Մատչելիության հղումներ

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարը չէ միայն, որ պետք է պատասխանատվություն կրի․ Նազելի Վարդանյան


Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի երթ Երևանի կենտրոնում, 24-ը օգոստոսի, 2019թ․
Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի երթ Երևանի կենտրոնում, 24-ը օգոստոսի, 2019թ․

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը չէ միայն, որ պետք է պատասխանատվություն կրի, կարծում է բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը:

«Բացի Իվանյանից՝ և կոմիտեի նախագահն է հայտարարություններ արել, կեղծ տեղեկատվություն է տրամադրել։ Այսինքն՝ այն հոդվածով, որ իրենք գործ են քննում, նույն արարքը իրենք են արել, այսինքն՝ բնապահպանության ռիսկերը թաքցրել են ու բնակչությանը ասել են, որ ռիսկ չկա, չէ՞: Եվ ընդհանրապես, բոլոր այն անձինք, որոնք հայտարարություններ էին անում, բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ լինի թե դա պատգամավոր է, կառավարության ներկայացուցիչ է, բոլորը։ Որովհետև սա միայն Քննչականի հարցը չի, պետք է պարզել՝ ով է Քննչականին այս հանձնարարությունը տվել, ով է ձեռնարկել այս գործի քննությունը, սա շատ կարևոր է, ու սա գալիս է շատ վերևից՝ պետք է պարզել դա», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Վարդանյանը՝ հավելելով․ - «Թե չէ վերջին օղակին պատասխանատվության ենթարկելով՝ դրանով բավարարվել ու փակել էս ամեն ինչը՝ դա հնարավոր չի»:

Քննչական կոմիտեն երեկ տեղեկացրեց, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել։ Անցած շաբաթ հայտնի դարձավ Իվանյանի և Ամուլսարի հանքի շահագործման դրական եզրակացությունը հաստատած բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի ազգակցական կապի մասին։ Ինքը Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում հաստատել էր, որ Իվանյանն իր ազգականներից է։ Բնապահպաններն ահազանգեցին՝ արդյո՞ք Իվանյանը կարող էր օբյեկտիվ լինել, երբ քննում էր շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնյայի կողմից դիտավորությամբ թաքցնելու գործը, որտեղ պետք է գնահատեր նաև ազգականի գործողությունները: Անցած շաբաթ տեղի ունեցած ասուլիսին Յուրա Իվանյանը հայտարարել էր՝ հանքի շահագործման ռիսկերը կառավարելի են: Այժմ նրա անաչառության հարցն է ծառայողական քննության առարկան։

Նազելի Վարդանյանը նկատում է՝ Քննչական կոմիտեն չէ, որ պետք է այս հարցով զբաղվեր: «Ավելի նեղացնում են հարցը, ուզում են տանել նրան, որ բարեկամական կապերը թաքցվել է, ինքնաբացարկ չի հայտնել, և դրանով փակեն: Սա ավելի լայն և ավելի խորը արմատներ ունի այս գործը՝ պետք է կա՛մ Դատախազությունը կատարի, կա՛մ ՀՔԾ-ն, կա՛մ, հաշվի առնելով, որ այս խնդիրը ազգային անվտանգության խնդիր է, պետք է ԱԱԾ-ն քննությունը կատարի և պարզի՝ ով է այս գործի հետևում կանգնած», - ընդգծեց իրավաբանը:

Օրեր առաջ կառավարությունում անցկացված տեսակոնֆերանսի ժամանակ «Էլարդ»-ի միջազգային թիմը հայտարարեց, որ չի կարող պատասխանել հարցին՝ անվտա՞նգ է արդյոք Ամուլսարի հանքի շահագործումը, քանի որ «Լիդիան»-ի ուսումնասիրություններն ու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը (ՇՄԱԳ) թերի են, ոչ ամբողջական ու անվստահելի: Տեսակոնֆերանսը եզրափակվեց որոշմամբ՝ սպասել Շրջակա միջավայրի նախարարության արձագանքին, թե արդյո՞ք նոր գնահատման կարիք կա։ Պատասխանը ակնկալվում է մինչև սեպտեմբերի 4-ը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG