Մատչելիության հղումներ

Ամուլսարի հարցով որևէ որոշում այս պահին չկա, քննարկումները շարունակվում են. վարչապետի խոսնակ


Ամուլսարի հանքավայրը, արխիվ

Երկու օր անընդմեջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հարցով խորհրդակցություններ է անցկացնում, սակայն այդ քննարկումների արդյունքում պարզ չի դառնում՝ հանքը կշահագործվի՞, նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ։

«Լիդիան ինթերնեյշնլ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունների ղեկավարության հետ այսօրվա քննարկման ժամանակ արծարծվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը (ՇՄԱԳ) և ՇՄԱԳ շրջանակում «Լիդիան» ընկերության ստանձնած պարտավորություններին, «ԷԼԱՐԴ» ընկերության կողմից իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկմանը, տեսչական ստուգումներին վերաբերող և այլ հարցեր:

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ որևէ որոշում այս պահին չկա, քննարկումները շարունակվում են։ Հարցին, թե խորհրդակցությանը ի՞նչ դիրքորոշում հայտնեց «Լիդիան Արմենիա»-ն, Կարապետյանն արձագանքեց. «Իրենք շարունակում են մնալ իրենց դիրքորոշմանը, իրենց նախաձեռնությամբ իրականացված Շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի շուրջ ստանձնած պարտավորություններին, և դրա մասին հաղորդեցին կառավարության ղեկավարին»։

«Լիդիան Արմենիա»-ից «Ազատությանը» փոխանցեցին, որ հանդիպումը չեն մեկնաբանում։

Երեկ էլ կառավարությունում քննարկում է եղել Ջերմուկի բնակչության ներկայացուցիչների հետ։ Այս քննարկումը Ամուլսարի հետ կապված իրավիճակի շուրջ կառուցողական էր և միտում ուներ տարբեր կողմերին լսելու ու ճիշտ որոշում կայացնելու, ասում է հանդիպմանը մասնակցած բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը, ով վարչապետին ներկայացրել է թեմային առնչվող իրավական դաշտը։

«Հստակ ասել եմ, որ այս պահին օրենսդրությունը թույլ չի տալիս, որպեսզի ընկերությունը այդտեղ գործունեություն իրականացնի, քանի որ փորձաքննական եզրակացությունը ուժը կորցրած է, իսկ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ առանց փորձաքննական եզրակացության արգելված է որևէ գործունեության իրականացնել։ Հետևաբար ցանկացած որոշում այս պահին առանց նոր Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության կլինի անօրինական», - ասաց Վարդանյանը։

Ըստ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության՝ անդրադարձ է եղել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ընթացակարգերին, ծրագրի մոնիթորինգի հարցին, խնդրի իրավական, տնտեսական, բնապահպանական ասպեկտներին և հանրային մտահոգություններին:

Վարչապետը նշել է, որ Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի լուծումը պետք է հենված լինի Հայաստանի հավասարակշռված շահի վրա, իսկ հետագա քայլերը պետք է իրականացվեն՝ հաշվի առնելով ծրագրի բոլոր բաղադրիչները համալիր ամբողջության մեջ դիտարկելու կարևորությունը։

Նազելի Վարդանյանն ընդգծում է՝ վարչապետի արձագանքները կտրուկ չէին, լսում էր ներկայացվող փաստարկները։

«Մի զգացողություն կա, որ իր շրջապատից անընդհատ ինչ-որ մարդիկ փորձում են շեղել, փորձում են ապատեղեկատվություն տրամադրել ու կեղծ տվյալներ տրամադրել, որովհետև մենք նախկինում տեսանք, թե քննչական մարմինը ինչ դիրքորոշում ուներ, և «ԷԼԱՐԴ»-ի կոնֆերանսից հետո այս ամեն ինչը բացահայտվեց, ու դա ապացույց էր, որ դա միտումնավոր ինչ-որ մի կամպանիա է գնում, որպեսզի սխալ ուղղությամբ էս խնդիրը լուծվի։ Երեկ ես դա զգացի իրավական հարցերով՝ ստացվում է, որ դա ոչ միայն քրեական գործով է, ոչ միայն բնապահպանական հարցերով է, որ որևէ ազդեցություն չկա, որը իրականությանը չի համապատասխանում, այլ նույնիսկ փորձում են օրենքները այլ կերպ մեկնաբանել, այլ կերպ ներկայացնել», - ընդգծեց Վարդանյանը։

Հանդիպմանը ջերմուկցիները շարունակել են պնդել իրենց դիրքորոշումը. «Ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա առնվազն Ջերմուկ քաղաքի բնակչության 95 տոկոսը դեմ է տեղում հանքի շահագործմանը, և մեր մոտեցման մեջ ոչ մի փոփոխություն չի եղել։ Մեր մտահոգությունները շարունակում են մնալ այնպիսին, ինչպիսին կան, հատկապես վերջին իրադարձություններից հետ»։

Օրեր առաջ կառավարությունում «ԷԼԱՐԴ»-ի 8 փորձագետների, «Լիդիան»-ի ներկայացուցիչների, Հայաստանի կառավարության պատասխանատու գերատեսչությունների և խորհրդարանական «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ տեսակոնֆերանս, որն ավարտվեց որոշմամբ՝ սպասել Շրջակա միջավայրի նախարարության արձագանքին, թե արդյո՞ք նոր ՇՄԱԳ-ի կարիք կա։

Թեև որոշման համար վերջնաժամկետը սեպտեմբերի 4-ն էր, սակայն նոր ՇՄԱԳ անցկացնելու վերջնական որոշում դեռ չկա։ Պատճառների մասին Շրջակա միջավայրի նախարարությունը որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել։

Նազելի Վարդանյանը տարակուսած է, թե ինչո՞ւ մինչև այսօր նախարարությունը չի ներկայացրել դիրքորոշումը. «Ես զարմանում եմ՝ ինչու չի ներկայացրել դիրքորոշումը, որովհետև ՇՄԱԳ և փորձաքննության մասին օրենքը շատ հստակ ասում է՝ որ դեպքում արգելված է գործունեությունը, որ դեպքում ուժը կորցրած է։ Փորձաքննության եզրակացությունը տարբեր հասկանալու որևէ հիմք չկա, որովհետև օրենքը շատ հստակ է դա ասում։ Այսօր ոչ թե պետք է ասեն՝ նոր ՇՄԱԳ բերեք, որովհետև դա ընկերության իրավունքն է, այլ պետք է ասեն, որ առանց նոր փորձաքննության գործունեությունն արգելվում է»։

XS
SM
MD
LG