Մատչելիության հղումներ

Կոնգրեսում պնդում են, որ Թրամփի պաշտոնանկության իրավական հիմքերն առկա են


Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան Իրավական հարցերի հանձնաժողով նախագահ Ջերոլդ Նադլերը, արխիվ

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան Իրավական հարցերի հանձնաժողովը` երկրի առաջատար իրավաբան-սահմանադրագետների հետ քննարկումներից հետո նախօրեին հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի իրավական հիմքերն առկա են: Չորեքշաբթի երեկոյան Կապիտոլիումում կայացած նիստի ժամանակ հայտարարեց Ներկայացուցիչների տան Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերը։

«Մենք բոլորս էլ երդվել ենք պաշտպանել Սահմանադրությունը: Նախագահը, սակայն, շարունակական մի սպառնալիք է այդ Սահմանադրության և մեր ժողովրդավարության համար: Այսօր ես պարզ, հստակ և համոզիչ փաստարկներ լսեցի առ այն, որ նախագահը ոտնահարել է Կոնգրեսին Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները և խաթարել է ընտրական գործընթացը: Ես կոչ եմ անում իմ գործընկերներին հավատարիմ մնալ տրված երդմանը. ձեր այդ հավատարմությունից է այսօր կախված մեր ժողովրդավարության ճակատագիրը», - հայտարարում էր Ջերոլդ Նադլերը:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ազդարարել էր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ պաշտոնական հետաքննության մեկնարկը։ Հետաքննությունը կապված է հուլիսին նախագահ Թրամփի և նրա ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու միջև կայացած հեռախոսազրույցի հետ:

Ամերիկյան հատուկ ծառայությունների անանուն աղբյուրը տեղեկացրել է, որ Թրամփը զրույցի ընթացքում ճնշում է գործադրել Զելենսկու նկատմամբ` հորդորելով նրան հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2020 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու համար պայքարող Ջոզեֆ Բայդենի և նրա որդու դեմ` Ուկրաինայի տարածքում ծավալած բիզնես գործունեության համար: Հակառակ դեպքում Սպիտակ տան ղեկավարը սպառնում էր սառեցնել Ուկրաինայի ռազմական օգնությունը, որի ծավալը կազմում է մոտ 250 միլիոն ամերիկյան դոլար:

Նույն աղբյուրի համաձայն՝ Զելենսկու հետ հեռախոսազրույցից ընդամենը մեկ շաբաթ առաջ Թրամփը անձամբ է կարգադրել սառեցնել ռազմական օգնությունը Ուկրաինային:

XS
SM
MD
LG