Մատչելիության հղումներ

Թրամփ - Զելենսկի հեռախոսազրույցում շոշափվել են Բայդենի և նրա որդու անունները


Դոնալդ Թրամփ և Ջոզեֆ Բայդեն

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երեկ ի վերջո հաստատեց, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հուլիսին կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի պաշտոնում առաջադրման համար պայքարող Ջոզեֆ Բայդենի և նրա որդու Ուկրաինային ծավալած բիզնես գործունեության հարցը:

«Այդ զրույցի հիմնական նպատակը շնորհավորելն էր: Բացի այդ, զրույցի ընթացքում մեծապես կենտրոնացել էինք կոռուպցիոն խնդիրների և այն հանգամանքի վրա, որ չենք ցանկանում, որպեսզի այնպիսի մարդիկ, ինչպիսին փոխնախագահ Բայդենն է և նրա որդին, կոռուպցիան տարածեն նաև Ուկրաինայում», - հայտարարել է Թրամփը:

Եթե նախկինում Դոնալդ Թրամփին մեղադրում էին Ռուսաստանի հետ կապեր ունենալու համար, ապա վաշինգտոնյան նոր սկանդալի կենտրոնում այժմ Ուկրաինան է. ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցներ, նախագահի ընդդիմախոսները պնդում են, որ Սպիտակ տան ղեկավարը Զելենսկու վարչակազմին ներքաշում է ամերիկյան նախընտրական գործընթացների մեջ:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը հայտարարել է՝ եթե հետաքննությունը պարզի, որ Թրամփն իսկապես ճնշում է գործադրել ուկրաինացի պաշտոնակցի վրա, ապա նրա իմփիչմենթի հարցը կարող է իրականություն դառնալ․ - «Եթե նախագահը արգելափակում է Ուկրաինայի ռազմական օգնությունը միևնույն ժամանակ վախեցնելու միջոցով փորձում է հասնել նրան, որպեսզի օտարերկրյա առաջնորդը ինչ-որ ապօրինի բան անի, «կեղտ» փնտրի նրա ընդդիմախոսի մասին նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, ապա իմփիչմենթը կլինի միակ համարժեք պատասխանը նման չարիքին»:

Զելենսկի-Թրամփ հեռախոսազրույցի շուրջ սկանդալը ծագել է անցած շաբաթ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներում հայտնված հրապարակումներից հետո, որոնց համաձայն Թրամփը Ուկրաինայի նախագահի հետ զրույցի ընթացքում հորդորել էր նրան հետաքննել նախկին փոխնախագահ և 2020-ի ընտրություններում իր հնարավոր մրցակից Ջո Բայդենի որդու՝ Հանթերի գործունեությունը ուկրաինական էներգետիկ ընկերություններից մեկի՝ «Բուրիսմայի» տնօրենների խորհրդում: Հակառակ պարագայում, ըստ լրատվամիջոցների, Թրամփը սպառնացել էր Ուկրաինային զրկել ամերիկյան ռազմական օգնությունից, որի ընդհանուր ծավալը 250 միլիոն դոլար է կազմում:

Ֆինանսական օգնությունը, որը Թրամփը ի վերջո ապասառեցրեց, նախատեսված է ուղղել ուկրաինական բանակին, որը երկրի արևելյան շրջանում պայքարում է Ռուսաստանի աջակցությամբ գործող զինյալ անջատականների դեմ:

Պաշտոնական Կիևը հանգստյան օրերին շտապեց հերքել՝ Թրամփը ճնշում չի գործադրել նախագահ Զելենսկու նկատմամբ:

«Ես տեղյակ եմ, թե ինչի մասին էր հեռախոսազրույցը և կարծում եմ, որ այնտեղ ճնշում չկար», - ուկրաինական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն` ընդգծելով, որ Ուկրաինաին չի խառնվում արտասահմանյան ընտրություններին՝ եթե նույնիսկ տեսականորեն ունենա նման հնարավարություն:

Ուկրաինական գազային ընկերությունը, որի տնօրենների խորհրդին մաս էր կազմում նաև Բայդենի որդին, 2014 թվականին հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում: Այդ ժամանակ Ջո Բայդենը, լինելով ԱՄՆ-ի փոխնախագահ, ըստ որոշ պնդումների, դաշնակից Կիևից պահանջել էր պաշտոնանկ անել Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում հապաղելու համար:
Բայդենը հաստատել է, որ ինքը ցանկացել է, որպեսզի դատախազը պաշտոնանկ արվի, սակայն հերքել է ենթադրությունները, թե դա արել է որդու պատճառով: Նախկին փոխնախագահի խոսքերով, Ուկրաինայի հարցը երբեք Հանթերի հետ չի քննարկել:

Մինչդեռ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին պնդում է, որ Շոկինի հրաժարականով Բայդենը փորձում էր կանխել էներգետիկ ընկերության դեմ հետաքննությունը, որն այդպես էլ խախտում չի հայտնաբերել:

Ուկրաինական լրտավամիջոցներւ տեղեկացնում են, որ պաշտոնանկության ժամանակ Շոկինը հետաքննությանը չէր մասնակցում:

XS
SM
MD
LG