Մատչելիության հղումներ

Վարչապետը խնդրում է բացել Ամուլսարի հանք տանող ճանապարհը


«Առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում», - առավոտյան ֆեյսբուքյան միացմամբ հայտարարեց վարչապետ Փաշինյանը և խնդրեց ջերմուկցիներին բացել հանք տանող ճանապարհը:

«Խնդրում եմ ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները և դրա համար բերում եմ վերջին փաստարկը: Որովհետև դուք այդ ճանապարհները փակելու անհրաժեշտություն չունեք, որովհետև դուք ունեք կառավարություն, որը, եթե տեսնի, որ էդ ճանապարհները փակելու լեգիտիմ անհրաժեշտություն կա, ինքը իր լծակներով, օրենքով իրեն վերապահված լիազորություններով կգնա ճանապարհն էլ կփակի, մնացած ամեն ինչն էլ կփակի», - հայտարարեց վարչապետը:

Փաշինյանը շեշտեց, որ հաշվի են առնվում հանրային անհանգստությունները, բայց նաև՝ տնտեսագետների անհանգստությունները․ - «Մենք չենք կարող հաշվի չնստել նաև տնտեսական հանրության մտահոգությունների հետ, թե՝ եթե մենք այս հարցի վերաբերյալ ճիշտ մոտեցում չցուցաբերենք, ինչ հետևանքներ դա կարող է ունենալ Հայաստանի գլոբալ տնտեսության համար»:

Վերջին օրերին վարչապետը Փաշինյանը հանդիպումներ է անցկացրել «Լիդիան»-ի ներկայացուցիչների հետ, ստացել հավաստիացումներ, թե հանքի շահագործումը անվտանգ է 100 տոկոսով, ոչ մի լիտր ջուր չի աղտոտվի ոչ գետնի վրա, ոչ էլ գետնի տակ, ոչ մի գրամ փոշի, արոտավայրերը նույնիսկ կմնան մաքուր:

«Եվ ես ասում եմ՝ բայց մենք հասկանում ենք, չէ՞, որ եթե դրանից շեղումներ լինեն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բխում են որոշակի գործողություններ, որ այդ շեղումների պարագայում 90 օր ժամանակ ա տրվում շեղումը վերացնելու համար: Եթե չի վերացվում, հանքը փակվում ա, և որևէ մեկը որևէ վերապահում չի կարող ներկայացնել: Սա արձանագրում ենք և պատկերացնում ենք»:

Կառավարությունում հրավիրված հանդիպմանը մասնակցում էր նաև «Լիդիանի ինթերնեյշնլ»-ի նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսը: Նա ասել էր․ - «Ընկերությունը կապահովի, որպեսզի շրջակա համայնքները չկրեն բացասական հետևանքներ, մասնավորապես, Ձեր նշած աղտոտման որևէ ձևով՝ փոշու, ջրի, հողի»:

Վարչապետը շեշտեց, որ եթե այսքանից հետո մենք ասում են ռիսկեր ենք տեսնում և արգելում հանքի շահագործումը, հարցեր կառաջանան միջազգային ասպարեզում՝ այդ դեպքում ինչպե՞ս են թույլատրվում Զանգեզուրի, Թեղուտի հանքերը․ - «Մենք կարող ենք ունենալ միջազգայնորեն շատ լուրջ խնդիր, երբ որ հանկարծ պարզվի, կամ մեր գործած սխալների արդյունքում ստացվի, որ մենք ցուցաբերում ենք խտրական մոտեցումներ»:

Եվս մի ռիսկ, ըստ Փաշինյանի, «Մուդիս»-ը վերջերս բարձրացրել է Հայաստանի վարկանիշը, ինչը նշանակում է Հայաստան մտնող էժան փող ու վարկ: Ահա այդ վարկանիշը կարող է երերալ․ - «Ունենք որոշակի ազդակներ, որոնք վկայում են, որ եթե մենք այս իրավիճակը ճշգրիտ չկառավարենք, այս իրավիճակին ճշգրիտ պետական մոտեցում չցուցաբերենք, ապա դա կարող է հանգեցնել Հայաստանի վարկանիշի վատթարացման»:

Վարչապետը հանքի ճանապարհը բացելու խնդրանքը ջերմուկցիներին ուղղեց մի քանի անգամ․ - «Եթե այսօր ճանապարհները բացվեն Ամուլսարի հանքի, այնտեղ շինարարությունը չի սկսվելու առնվազն մինչև 202 թվականի ապրիլ ամիսը»:

Ինչ վերաբերում է շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատման (ՇՄԱԳ) հարցին։ Ըստ Փաշինյանի, հայաստանյան օրենսդրությամբ նոր ՇՄԱԳ-ի համար անհրաժեշտ են տեղում ստուգումներ, և եթե դրանց արդյունքնում պարզվի, որ թերությունները առանց նոր նախագծի չեն կարող շտկվել, նոր մտածել այդ մասին: Վարչապետն ասաց, որ ստուգումների հանձնարարական բնապահպանական տեսչությունն արդեն ստացել է, իսկ Քննչական կոմիտեում Ամուլսարի գործով նախաքննությունը շարունակվելու է, բայց քննչական խումբը Յուրա Իվանյանը չի ղեկավարի: Հիշեցնեմ, պարզվել էր, որ նրա և ՇՄԱԳ-ը հաստատած Բնապահպանության նախկին նախարարի միջև ազգակցական կապ կա:

«Այո, մենք այս պատմության մեջ խնդիր և պրոբլեմ տեսնում ենք», - հայտարարեց վարչապետը:

Փաշինյանն անհրաժեշտ համարեց շեշտել, որ Յուրա Իվանյանն այդ ազգակցական կապի մասին իր վերադասին զեկուցել է, նա էլ Քրեական դատավարության օրենսգիրքը նայել ու խնդիր չի տեսել: Օրեր առաջ վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվեց հենց Իվանյանի վերադասը՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը:

Ո՛չ նոր ստուգումներին, ո՛չ էլ նախաքննությանը չեն հավատում հանք տանող ճանապարհը փակած ջերմուկցիները: Նրանցից Ռիմա Սարգսյանն ասաց, որ վարչապետին լսել են, հանք տանող ճանապարհը բացել չեն պատրաստվում․ - «Եթե բանը հասնի նրան, որ ուժ կիրառվի ճանապարհները բացելու համար, ամբողջ բնակչությունը մեկ մարդու պես գնալու է և կանգնելու է դիրքերում»:

Ռիմա Սարգսյանը նաև զարմանում է, թե ինչու «Էլարդ»-ին 400 հազար դոլար վճարեցին, եթե նրանց եզրակացությունը ոչինչ չի նշանակելու․ - «Եզրակացության մեջ հստակ ասում են՝ ելակետային տվյալները բավարար չեն, որպեսզի եզրակացնենք, որ հանքը անվնաս է լինելու: Եթե մենք այսքան գումար ծախսել ենք և էլի ասում են, որ հանքը վնասներ չի կրելու, էստեղ իմ մոտ շատ հարցեր են առաջանում»:

Նա հավելեց, որ իրենց որոշումը փոխելու որևէ հիմք չունեն, «Լիդիան»-ի հանդեպ վստահություն չունեն․ - «Ճանապարհների փակումը ինքնանպատակ չի եղել: Դա եղել է պատասխան երեք հերթական անգամ ջրագծերը վնասելուն, որը իրականացվել է շինարարական աշխատանքների ընթացքում: Պայթեցումների արդյունքում փոշին հասել էր մինչև Ջերմուկ քաղաք»:

Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհը փակ է մեկ տարւոց ավելի, բնակիչները հսկում են երեք տարբեր անցակետերով:

«Լիդիան»-ի ղեկավարը կառավարություն քննարկման ժամանակ ասել էր, որ եթե կարողանան տարածք մտնել, 2021 թվականին կստանան ոսկու առաջին ձուլակտորը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG