Մատչելիության հղումներ

Ջո Բայդենը դեմոկրատական ներկուսակցական ընտրարշավի առաջատարն է


2020 թվականի նախագահական ընտրարշավ մուտք գործած Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենը առաջիկա դեմոկրատական ներկուսակցական ընտրությունների` փրայմերիների միանձնյա առաջատարն է:

Դա են վկայում ամերիկյան Morning Consult ընկերության կողմից երկուշաբթի օրը հրապարակված տվյալները, որոնք ստացվել են ապրիլի 22-ից 28-ը երկրի ավելի քան 15 հազար քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքում:

Այս հետազոտության համաձայն, Բայդենի վարկանիշը ընդամենը մեկ շաբաթում աճել է շուրջ վեց տոկոսով:

Սոցիոլոգների պնդմամբ, այս պահին Բայդենի օգտին պատրաստ է քվեարկել դեմոկրատ ընտրողների 36 տոկոսը: Դեմոկրատական առաջիկա փրայմերիների մեկ այլ առաջատար` Վերմոնտից ընտրված սենատոր Բերնի Սանդերսը, Բայդենին զիջում է 14 կետով. նրա վարկանիշը չի գերազանցում 22 տոկոսը:

Բայդենի վարկանիշը բարձր է հատկապես կանանց, աֆրոամերիկացիների և ավագ սերնդի ներկայացուցիչների շրջանում:

Վարկանիշի նման կտրուկ աճի ֆոնին Ջո Բայդենը նախօերին մասնակցեց առաջին պաշտոնական նախընտրական հանրահավաքին, որը կազմակերպվել էր Փենսիլվանիայի խոշորագույն քաղաքում` Փիթսբուրգում: Այստեղ Բայդենը խոսում էր նախևառաջ սոցիալական արդարության վերականգնման անհրաժեշտության մասին:

«Ֆոնդային շուկան եռում է, բայց դուք դա չեք զգում: Նախորդ տարի շուրջ երեք տրիլիոն դոլարի հարկային կրճատումներ են եղել: Դուք դա զգացե՞լ եք: Դուք դրանից որևէ օգուտ քաղե՞լ ե՞ք: Իհարկե ոչ: Այդ ամենից օգուտ են քաղում բացառապես ընկերությունների ղեկավարները և բաժնետերերը, մարդիկ, որոնք ամենավերևում են: Միակ մարդիկ, որոնք տուժում են, երբ ընկերությունները ծանր վիճակում են հայտնվում, բանվորներն են», - հայտարարել է Բայդենը:

Նախագահ Դոնալդ Թրամփի պատասխանն իհարկե չուշացավ: Փիթսբուրգի հանրահավաքից մի քանի ժամ անց Սպիտակ տան ղեկավարը սովորության համաձայն Twitter-ում կատարված գրառումների միջոցով փորձեց հակադարձել Բայդենին` չխորշելով անգամ ծաղրանքից ու վիրավորական արտահայտություններից:

«Քնկոտ Ջո Բայդենն իր առաջին հանրահավաքը կազմակերպեց Փենսիլվանիա մեծ նահանգնում: Նա ակնհայտորեն տեղյակ չէ, որ Փենսիլվանիայի տնտեսության ողջ պատմության ընթացքում սա ամենահաջողված տարիներից մեկն է: Գործազրկությանը մակարդակը երբևիցե այսքան ցածր չի եղել, իսկ մետալուրգիական արդյունաբերությունը, որը [նախկինում] պարզապես մեռած էր, այժմ կրկին ծաղկում է և փայլուն ապագա ունի», - գրել է Թրամփը:

Ջո Բայդենի առաջին հանրահավաքին ԱՄՆ նախագահը հաշված ժամերի ընթացքում ընդհանուր առմամբ չորս թվիթերյան գրառում նվիրեց:

CNN-ի տեղեկություններով սակայն, Թրամփի խորհրդականները կոչ են արել նրան զերծ մնալ դեմոկրատ թեկնածուներից որևէ մեկի դեմ անձնավորված հարձակումներից, քանի որ դրանք նպաստում են դեմոկրատական ընտրազանգվածի շրջանում այդ թեկնածուների վարկանիշի աճին: Խոսքը նախևառաջ Բայդենի մասին է, քանի որ, ըստ CNN-ի աղբյուրների, նախագահական ընտրությունների ընթացքում հենց նա կարող է դառնալ Թրամփի ամենալուրջ մրցակիցը:

CNN-ի տեղեկություններով սակայն, Սպիտակ տան ղեկավարն առայժմ հակված չէ հետևել իր խորհրդականների հորդորներին:

Ինչ վերաբերում է Ջո Բայդենին, ապա նրա առաջին իսկ հանրահավաքից պարզ դարձավ, որ նախկին փոխնախագահի քարոզարշավի գլխավոր թիրախը հենց Դոնալդ Թրամփն է լինելու:

«Բոլորն էլ շատ լավ գիտեն, թե իրենից ինչ է ներկայացնում Դոնալդ Թրամփը: Մենք պետք է նրանց ցույց տանք, թե ով ենք մենք: Մենք՝ դեմոկրատներս ու անկախ հայացքներ ունեցող ամերիկացիներս, որ նույն մոտեցումներն ունենք, պետք է ընտրենք հույսը, այլ ոչ թե վախը, միասնությունը, այլ ոչ թե պառակտումը և թերևս ամենակարևորը` պետք է ընտրենք ճշմարտությունը, այլ ոչ թե սուտը», - հայտարարել է Ջո Բայդենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG