Մատչելիության հղումներ

ԵՄ֊ն չի ճանաչում Բելառուսի ընտրությունները, Լուկաշենկոն «օգնություն է խնդրում» Պուտինից


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Մինսկում այսօր հողին են հանձնել 34-ամյա Ալեքսանդր Տարայկովսկուն, ով սպանվել էր անցած երկուշաբթի` Ալեքսանդր Լուկաշենկոյի իշխանավարման դեմ շարունավող ցույցերի ժամանակ:

«Չենք մոռանա, չենք ների», այսօր վանկարկել են հազարավոր մարդիկ` հավաքվելով մետրոյի կայարանի մոտ, որտեղ և տեղի էր ունեցել ողբերգական միջադեպը: Ի նշան համերաշխության, նրանց են միացել նաև Եվրամիության երկրների, Միացյալ Նահանգների և Ճապոնիայի դեսպանները:

«Իշխանություններն այլևս մեզ չեն վախեցնի, տեսեք` ինչքան մարդ է հավաքվել», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասում էր ցուցարարներից մեկը: Շատերն էին պնդում, որ Բելառուսի ժողովուրդն արթնացել է, և վերջին բռնաճնշումներից հետո` էլ ավելի համախմբվել:

«Մենք մեր կամքն ենք ուզում արտահայտել, ուզում ենք ցույց տալ, որ մարդ ենք, ժողովուրդ ենք, ուզում ենք հարգանքի տուրք մատուցել այն երիտասարդին, որ սպանվել է հանուն մեզ: Շատերն են այդ օրը այստեղ եղել, և տեսել, թե ինչպես են զինվորականները ուղղակի կրակել ու սպանել նրան», - նշել է ցուցարարներից մեկը:

Պաշտոնական աղբյուրները մինչ օրս սպանության փաստը չեն ընդունում, իրավապահները նույնիսկ երիտասարդի անունը չեն հայտնում, ոստիկանության ամփոփագրում նշված է միայն` մահացածը եղել է քրեական հանցագործ, ով փորձել է պայթուցիկ սարք նետել իրավապահների ուղղությամբ: Սպանվածի կինը, մինչդեռ, ով հիմա ստիպված է միայնակ մեծացնել երեք տարեկան աղջկան, պնդում է` ամուսինն անզեն է դուրս եկել ցույցի:

«Նրա գրպանում միայն բջջային հեռախոս կար», - պատմել է կինը «Ազատության» բելառուսական ծառայությանը:

Այնտեղ գտնվող երիտասարդներից մեկն էլ պնդում է` ապրում է մոտակայքում, և սեփական աչքերով է տեսել` ինչ է կատարվել այդ օրը. և հենց դրանից հետո է որոշել փողոց դուրս գալ` արդարության պահանջով. «Ինքս ինձ երդվել եմ, որ երբեք չեմ մոռանա այն, ինչ տեղի է ունեցել այստեղ: Ես ունեմ տեսանյութ, որտեղ երևում է` մարդը կանգնած էր, իսկ ՕՄՕՆ-ականները հարյուրներով հարձակվում են նրա վրա: Մեն-մենակ էր կանգնած` կիսատաբատով ու սպիտակ շապիկով, ձեռքին ոչի՛նչ չկար. մենք սա չպե՛տք է մոռանանք»:

Արդեն յոթերորդ օրը շարունակվող բողոքի ցույցերը սկսվել են անցած կիրակի տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով արդեն քսանհինգ տարի երկիրն առաջնորդող Ալեքսանդր Լուկաշենկոն վեցերորդ անգամ հռչակվեց նախագահ` ստանալով ձայների ավելի քան 80 տոկոսը: Ընդդիմադիր բոլոր թեկնածուները հայտարարում են համատարած կեղծիքների ու խախտումների մասին, հազարավոր մարդիկ ամեն օր փողոց են դուրս գալիս` պահանջելով արդար ընտրություններ, գործող վարչակազմը արձագանքում է բռնություններով ու զանգվածային ձերբակալություններով:

Նախօրեին` արևմուտքի ճնշումներից հետո, իրավապահները ձերբակալվածների մի մասին ազատ արձակեցին. նրանց վկայությունները էլ ավելի սարսափազդու դարձրին երկրում տիրող իրավիճակը:

«Ոստիկանները ինձ հարվածում էին ամեն մի բառից հետո, խփում էին նույնիսկ այն ժամանակ, երբ ասում էի, որ Ռուսաստանի քաղաքացի եմ, կամ, երբ բժշկական օգնություն էի խնդրում, ցավազրկող էի ուզում. խփում էին ու ասում էին` անասուն, փոփոխություն էի՞ր ուզում, դե` ստացիր», - պատմել է նրանցից մեկը:

Արևմուտքը խստորեն դատապարտել է քվեարկության ընթացքը և պահանջել անհապաղ դադարեցնել բռնությունները: Ավելին, Եվրամիությունը երեկ հայտարարել է, թե ընտրությունների արդյունքները չի ճանաչում, և պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել պաշտոնյաների դեմ: «Ցանկը կներկայացվի արդեն հաջորդ շաբաթ», - «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասում է Չեխիայի արտգործնախարար Տոմաս Պետրիչեկը:

Եվրամիությունը քննարկում է նաև Բելառուսի քաղաքացիական հասարակությանը, անկախ լրատվամիջոցներին ու բռնաճնշումների զոհերին ֆինանսապես օգնելու և այդ նպատակով հատուկ հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը: Միության անդամ մի շարք երկրներ, հատկապես` նախկին խորհրդային բլոկից, էլ ավելի կոշտ քայլերի կողմնակից են:

«Չեխիայի Հանրապետության դիրքորոշումը հետևյալն է` պետք է նախագահական նոր ընտրություններ անցկացվեն` միջազգային դիտորդների ներկայությամբ», - ասել է արտգործնախարարը:

Վերջին քվեարկությանը արևմտյան որևէ դիտորդ չէր հետևել, քանի որ Մինսկը պաշտոնական հրավեր չէր ուղարկել ԵԱՀԿ-ին:

Քվեարկության ընթացքն ու հետընտական զարգացումները նաև Վաշինգտոնն է քննադատել. ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում այս շաբաթ ասել էր` Վաշինգտոնը կարող է սահմանափակումներ մտցնել Բելառուսի դեմ, կամ` դադարեցնել նավթի մատակարարումները:

«Մենք դեռ չենք որոշել` ինչպես ենք արձագանքելու այս ամենին, սակայն կարող եմ ասել` մենք կհամագործակցենք մեր եվրոպացի դաշնակիցների հետ, որոնք գնահատում են ազատությունը և նույնչափ մտահոգված են այս իրավիճակով: Մենք ուզում ենք, որ արդյունքը դրական լինի Բելառուսի ժողովրդի համար և դրանից ելնելով էլ համապատասխան քայլեր կձեռնարկենք», - նշել է նա:

Արևմուտքի` օր-օրի խորացող այս ճնշումների ֆոնին Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր զանգահարել է Ռուսաստանի նախագահին, թեև քվեարկությունից առաջ պնդում էր, թե Մոսկվան վարձկան գրոհայիններ է ուղարկել Մինսկ` իր վարչակազմը տապալելու, իրավիճակն ապակայունացնելու համար: Ընդ որում, հեռախոսազրույցից առաջ Լուկաշենկոն թափանցիկ ակնարկ էր արել` եթե իր դեմ ցույցերը հաջողությամբ պսակվեն, ալիքը կարող է և Պուտինին հասնել:

«Բելառուսի պաշտպանությունն այսօր նշանակում է մեր միասնական պետության պաշտպանություն, և օրինակ է ծառայում մյուսների համար: Եթե բելառուսները չդիմակայեն, այս ալիքը կտարածվի նաև այնտեղ», - ասել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն չէր հստակեցրել` պատրաստվում է արդյոք օգնություն խնդրել Վլադիմիր Պուտինից, և եթե այո` ինչ տեսքով: Զրույցից հետո, սակայն, Կրեմլը հայտարարեց` «խնդիրները շուտով կկարգավորվեն»:

«Կարևորը, որ դրանցից չօգտվեն ապակառուցողական ուժերը, որոնք ձգտում են վնաս հասցնել երկու երկրների փոխշահավետ համագործակցությանը Միութենական պետության շրջանակներում», - հայտարարեց Ռուսաստանի նախագահական նստավայրը:

Ավելի վաղ Լուկաշենկոն հրապարակավ դժգոհում էր նույն այդ` միութենական պետությունից ու պնդում, թե ավագ եղբայր Ռուսաստանը միայն իր շահն է առաջ տանում, և ստիպում է զիջել Բելառուսի ինքնիշխանությունը:

«Ես նման բան երբեք թույլ չեմ տա, անգամ` սեփական իշխանությունս կորցնելու գնով», - ամիսներ առաջ հայտարարել էր Ալեքսանդր Լուկաշենկոն, ով այսօր ինքն է զանգահարել Ռուսաստանի նախագահին:

«Բելառուսի նախկին նախագահը հիմա օգնություն է խնդրում Պուտինից. Ում դեմ` սեփական ժողովրդի, որ ծաղիկներով փողո՞ց է դուրս գալիս», - Թվիթերում հարց է բարձրացրել Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսը:

XS
SM
MD
LG