Մատչելիության հղումներ

Հայաստանը պետական պարտքի վճարունակության հետ կապված «էական խնդիրներ չունի»


Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Չնայած Հայաստանի պետական պարտքը հասնում է մոտ 6 միլիարդ դոլարի, սակայն իշխաննությունները վստահեցնում են, թե միջազգային չանափանիշներով Հայաստանը գտնվում է ցածր պարտքի բեռ ունեցող երկրների շարքում։

Այսօր խորհրդարանում 2016 թվականի պետական բյուջեի կատարման քննարկման ժամանակ Ֆինանսների նախարար Վարդանն Արամյանն ընդգծեց, որ Հայաստանը պարտքի վճարունակության հետ կապված էական խնդիրներ չունի․ - «Նվազ պարտքի բեռ ունեցող երկրների սահմանագծից ներքև ենք գտնվում: Դեռևս նույնիսկ չենք մտել միջին պարտքի բեռ ունեցող երկրների սահմանագծի մեջ»:

Քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով արտաքին պարտքի խնդրին, հիշեցրեց Վերահսկիչ պալատի եզրակացությունը, համաձայն որի 2020-ին միայն այդ պարտքի սպասարկման համար անհրաժեշտ է լինելու 1 միլիարդ դոլար, ու հարցրեց, թե արդյոք կիսում են ՎՊ-ի այդ գնահատականը:

Իր պատասխանում Ֆինանսների նախարարը շեշտեց, թե դրանում ներառված են նաև դեռևս 2013-ին պետության կողմից թողարկված 500 միլիոն դոլարի պարտատոմսերը: Հարցն այն է, թե արդյոք իրենք պատրաստվում են վճարել այդ գումարները: Պարզվում է՝ ոչ: Հայաստանը պարզապես վերաթողարկելու է պարտատմոսերը, այսինքն՝ երկարացնելու է դրանց ժամկետը․ - «2020 թվականի մեկ միլիարդ դոլարի մասով: Այդտեղ մենք ունենք 500 միլիոն դոլար: Արդյո՞ք մենք, նույնիսկ եթե գնանք նրան, որ կարող ենք այդ 500 միլիոնը ամբողջությամբ մարել: Ես կարծում եմ, այս տնտեսական աճի, էն, ինչ որ մենք նախանշում ենք, եթե մեզ հաջողվի 5 տոկոսանոց տնտեսական աճ միջին հաշվով ձեռք բերել, այո՛, մենք կարող ենք այդ 500 միլիոնը մարել: Բայց իմա՞ստը: Ինչի՞ համար մենք դա մարենք, եթե կարող ենք մենք միջազգային պրակտիկայում ընդունված գործառույթը իրականացնենք: Ինչպե՞ս պետք է դա իրականացնենք․․․ Պարոն Փաշինյան, ես արդեն ունեմ պայմանավորվածություն, մենք շատ ակտիվ աշխատում ենք և՛ JP Morgan-ի, և՛ HSBC-ի մեր առաջնորդող մենեջերների հետո: Որքան մոտենա այդ պարտքի մարման ժամանակահատվածը, մենք գնալու ենք road show-ների: Դա սկսելու ենք երևի 2018-19 թվականներից և ընտրելու ենք այն հարմար պահը այդ ժամանակահատվածում, որ շուկան բարենպաստ կլինի, լիկվիդ կլինի, կմտնենք և այդտեղ վերաթողարկումը կանենք»:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ևս քանի միլիարդ դոլարի պարտք պետք է կուտակի Հայաստանը, որպեսզի այն սպառնալիք դիտարկվի երկրի համար, Ֆինանսների նախարարն ասաց, թե դա կախված է մի շարք պայմաններից և մասնավորապես տնտեսականաճի ծավալներից․ - «Եթե 5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ ենք անում, մենք առնվազն․․․ դժվար է ասել, որովհետև այնտեղ մի քանի ցուցանիշներ են ներկայացվել՝ շուրջ 9 ցուցանիշներ ներկայացվեցին: Բայց պարտք - ՀՆԱ ցուցանիշը որպեսզի 60 տոկոսից ավելանա, շուրջ 600-700 միլիոն լրացուցիչ դու պետք է պարտք վերցնես»:

Հարցին, թե արդյոք առաջիկայում կարող է երկիրը նոր պարտքեր վերցնել, նախարարն արձագանքեց․ - «Մենք ունենք դեֆիցիտային բյուջե: Եվ առաջիկա տարիներում, այո՛, անվանական առումով, մենք, որպեսզի պակասուրդը, մեր դեֆիցիտը ֆինանսավորենք, բնականաբար, պետք է պարտք վերցնենք»:

Ի դեպ, ըստ Ֆինանսների նախարարի, 2016-ին Հայաստանի բյուջեի դեֆիցիտը կազմել է 278 միլիարդ դրամ, կամ մոտ 600 միլիոն դոլար: Սակայն, ինչպես Վարդան Արամյանը շեշտեց, 2017-ին իրենք ծրագրում են դեֆիցիտը մոտ կիսով չափ կրճատել՝ հասցնելով 150 միլիարդի:

Նկատենք, ըստ նախարարի, հավելուրդային բյուջեն Հայաստանը գրեթե երբեք չի ունեցել, այսինքն երկրի ծախսերը միշտավելին են եղել, քան եկամուտները:

Բացի այն, որ 2016-ին բյուջեի դեֆիցիտը գերազանցել է կես միլիարդ դոլարը, անցած տարի նաև նախատեսվածից 100 միլիարդ դրամով քիչ հարկ և տուրք է հավաքվել:

Ֆինանսների նախարարն այսօր ընդգծեց, թե ամեն գնով այդ գումարները հավաքելն ու տնտեսվարողին խեղդելը սխալ կլիներ․ - «Որովհետև այդ 100 միլիարդը մենք սկսելու էինք բերեինք տնտեսությունից, որտեղ որ այդ բանը չի ստեղծվել: Կա դրա հակափաստարկը, որ կարող էինք վարչարարության միջոցների հաշվին բերել: Ես ձեզ վստահեցնում եմ, որ վարչարարության միջոցները ընդամենը 2-3 ամսում հնարավորություն չեն տա, որովհետև 100 միլիարդը դա շուրջ 2 տոկոսային կետ է: Այսինքն, եթե տնտեսությունս այդքան չի ստեղծում, բայց ես գնայի, արհեստական փորձեի ստեղծել, կարող ա էնտեղ գերավճարներ ստեղծեի, և տնտեսվարողներիս նույնիսկ խեղդեի»:

Հիշեցնենք, 5 տոկոս տնտեսական աճ խոստացող և պետական բյուջեի դեֆիցիտը կիսով չափ կրճատելու խոստում տվող Կառավարության նոր ծրագրին ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեցին:

Այսօր քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբկացության պատգամավոր Վարդան Բոստանջյանը շեշտեց, թե Կառավարության նախանշած 5 տոկսա «զուսպ ու վախվորված» տնտեսական աճը նշանակում է, որ Հայաստանը շարունակելու է կախված մնալ տրանսֆերտներից և միջազգային շուկայում հանքանյութերի գներից: Բոստանջյանն անգամ հեգնեց, թե Կառավարությունն իր վախվորած տնտեսական աճով նախագահ Սերժ Սարգսյանի մատնաշած ցուցանիշներին կհասնի 100 տարում:

Նշենք, որ անցած մայիսին խորհրդարանին հղած իր ուղերձում Սերժ Սարգսյանն ասել էր, թե 2040-ին համախառն ներքին արդյունքը պետք է հասնի 60 միլիարդ դոլարի՝ ապահովելով մոտ հինգ ու կես անգամ աճ:

«Կարող եք դուք էլ հաշվել․ 100 տարի հետո ենք հասնելու: Դրա համար ես անհանգստացա», - ասաց Բոստանջյանը:

Հավելենք, որ 2016 թվականի բյուջեի կատարման քննարկմանը մի քանի րոպեով ներկա էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա ընդամենը արդյունավետ քննարկում մաղթեց խորհրդարանականներին և արագ հեռացավ:

XS
SM
MD
LG