Մատչելիության հղումներ

Բելառուսի իշխող վարչակազմը տեռոր է սկսել ժողովրդի դեմ, Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսեևիչ


Գրականության նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսեևիչ

«Բելառուսի իշխող վարչակազմը տեռոր է սկսել սեփական ժողովրդի դեմ», - ահազանգում է գրականության նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսեևիչը: Աշխարհահռչակ գրողը շաբաթներ առաջ միացել էր ընդդիմության համակարգող խորհրդին և այսօր այդ կառույցի նախագահության յոթ անդամներից միակն է, որ մնացել է հայրենիքում` ազատության մեջ: Մյուսներին ուժայինները կա՛մ ձերբակալել են, կա՛մ վտարել, կա՛մ հարկադրել, որ նրանք հեռանան երկրից:

«Սկզբում առևանգեցին մեր երկիրը, հիմա առևանգում են մեզնից լավագույններին», - այսօր հայտարարել է նոբելյան մրցանակի դափնեկիրը, ընդգծելով` միևնույնն է` բողոքի այս ալիքը հնարավոր չի լինի կանգնեցնել. ոտքի է ելել ոչ թե համակարգող խորհուրդը, այլ ողջ երկիրը»:

Դեռ երեկ Ալեքսեևչից բացի, ազատության մեջ էր նաև ընդդիմության Համակարգող խորհրդի նախագահության անդամ, փաստաբան Մաքսիմ Զնակը: Այսօր առավոտյան, սակայն, դիմակներով անձինք նաև նրա հետևից էին եկել ու տարել անհայտ ուղղությամբ: Ժամեր անց հաղորդվեց` իրավաբանը ձերբակալված է` իշխանության բռնազավթման փորձի համար: Նույն մեղադրանքով ճաղերի ետևում է նաև ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովան, ով նախօրեին թույլ չէր տվել իրեն ուժով վտարել երկրից. ուղղակի սահմանին պատռել էր անձնագիրն ու դուրս թռել ավտոմեքենայի պատուհանից:

«Լուկաշենկոն ասում է, թե չի բանակցի փողոցի հետ, իսկ փողոցը հարյուր հազարավոր մարդիկ են, որ ամեն կիրակի, ամեն օր իրենց ձայնն են բարձրացնում: Նրանք փողոց են դուրս գալիս իրենց երեխաների հետ, քանի որ հավատում են, որ կհաղթեն», - առավոտյան գրել էր Սվետլանա Ալեքսեևիչը գրական կայքերից մեկում:

Գրառումը, սակայն, կիսատ է մնացել, քանի որ այդ պահին անհայտ անձինք նաև 72-ամյա գրողի դուռն են ծեծել, հետո էլ շարունակ զանգահարել` չանսալով իրեն հանգիստ թողնելու տարեց կնոջ բազմաթիվ խնդրանքներին:

«Ալեքսեևիչի դուռը ծեծելու փոխարեն ձեր խիղճն արթնացրեք», - քիչ անց դիմելով Բելառուսի վարչակազմին` հայտարարել է Էստոնիայի արտգործնախարարը: Ուրմաս Ռեինսալուն այսօր Տալլինում հյուրընկալել էր սկանդինավյան ու բալթյան յոթ պետությունների արտգործնախարարներին: Բելառուսի ընդդիմությանը սատարելուց բացի, նրանք նաև դիմել են Բրյուսելին` կոչ անելով արագացնել Լուկաշենկոյի վարչակազմի դեմ պատժամիջոցներն ու ցանկը հրապարակել մինչև այս շաբաթավերջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ պետությունները համաձայնել են սահմանափակումներ մտցնել բելառուսցի ավելի քան երեք տասնյակ պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղսակից են ընտրախախտումներին ու ցուցարարների դեմ բռնություններին: Առայժմ, սակայն, հստակ չէ` ովքեր են ներառվել այդ ցանկում: Պատժամիջոցների մասին է հայտարարել նաև Վաշինգտոնը: «Միացյալ Նահնագները դաշնակիցների ու գործընկերների հետ քննարկում է հավելյալ, հասցեական սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը` պատասխանատվության կանչելու նրանց, ովքեր մասնակից են մարդու իրավունքների ոտնահարումներին ու բռնաճնշումներին», - հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը:

Մինչ արևմուտքը խստացնում է ճնշումները, Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստվում է մեկնել Մոսկվա` հերթական անգամ, ինչպես ինքն է բնորոշել, ավագ եղբոր` Վլադիմիր Պուտինի աջակցությունը ստանալու: Հաջորդ շաբաթ նախատեսված այցից առաջ` երեկ, նա իր նստավայր է հրավիրել Կրեմլի խոսափողը համարվող լրագրողներին, այդ թվում` RT-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանին: Խոսելով ավելի քան մեկ ամիս իր դեմ շարունակվող ցույցերի մասին` Լուկաշենկոն պնդել է` այդ ամենը կառավարվում է Միացյալ Նահանգներից, երկրի գերակշռող մեծամասնությունն իրեն է աջակցում, և եթե ինքը չլինի, համակարգը կփլուզվի, երկիրն էլ` հետը: Ամենաուշագրավ ուղերձը, սակայն, հասցեագրված էր ոչ թե Բելառուսի ժողովրդին կամ ընդդիմադիրներին, այլ Կրեմլի առաջնորդին: «Եթե Բելառուսն ընկնի, հաջորդը կլինի Ռուսաստանը», - մի քանի անգամ կրկնել է նա, բացահայտ ակնարկելով` Ռուսաստանի նախագահն այսօր պետք է իր կողքին կանգնի, եթե չի ուզում, որ վաղն էլ իր իշխանությունը տապալվի. - «Ես շատ նախագահների հետ եմ խոսել, ինչպես նաև իմ ավագ եղբոր` Պուտինի, ես նրան զգուշացրել եմ` սրան դիմակայել չի լինի. ինչպե՞ս դիմակայես, ինչ-որ մեկը կարո՞ղ է արգելափակել այդ Տելեգրամ ալիքները... ոչ... այդ իսկ պատճառով, դուք էլ մի թուլացեք, ձեզ մոտ էլ շուտով քաղաքական իրադարձություններ են սպասվում»:

Լուկաշենկոն պնդել է` իր դեմ դուրս եկած ցուցարարների մեծ մասը` վաթսուն տոկոսը, թմրամոլներ ու հարբեցողներ են, ուժայիններն էլ, գուցե մի փոքր չափն անցել են, բայց նրանց չի կարելի մեղադրել, քանի որ պաշտպանել են երկիրը կայծակնային պատերազմում:

«Որոշ աղջիկների հետույքները կապույտ ներկով էին ներկել, մեկի կողքն էին սևացրել, որ հետո ցույց տան, թե տեսեք֊, տեսեք..այդ կապտուկներն արդեն անցել են, իսկ այն 30-40 օմոնականները, որոնք կոտրվածքներ են ստացել, մինչ այժմ պառկած են հիվանդանոցում: Ես չեմ կարող մեղադրել մարդկանց, որ պաշտպանել են ոչ միայն երկիրը, այլև ինձ», - ասել է Եվրոպայի վերջին բռնապետի տիտղոսը ստացած առաջնորդը:

Իրավապաշտպանները, ի պատասխան, հիշեցնում են` անցած մեկ ամսում`վիճահարույց նախագահական ընտրություններից ի վեր, ձերբակալվել է վեց հազարից ավելի մարդ, օրեր շարունակ հարազատներն ու փաստաբանները նրանց մասին տեղեկություն չունեին, 400-ից ավելին կալանավայրում բռնության ու կտտանքների են ենթարկվել, ձերբակալվածներին ստորացրել են ու տանջել, առնվազն երեք ցուցարար զոհվել է: Իրավապահ մարմիններից որևէ մեկը, սակայն, դեռ պատասխանատվության չի ենթարկվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG