Մատչելիության հղումներ

Կոնգրեսը հետաքննություն կիրականացնի, պարզելու` արդյոք Թրամփի իմպիչմենտի հիմքեր առկա են


ԱՄՆ - Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարությամբ է հանդես գալիս, Վաշինգտոն, 24-ը սեպտեմբերի, 2019թ․
ԱՄՆ - Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարությամբ է հանդես գալիս, Վաշինգտոն, 24-ը սեպտեմբերի, 2019թ․

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ազդարարում է նախագահ Դոնալդ Թրամփի դեմ պաշտոնական հետաքննության մեկնարկը, որի հետևանքով իմպիչմենտի գործընթաց կարող է նախաձեռնվել: Այդ մասին անցած գիշեր Վաշինգտոնում հայտարարել է Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին:

Փելոսիի խոսքով՝ հետաքննությունը կապված է հուլիսին նախագահ Թրամփի և նրա ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու միջև կայացած հեռախոսազրույցի հետ:

Ամերիկյան հատուկ ծառայությունների անանուն աղբյուրը տեղեկացրել է, որ Թրամփը զրույցի ընթացքում ճնշում է գործադրել Զելենսկու նկատմամբ` հորդորելով նրան հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2020 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու համար պայքարող Ջոզեֆ Բայդենի և նրա որդու դեմ` Ուկրաինայի տարածքում ծավալած բիզնես գործունեության համար: Հակառակ դեպքում Սպիտակ տան ղեկավարը սպառնում էր սառեցնել Ուկրաինայի ռազմական օգնությունը, որի ծավալը կազմում է մոտ 250 միլիոն ամերիկյան դոլար:

Նույն աղբյուրի համաձայն՝ Զելենսկու հետ հեռախոսազրույցից ընդամենը մեկ շաբաթ առաջ Թրամփը անձամբ է կարգադրել սառեցնել ռազմական օգնությունը Ուկրաինային:

Սպիտակ տան ղեկավարը խոստովանել է՝ սառեցրել էր օգնությունը Կիևին, սակայն իր այդ որոշմանը պատճառն այլ էր՝ մյուս երկրները, հատկապես եվրոպական՝ Գերմանիան և Ֆրանսիան, օգնում են Ուկրաինային, սակայն ոչ բավարար չափով, ասել է Թրամփը:

Փելոսիի փոխանցմամբ՝ Թրամփի գործողությունները հետաքննելու են Կոնգրեսի միանգամից վեց հանձնաժողովներ: «Նախագահը պետք է պատասխան տա իր արարքների համար, ոչ ոք չի կարող իրեն օրենքից վեր դասել», - ընդգծել է Ներկայացուցիչների պալատի խոսնակը: «Այս շաբաթ նախագահը խոստովանեց, որ Ուկրաինայի նախագահին խնդրել է ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնցից ինքը կշահեր որպես քաղաքական գործիչ: Այդպիսով Թրամփը խախտել է իր երդումը, դավաճանել մեր ազգային անվտանգությանը, դավաճանել մեր ընտրական ինստիտուտներին», - նաև հայտարարել է Նենսի Փելոսին:

Ընդդիմադիր ճամբարից հնչող այդ կոշտ մեղադրանքների պահին ԱՄՆ նախագահը գտնվում էր Նյու Յորքում, որտեղ բանակցություններ էր վարում օտարերկրյա գործընկերների հետ, սակայն մտքով Վաշինգտոնում էր, որտեղ իր դեմ ծավալվող գործընթացներին նախ Թվիթերում մեկը մյուսին հաջորդող գրառումներով, ապա՝ լրագրողների հետ զրույցում պատասխանեց: «Վհուկների որս», - հայտարարել է Թրամփը՝ կտրականապես հերքելով պնդումները, թե ուկրաինացի պաշտոնակցի նկատմամբ ճնշում է գործադրել․ - «Այդ ամենը պարզապես վհուկների որսի շարունակությունն է: Սա քաղաքական պատմության մեջ ամենալուրջ թունավորումն է: Մենք ունենք աշխարհում ամենաուժեղ երկիրը, բոլոր տարիների ամենալավ տնտեսական ցուցանիշները, իսկ նա խոսում է իմպիչմենտից, և ի դեպ՝ նա նույնիսկ չի տեսել զրույցի սղագրությունը: Խոսակցությունն իդեալական էր, իսկ թե ինչը իդեալական չէր՝ դա Ջո Բայդենի՝ որդուն վերաբերող զանգերն են: Նա միլիոնավոր դոլարներ է ստանում Ուկրաինայից և Չինաստանից, այդ ամենի մասին դուք չեք խոսում, դա խայտառակություն է»:

Ջո Բայդենը, լինելով փոխնախագահ Բարաք Օբամայի վարչակազմում, պատասխանատու էր Ուկրաինայի հետ հարաբերությունների համար: Թրամփի համոզմամբ՝ հոր պաշտոնի շնորհիվ Հանթեր Բայդենը բարձր պաշտոն է ստացել ուկրաինական «Բուրիսմա» գազային ընկերությունում, իսկ երբ Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը հակակոռուպցիոն հետաքննություն է սկսել «Բուրիսմա»-ի նկատմամբ, Ջո Բայդենը հասել է նրա պաշտոնանկությանը:

Ամերիկյան ներքաղաքական սկանդալի կենտրոնում հայտնված Ուկրաինայի իշխանությունները հերքում են Թրամփի կողմից ճնշում գործադրելու մասին պնդումները։ Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում Զելենսկին, մասնավորապես, ասել է. ֊ «Ինձ ոչ ոք չի կարող ճնշել, քանի որ ես անկախ Ուկրաինայի նախագահն եմ, ինձ կարող է ճնշել միայն իմ որդին, որը վեց տարեկան է»:

Սպիտակ տունը հրապարակեց Թրամփ - Զելենսկի հուլիսյան հեռախոսազրույցի սղագրությունը, ըստ որի Միացյալ Նահանգների նախագահը ուկրաինացի պաշտոնակցին խնդրել է հետաքննել՝ արդյոք նախկին փոխնախագահ Բայդենը արգելափակել է գազային ընկերության նկատմամբ գործը:

«Բայդենի որդու մասին շատ խոսակցություններ են շրջանառվում։ Ասում են, որ Բայդենը կասեցրել է մեղադրանքը և շատերը ցանկանում են իմանալ այդ մասին, այդ պատճառով, ինչ-որ բան, որ կարող եք անել Գլխավոր դատախազի հետ, հրաշալի կլիներ», - ըստ հրապարակված սղագրության՝ Զելենսկու հետ զրույցում ասել է Թրամփը, ով ինքն է կարգադրել հրապարակել այդ հեռախոսազրույցի սղագրությունը։

ԱՄՆ նախագահի իմպիչմենտը հայտարարում է Ներկայացուցիչների պալատը, որի մեծամասնությունն այսօր դեմոկրատներինն է: Սակայն վերջին խոսքը Սենատինն է, որը վերահսկում են հանրապետականները:

Միացյալ Նահանգների Սահմանադրությունը Կոնգրեսին իրավունք է տալիս պաշտոնանկ անել երկրի նախագահին, եթե օրենսդիրները որոշեն, որ պետության ղեկավարը «դավաճանություն է գործել, ներքաշված է կոռուպցիայի մեջ կամ այլ լուրջ հանցագործություններում կամ իրավախախտումներում»:

ԱՄՆ-ի պատմության ընթացքում իմպիչմենտի գործընթացի մեկնարկի մասին ազդարարվել է երեք անգամ. 1968 թվականին Կոնգրեսը փորձել է պաշտոնանկ անել նախագահ Էնդրյու Ջոնսոնին, 1998 թվականին իմպիչմենտ է հայտարարվել Բիլ Քլինթոնին, երկու դեպքում էլ Սենատն արգելափակել է այդ նախաձեռնությունները, և նախագահները շարունակել են պաշտոնավարումը: 1974 թվականին Ռիչարդ Նիքսոնն իմպիչմենտի սպառնալիքների պատճառով ինքնակամ է հրաժարվել նախագահական աթոռից՝ չսպասելով Կոնգրեսի որոշմանը:

XS
SM
MD
LG