Մատչելիության հղումներ

Կոնգրեսում մեկնարկեցին Թրամփի իմփիչմենթի հարցով հրապարակային քննարկումները


ԱՄՆ - Դիվանագետներ Ջորջ Քենթը և Ուիլյամ Թեյլորը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, Վաշինգտոն, 13-ը նոյեմբերի, 2019թ․
ԱՄՆ - Դիվանագետներ Ջորջ Քենթը և Ուիլյամ Թեյլորը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, Վաշինգտոն, 13-ը նոյեմբերի, 2019թ․

Չորեքշաբթի երեկոյան Ներկայացուցիչների տանը մեկնարկեց Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնանկության հարցով առաջին հրապարակային քննարկումը: Կոնգրեսի հարցերին պատասխանում էին երկու բարձրաստիճան դիվանագետներ՝ Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնակատար Ուիլյամ Թեյլորն ու պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը:

Երկուսն էլ շաբաթներ առաջ, փակ դռների հետևում պատասխանելով կոնգրեսականների հարցերին, ցուցմունք էին տվել Դոնալդ Թրամփի դեմ: Դիվանագետները մասնավորապես պնդել էին, թե Սպիտակ տան ղեկավարը փորձել է Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնությունը, ինչպես նաև նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հնարավոր հանդիպումն օգտագործել իր քաղաքական շահերի, այդ թվում՝ առաջիկա նախագահական ընտրություններում դեմոկրատական ճամբարի հավանական թեկնածու Ջո Բայդենին վարկաբեկելու համար:

Բաց լսումների ժամանակ էլ դեսպանի պաշտոնակատարը նշել է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն ավելի շահագրգռված է եղել իր քաղաքական հակառակորդների դեմ հետաքննությամբ, քան թե Ուկրաինայի հետ հարաբերություններով:

Իրենց հերթին, հանրապետականները լսումների ժամանակ մեջբերում էին Ուկրաինայի նախագահի հարցազրույցը, որում Զելենսկին հայտարարում է, թե կապ չի տեսել Միացյալ Նահանգների ռազմական օգնության և Սպիտակ տան քաղաքական պահանջների միջև։

XS
SM
MD
LG