Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Երկնիշ տնտեսական աճն այլևս ֆանտաստիկայի ոլորտից չէ


Տնտեսական հեղափոխությունը և մինչև 2050 թվականը Հայաստանի տնտեսությունը տասնհինգ անգամ մեծացնելը նպատակ հռչակած վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, թե երկնիշ տնտեսական աճն այլևս ֆանտաստիկայի ոլորտից չէ:

«Ընդհանրապես այս տարվա վերլուծությունն ի՞նչ է մեզ ցույց տալիս, անձամբ իմ եզրակացությունը ո՞րն է. իսկապես երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ոլորտից չէ: Այսօր ամենամեծ պրոբլեմն այն է, որ մենք կապիտալ ներդրումների ծավալների տեմպի ժամանակացույցի հետ կապված խնդիր ունենք, և եթե այդ խնդիրն արդյունավետ կերպով լուծված լիներ, իհարկե, այսօրվա մեր տնտեսական ցուցանիշները շատ ավելին կլինեին», - նշեց Փաշինյանը:

Վարչապետը հորդորեց կառավարության անդամներին՝ այժմ ամենակարևոր աշխատանքը 2020 թվականի կապիտալ ծախսերի պլանավորումն է, մրցույթների պատշաճ անցկացումը և հունվարի 1-ի դրությամբ բոլոր կապիտալ ծախսերի մասով պայմանագրերի ստորագրումը․ - «Մենք ունենք լավ ցուցանիշներ հուլիսին: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 8,1 տոկոս, որը շատ լավ ցուցանիշ է: Բացի դա, արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ՝ 16,1 տոկոս, շինարարության աճ՝ 4,1 տոկոս, առևտրի շրջանառության աճ 9,1 տոկոս, ծառայությունների աճ՝ 14,9 տոկոս, միջին անվանական աշխատավարձի աճ՝ 8 տոկոս, արտահանման աճ՝ հուլիսին 19,5 տոկոս»:

Վիճակագրական կոմիտեի համաձայն, երկնիշ տնտեսական աճ նախորդ անգամ Հայաստանն ունեցել է հեռավոր 2007-ին: 2008-2018 թվականներին Հայաստանի տարեկան տնտեսական միջին աճը կազմել է 2,7 տոկոս: Նախորդ՝ հեղափոխության տարին Հայաստանը ամփոփեց 5,2 տոկոս տնտեսական աճով:

Կառավարության նիստից հետո Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե որքանով է իրատեսական երկնիշ տնտեսական աճը:

«Մենք վերջին երեք տարիների ընթացքում արդեն չենք զարմանում, երբ որ տեսնում ենք 6, 7, 8 տոկոս տնտեսական ակտիվություն տարվա տարբեր ժամանակահատվածներում, և այդ երեք տարվա միջինը երկու անգամ ավելի բարձր է, քան եղել է 2014, 15 և 16 թվականների համար: Բայց պետք է հիշենք, որ ամեն ինչ կախված է տնտեսության մեջ հիմնական միջոցներում տարբեր տեխնոլոգիաների և տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումների ծավալի աճից»:

Գործադիրի այսօրվա նիստում տնտեսական աճի շուրջ քննարկումները ծավալվեցին վարչապետի այն հայտարարությունից հետո, թե Moody's միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «B1»-ից դարձնելով «Ba3»:

«Մենք ունենք միտում, այսինքն՝ այն, որ մենք գտնվում ենք վերելքի վրա, և որ ստացված վարկանիշն արձանագրում է դրական փոփոխությունների և նաև առաջիկա կայունության սպասում, չի կարող իր կարևոր ազդեցությունը չթողնել նոր ներդրողների որոշումների վրա», - գործադիրի նիստում հույս հայտնեց Էկոնոմիկայի նախարարը:

Խաչատրյանը հավելեց, որ 2006-ին Հայաստանի սուվերեն վարկանիշը եղել է «Ba2», այնուհետև իջել է՝ հասնելով «B1»-ի: Այժմ, բարձրանալով «Ba3»՝ այն դեռևս մեկ հորիզոնականով զիջում է 2006-ի մակարդակին:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ընդգծեց, որ 2006 թվականից ի վեր առաջին անգամ է Moody's-ը բարելավում Հայաստանի սուվերեն վարկանիշը․ - «Քանի որ մեր ռեյտինգը 2016 թվականից սկսած վատացել է՝ տրանսֆերտներից կախվածության և Ռուսաստանի տնտեսության շոկերի ազդեցության նկատմամբ խոցելիության պատճառով, «Մուդիզ»-ը, ըստ էության, արձանագրում է առաջին անգամ, որ այդ կախվածությունը և՛ տրանսֆերտներից, և՛ միջազգային շոկերից մեր տնտեսության դիմադրողականությունը բարձրացրել է»:

Ըստ Երիցյանի, Moody's-ի կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացումը նաև նշանակում է, որ միջազգային ֆինանսական շուկայում հետայսու երկիրը կկարողա ավելի ցածր տոկոսադրույքով պարտք վերցնել․ - «Մենք պատրաստվում ենք, բնականաբար, կառավարությունը եվրոպարտատոմսերը վերաթողարկելու որոշում է կայացրել: Ակնհայտորեն սա նշանակում է գնի նվազում միջազգային շուկաներում, որն ամենամեծ ձեռքբերումն է լինելու: Խոսքը գնում է տասնյակ միլիոնավոր դոլարների խնայողության մասին թողարկման ժամանակահատվածի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG