղի ունեցած նախագահական ընտրություններից ու ցուցարարների դեմ շարունակվող բռնություններից հետո: «Մենք դիտարկում ենք մի շարք տարբերակներ», - «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում երեկ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, ով ավելի վաղ դատապարտել էր ընտրությունների ընթացքն ու ընդգծել` դրանք ազատ և արդար չեն եղել:

«Մենք խորապես հիասթափված ենք, որ այդ ընտրություններն առավել ազատ ու արդար չեղան: Նախկինում նման իրավիճակների ականատես արդեն իսկ եղել էինք և ցավում ենք, որ ամեն ինչ այս կերպ է զարգանում, տեսնում ենք բռնություն, խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրվում են միջոցներ, որոնք չպետք է կիրառվեին», - ասել է պետքարտուղարը:

Ավելի վաղ Եվրամիությունն էր դատապարտել կիրակի անցկացված նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում բռնապետական կառավարմամբ հայտնի Ալեքսանդր Լուկաշենկոն վեցերորդ անգամ հռչակվեց նախագահ` ձայների ջախջախիչ առավելությամբ: «Այդ ընտրությունները «ո՛չ ազատ էին, ո՛չ արդար», - հայտարարել էր ԵՄ արտգործնախարար Ջոզեպ Բորելը` ընդգծելով` Եվրահանձնաժողովն այժմ դիտարկում է Մինսկի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:

Պետքարտուղար Մայք Փոմփեոն երեկ չի բացառել, որ արևմուտքի արձագանքը կարող է միասնական լինել: «Մենք դեռ չենք որոշել` ինչպես ենք արձագանքելու այս ամենին, սակայն կարող եմ ասել` մենք կհամագործակցենք մեր եվրոպացի դաշնակիցների հետ, որոնք գնահատում են ազատությունը և նույնչափ մտահոգված են այս իրավիճակով: Մենք ուզում ենք, որ արդյունքը դրական լինի Բելառուսի ժողովրդի համար և դրանից ելնելով էլ համապատասխան քայլեր կձեռնարկենք», - ասել է պետքարտուղարն «Ազատության» հետ զրույցում:

Արդեն չորրորդ օրն է` Բելառուսում Լուկաշենկոյի դեմ ցույցերը չեն դադարում: Համացանցում տարածվող տեսանյութերում երևում է` ինչպես են ոստիկաններն ու հատուկջոկատայինները հետապնդում, ձերբակալում կամ բռնության ենթարկում ցուցարարներին, որոնք պահանջում են չեղարկել քվեարկության արդյունքներն ու արդար ընտրություններ անցկացնել: Երեկ պաշտոնյաները հաստատեցին, որ մահակներից, լուսաձայնային նռնակներից բացի, ոստիկանները նաև հրազեն են կիրառել: «Բրեստում ոստիկանության աշխատակիցների վրա են հարձակվել մի խումբ զինված և ագրեսիվ քաղաքացիներ, ինչից հետո ոստիկանները դիմել են ինքնապաշտպանության և կրակ բացել», - հայտարարել է Ներքին գործերի նախարարությունը` հավելելով. - «Ցուցարարներից մեկը հրազենային վնասվածքներ է ստացել»:

Հաղորդվում է նաև, որ միայն երեկ ձերբակալվել է հազարից ավելի քաղաքացի, հարուցվել է մոտ երկու տասնյակ քրեական գործ: «Ազատությունը» հետաքրքրվել է` իսկ կա արդյոք որևէ գործ ոստիկանների դեմ` ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի գործադրման համար: Ներքին գործերի նախարարության խոսնակը պնդել է` նման որևէ տեղեկություն ինքն առայժմ չունի:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG