Մատչելիության հղումներ

Ամուլսարի հարցում «մենք ժողովրդի կողքին ենք լինելու»․ Ծառուկյան


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 9-ը սեպտեմբերի, 2019թ․
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 9-ը սեպտեմբերի, 2019թ․

«Մենք ժողովրդի կողքին ենք լինելու՝ մեր հնարավորության սահմաններում», - այսօր հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե որո՞նք են լինելու իրենց քայլերը, եթե Ամուլսարի հանքի շահագործման որոշում կայացվի:

Հարցին՝ «գնալու եք Ամուլսա՞ր», նա արձագանքեց․ - «Այո, ես էլ եմ գնալու, ուրիշ: Եթե դրա անհրաժեշտությունը [լինի]»:

«Ես ասում եմ՝ ես փակողը չեմ, ես իմ ժողովրդի կողքին եմ, նորից եմ ասում՝ մեր պահանջը, ոչ թե մենք էսօր ուզում ենք, ոնց ասեմ, դերակատարում ունենք, պոպուլիզմ ․․․ մենք, մեր ժողովուրդը, որը մեզ ձայն ա տվել, հավատում ա, և մենք այստեղ, մեր ասածը, ասում եմ՝ ժողովրդին պետք ա ներկայացվի: Ժողովուրդը այսօր ապրում ա այնտեղ, երեխա ա մեծացնում, թող բարի լինեն՝ ներկայացնեն․ եթե դա վնաս չի, դա օգուտ է, ավելի կհզորացնի, կզարգացնի, ժողովրդի վիճակը կփոխի, ժողովուրդը էդքան բան պատկերացնում է, չէ՞», - ասաց Ծառուկյանը:

«Մենք պետք է աշխատենք, որ ցնցումներ չլինեն, դա մեզ ձեռնատու չի, միայն չար մարդը պետք է սպասի, որ իր երկրում ցնցումներ լինեն», - այսպես արձագանքեց ԲՀԿ առաջնորդը «Ազատության» հարցին՝ ունի՞ արդյոք մտավախություն, որ հանքի շահագործումը կարող է ցնցումների տանել: - «Պետք է միասնական, անկախ նրանից՝ դիմություն ա, ընդդիմություն ա, պետք է լիարժեք այնպիսի ծրագիր իրականացվի, որ այդ ծրագիրը լիարժեք օգուտ լինի ժողովրդին»:

Ի պատասխան «Ազատության» մեկ այլ հարցի՝ Ծառուկյանն ասաց, որ տվյալ թեման չի քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Լիդիան Արմենիա»-ի՝ Ամուլսարի հանքում 400 միլիոն դոլարի ներդրում անելու մասին դիտարկմանը ԲՀԿ առաջնորդը հակադարձեց․ - «Բայց որևիցե մեկը հարց չի տալիս՝ 400 միլիոն, դուք պատկերացնո՞ւմ եք՝ 400 միլիոն դոլարը ինչ է, ի՞նչ է՝ երկու պոչամբար են սարքել, 50 հատ տեխնիկա են բերել, ո՞նց կարող ա 400 միլիոն․․․ 400 միլիոնով, ասենք թե, կարելի ա մոտավորապես մի 10 հատ գործարան կառուցել, մի 20 հազար էլ աշխատող լինի, բայց 50 հատ տեխնիկա ա, երկու հատ էլ պոչամբար, ի՞նչ ա արած»: «Ես կողքից՝ որպես Հայաստանի քաղաքացի, նայելով, չեմ էլ գնացել, երկու հատ պոչամբար ա քանդած, մի 40-50 հատ էլ տեխնիկա կա, դա պետք ա լինի մի 30 միլիոն», - պնդեց ԲՀԿ առաջնորդը:

Հարցին էլ՝ պատրա՞ստ է արդյոք փակել իր հանքերը հանուն Հայաստանի քաղաքացու, Ծառուկյանը պատասխանեց․ - «Դուք դրանում երբեք ու չկասկածեք, եթե, ասենք թե, այսօր դուք կարող եք այ սենց լրագրողական խմբով գնալ, մենք ունենք երկու հանքարդյունաբերություն, մեկը՝ Արարատի ցեմզավոդն ա, մեկ էլ՝ Մղարթի գործարանը, որ եթե դուք գնացեք կառավարիչների հետ, եթե ինչ-որ ժողովուրդը խնդիր բարձրացնի, ինչ-որ դեմ լինի, մենք ժողովրդի հետ մեր հարցերը չկարգավորենք, դրանում ոչ մեկդ չկասկածի, որ չի աշխատի»:

«Այնտեղի ժողովուրդն են աշխատում, և մեր մոտ ցիանիդ չի օգտագործվում, որ ցիանիդը դա վտանգավոր, թույնավոր է, եղել են դեպքեր, երբ կենդանիներ, մարդիկ մահացել են, մեզ մոտ մի հատ, ասենք թե, ջրով լվացման պրոցես ա կատարվում», - նաև ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց, որ Ամուլսարի հարցում շարունակում է մնալ ավելի վաղ արտահայտած իր կարծիքին: Նա անցած ամիս հայտարարել էր, որ նպատակահարմար է համարում թույլ տալ շահագործել Ամուլսարի հանքը:

XS
SM
MD
LG