Մատչելիության հղումներ

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատ․ Ամուլսարի խնդիրը բացասական ազդակներ է ուղարկում ներդրողներին


Ամուլսարի հանքը, արխիվ

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ) դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Պալատի անդամ «Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի ծրագրի շուրջ ծավալվող իրադարձությունների կապակցությամբ, և ակնկալում է «ներդրումների հանդեպ արդար մոտեցում և օրենքի կիրարկում»:

ՀԱԱՊ-ը նշում է, որ «կարևորում է հանքարդյունաբերության ոլորտում պրոֆեսիոնալ և անկողմնակալ աուդիտների իրականացումը, սակայն միևնույն ժամանակ տարակուսում, որ «Լիդիան Արմենիա»-ի կողմից իրականացվող ծրագիրը մինչ այժմ հանքարդյունաբերության ոլորտում միակ ծրագիրն է, որին պարտադրվել է 3 հաջորդական աուդիտ, իսկ դեպի Ծրագրի տարածք տանող ճանապարհները շարունակում են անօրեն շրջափակված մնալ ավելի քան մեկ տարի»: «Եվ սա այն պարագայում, երբ «Լիդիան Արմենիա»-ի Ամուլսարի ծրագիրը համապատասխանում է բնապահպանական և սոցիալական կառավարման ոլորտում ՄՖԿ-ի և ՎԶԵԲ-ի միջազգային ամենաբարձր չափանիշներին», - նշված է Նիկոլ Փաշինյանին հասցեագրված դիմումում, որ հրապարակված է Պալատի ֆեյսբուքյան էջում: - «Ցավում ենք, որ նույնիսկ 3-րդ աուդիտի իրականացումից հետո, և այն պարագայում, որ Դուք հաստատեցիք «Լիդիան Արմենիա»-ի կողմից բնապահպանական բարձր ստանդարտներին համապատասխանելու փաստը, վերջինիս մուտքը դեպի Ծրագրի տարածք դեռևս չի վերականգնվել և ավելին, քննարկվում է ևս մեկ՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման հնարավոր անհրաժեշտությունը»:

«ՀԱԱՊ-ը ոչ միայն մտահոգված է Հայաստանում խոշորագույն ներդրող հանդիսացող իր անդամ ընկերության նկատմամբ անարդար վերաբերմունքի փաստով, այլ, որպես բիզնեսի առաջատար կազմակերպություն, նաև անհանգստացած է Ամուլսարի շուրջ արդեն իսկ մեկ տարի ծավալվող այս խնդրի բացասական ազդեցության հանգամանքով: Այն միանշանակ բացասական ազդակներ է ուղարկում պոտենցիալ ներդրողներին և Հայաստանը դարձնում ներդրումների համար ոչ գրավիչ երկիր», - գրում է Պալատը՝ համոզմունք հայտնելով, որ «Լիդիան Արմենիա»-ի Ամուլսարի ծրագրի շուրջ հետագա ձգձգումները խորացնելու են խնդիրը:

ՀԱԱՊ-ը բիզնես ասոցիացիա է, որը Հայաստանում հիմնադրվել է 2000 թվականին և այժմ ներկայացնում է երկրի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում գործող ավելի քան 140 տեղական և օտարերկրյա ծագումով փոքր, միջին և խոշոր ընկերությունների շահերը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ կառավարությունում անցկացված տեսակոնֆերանսի ժամանակ «Էլարդ»-ի միջազգային թիմը հայտարարեց, որ չի կարող պատասխանել հարցին՝ անվտա՞նգ է արդյոք Ամուլսարի հանքի շահագործումը, քանի որ «Լիդիան»-ի ուսումնասիրություններն ու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը (ՇՄԱԳ) թերի են, ոչ ամբողջական ու անվստահելի: Որոշում ընդունվեց սպասել Շրջակա միջավայրի նախարարության արձագանքին, թե արդյո՞ք նոր գնահատման կարիք կա։ Պատասխանը ակնկալվում է մինչև սեպտեմբերի 4-ը:

XS
SM
MD
LG