Մատչելիության հղումներ

Թրամփը չի մասնակցի իմփիչմենթի հարցով լսումներին


ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփը ծառայողական օդանավում, արխիվ:

Սպիտակ տունը հաղորդել է, որ ոչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամթը և ոչ էլ նրա փաստաբանները մտադիր չեն մասնակցել Կոնգրեսի Ներկայացուցիչների տան նախաձեռնությամբ ընթացող իմփիչմենթի լսումներին:

Սպիտակ տան խորհրդական Փաթ Չիպոլոնեն Ներկայացուցիչների տան իրավական հանձնաժողովի անդամներին դեկտեմբերի 1-ին ուղարկել է նամակ, որում հանձնաժողովականներիի աշխատանքը քննադատել է «սահմանված ընթացակարգը խախտեու և հիմնարար արդարության բացարձակ պակասի» համար:

Հանձնաժողովը պետք է դեկտեմբերի 4-ին կազմակերպի հանրային քննարկումներ:

Իմփիչմենթի հարցով զբաղվում են Ներկայացուցիչների տան երեք հանձնաժողովներ, որոնք պետք է որոշեն, թե արդյոք կան հիմնարար և արժանահավատ պատճառներ իմփիչմենթի առաջարկը Ներկայացուցիչների տան լիագումար նիստում քննարկելու և քվեարկելու համար:

Իմփիչմենթի նախաձեռնության առիթ է հանդիսանում այս տարվա ամռանը նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցն իր ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ:

Ըստ դեմոկրատների, նախագահն այդ զրույցում փորձել է Զելենսկուց կորզել 2020 թվականի նախագահական ընտրություներում հավանական մրցակից, դեմոկրատական նախկին փոխնախագահ Ջո Բայդենին վարկաբեկող նյութեր:

Թրամփն Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնության տրամադրումը կապել է Ուկրաինայում Ջո Բայդենի որդուն՝ Հանթեր Բայդենին վերագրվող հանցանքների հետաքննության հետ:

Հանթեր Բայդենը ժամանակին «Բուրիսմա» ուկրաինական էներգետիկ ընկերության տնօրենների խորհրդի անդամ էր: Դեմոկրատների պնդմամբ, նախագահն իր անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիին է հանձնարարել Բայդեններին վարկաբեկող տեղեկությունների հայթայթումը:

Դոնալդ Թրամփը հերքում է մեղադրանքը՝ պնդելով, որ հեռախոսազրույցում որևէ կերպ ճնշում չի գործադրել Զելենսկու վրա:

Թրամփն այս իմփիչմենթի նախաձեռնությունն անվանել է «աննախադեպ վհուկաորս Ամերիկայի Միացյալ Նահանգների ամբողջ պատմության ընթացքում»:

Սպիտակ տան խորհրդական Չիպոլոնեն Ներկայացուցիչների տան իրավական հանձնաժողովին հղած նամակում գրել է, թե նախագահին և նրա փաստաբաններին անհրաժեշտ ժամանակ չի տրամադրվել լսումներին պատշաճ կերպով նախապատրաստվելու համար, բացի այդ, Սպիտակ տանը չեն հայտնել, թե ովքեր կլինեն վկաները:

Հաշվի առնելով այդ հանգամանքները՝ նախագահը և նրա փաստաբանները մերժում են լսումներին ներկա լինելու հրավերը:

Սպիտակ տունը պատրաստվում է նաև մեկ ուրիշ նամակով դեկտեմբերի 6-ին պատասխանել հաջորդ լսումներին մասնակցելու հրավերին: Այդ լսումների ժամկետը դեռ որոշված չէ:

Ներկայացուցիչների տան իրավական հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերը Թրամփին անցած շաբաթ ուղարկած նամակում գրել է, որ նախագահը կարող է ինքը մասնակցել լսումներին կամ ցանկության դեպքում գործուղել իր փաստաբաններին:

«Նախագահը պետք է կա՛մ մասնակցի լսումներին, կա՛մ վերջ տա դրա վերաբերյալ գանգատվելուց», - ասել է Նադլերը:

Եթե Ներկայացուցիչների տան երեք հանձնաժողովները որոշեն հարցը ներառել լիագումար նիստի օրակարգում, և եթե Ներկայացուցիչների տունը մեղավոր ճանաչի Թրամփին, ապա նա կհամարվի իմփիչմենթի ենթարկված նախագահ:

Սակայն նրան պաշտոնից ազատելու հարցի լուծումը վերապահվում է միայն Սենատին, որտեղ հանրապետականները մեծամասնություն ունեն:

Դրանից ելնելով վերլուծաբանները գործնականում անհնարին են համարում Ամերիկայի Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Ջոն Թրամփի պաշտոնանկության հավանականությունը:

XS
SM
MD
LG