Մատչելիության հղումներ

Կառավարության ծրագիրն ընդունվեց փոխադարձ սպառնալիքների և վիրավորանքների մթնոլորտում


Վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանում ներկայացնում է կառավարության ծրագիրը, Երևան, 21-ը մայիսի, 2017թ․

64 կողմ և 31 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն այսօր ընդունեց կառավարության գործունեության ծրագիրն առաջիկա 5 տարիների համար:

Դեմ քվեարկեցին ընդդիմադիր «Ելք» ու «Ծառուկյան» դաշինքները: Իր ելույթում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շեշտեց, թե դեմ են քվեարկում ծրագրին, քանի որ այն ոչ թե կառավարության, այլ Սերժ Սարգսյանի և Հանրապետականի (ՀՀԿ) ծրագիրն է: Իսկ Սերժ Սարգսյանը, ըստ դաշինքի, Հայաստանի բոլոր ձախողումների թիվ մեկ պատասխանատուն է:

«Ասում են՝ «ի՞նչ տարբերություն ձեզ համար՝ ով է լինելու 2018 թվականի վարչապետը»։ Կա տարբերություն, որովհետև եթե դուք պրոցեսները տանում եք այնպես, որ Սերժ Սարգսյանին էլի կարգեք վարչապետ, այո՛, կա՛ տարբերություն։ Սերժ Սարգսյանն, այո՛, Հայաստանի Հանրապետության բոլոր ձախողումների, որոնք արդեն փաստացի ապացուցված են, թիվ մեկ պատասխանատուն է», - ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով Հայաստանի անվտանգության մասին իշխող հանրապետականների ելույթներին՝ Փաշինյանը հակադարձեց, թե ի՞նչ անվտանգության մասին է խոսքը, երբ սահմանին ամեն շաբաթ զոհեր են լինում, և հայկական կողմը հեկտարներով տարածքներ է կորցնում:

«Էդ որ տանում եք խրամատները կանսերվի կոկոշները շարում, էդ ո՞վ էր էդ վախտ կանսերվի կոկոշների գերագույն գլխավոր հրամանատարը, ե՞ս էի։ Էդ որ հիմա ասում եք՝ «առաջնագիծը կահավորվել է», ինչո՞վ է կահավորվել՝ մարդկանց նվիրատվություններով», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Խոսելով ընտրություններում հաղթելու և ժողովրդի քվեն ստանալու՝ հանրապետականների պնդումների մասին, Փաշինյանը հորդորեց բացել փակագծերը և ասել, թե որքա՞ն գին են վճարել դրա համար. - «Քանի՞ հատ 10 հազար դրամ եք ծախսել այդ վստահության քվեն ստանալու համար»։

Կառավարության ծրագրին դեմ քվեարկեց նաև Գագիկ Ծառուկյանի ղեկավարած խմբակցությունը: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, խորհրդարանի փոխնախագահ Միքայել Մելքումյանը շեշտեց, որ այս ծրագիրը 2012-2017 թվականի ծրագրի համեմատ նահանջ է արձանագրել, ձախողված են տնտեսական աճի, ներդրումների ծավալի, նվազագույն աշխատավարձի հետ կապված բոլոր կետերը. - «Եթե նախորդ ծրագրերը ձախողվել են, ի՞նչ երաշխիք կա, որ սա էլ չի ձախողվելու»։

Դե իսկ վարչապետ Կարեն Կարապետյանն իր եզրափակիչ ելույթում նախ անդրադարձավ ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանի երեկվա այն դիտարկմանը, թե այլևս հավեսով չի խոսում։ «Փորձեմ այսօր հավեսով խոսեմ, չնայած, իմ կարծիքով, երեկ էլ եմ հավեսով խոսել, բայց հավեսով խոսելու տենց առանձնապես առիթներ մեկ-մեկ լինում է, որ չկա», - ասաց վարչապետը։

Ապա Կարապետյանն անդրադարձավ ծրագրի, ինչպես նաև իր հասցեին հնչած մի շարք քննադատություններին՝ հորդորելով կոռեկտության սահմանները չանցնել:

«Կար նաև էմոցիոնալ ելույթ, որ այս ծրագիրն առաջընթաց չի, այլ տեղը դոփելու է, առանձնապես հիմնավորված չէր, իմ կարծիքով», - ասաց Կարեն Կարապետյանը՝ շարունակելով. - «Կային առարկայական առաջարկություններ, և կային էմոցիոնալ ելույթներ, իմ կարծիքով՝ ոչ-կոռեկտ, անձնական և ոչ-հեռանկարային։ Ուղղակի խորհուրդ, հորդոր՝ ճիշտ չի դա»։

Ապա վարչապետը խոսեց կառավարության թիմի մասին, ասելով, որ թեև կարող է անհամեստ հնչել, բայց հավաքվել է բավական ազնիվ և պարկեշտ մարդկանց թիմ: Ինչ վերաբերում է ծրագրին, ապա, ըստ Կարեն Կարապետյանի, այն պրոֆեսիոնալ է, որը «հայկական պետությունը փոխելու է դեպի լավը»: «Ծրագրին անդրադառնալով՝ շատ ենք դրա վրա աշխատել, շատ ենք մեր մեջով անցկացրել և հստակ պատկերացնում ենք՝ ինչ պետք է անենք։ Բոլորին շնորհակալություն և լավ տրամադրություն», - ասաց վարչապետը։

Նկատենք, որ կառավարության ծրագրի քննարկման ընթացքում բանավեճը հիմնականում ընթանում էր այն հարցի շուրջ, թե արդյո՞ք Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել նաև 2018-ի ապրիլից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանը վայր դնի իր լիազորությունները:

«Ելք» դաշինքի պատգամավորների խաչաձև հարցապնդումներից հետո Կարեն Կարապետյանը երեկ նշեց, թե ինքը պատրաստ է լինել վարչապետ, պարզապես նման պնդում անել չի կարող, քանի որ միանգամից կհայտնվի քննադատության թիրախում:

Նշենք, որ այս թեման այսօր սուր բանավեճի առարկա դարձավ իշխող հանրապետականների և «Ելք»-ի պատգամավորների միջև: Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը փորձեց հակադարձել ընդդիմադիրներին, հարցնելով՝ արդյո՞ք «Ելք» դաշինքը վստահ է, որ 2018-ին չի տրոհվելու և «Ժառանգություն» խմբակցության բախտին չի արժանանալու, ինչն առաջ բերեց Նիկոլ Փաշինյանի զայրույթը:

«Հեգնանքով այսպես խոսակցություններ են հղում, ընդ որում՝ նորաթուխ քաղաքական գործիչները, ակամայից հիշեցի երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի պադյեզդի [ռուսերեն՝ շենքի շքամուտք] պատմությունը», - ասաց Բաղդասարյանը։

Փաշինյանն անպատասխան չթողեց «մուտքերում ծեծվելու»՝ Հանրապետական խմբակցության ղեկավարի դիտարկումը։ «Մեր մասին ե՞ք խոսում։ Եկեք գնանք պադյեզդներում խոսանք, նենց խոսանք՝ աչքերներդ կչռվի, տենց բաներ մեր մասին չասեք։ Ասեցի մեր մասին տենց չխոսեք, շշով կտամ... պադյեզդի մակարդակի ե՞ս ուզում», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Պադյեզդների վերաբերյալ Վահրամի ունեցած ելույթից հետո, կարծում եմ, Հանրապետական կուսակցությունը և նրա ղեկավար Սերժ Սարգսյանը կարիք ունեն բացատրելու, թե ի՞նչ առնչություն ունեն իրենք պաշտպանության նախարարի տեղակալ Վահրամ Խորխոռունու և ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի հետ պադյեզդներում տեղի ունեցածի կապակցությամբ։ Եվ եթե մեզ նման բան են հիշեցնում, ես ուզում եմ խորհրդարանական մեծամասնության և նրա ղեկավար Սերժ Սարգսյանին հիշեցնել Ռումինիայի և նրա ղեկավար Չաուշեսկուի ճակատագրի մասին, շնորհակալություն»։

«Ելք»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ անդրադարձավ Վահրամ Բաղդասարյանի այն դիտարկմանը, թե «Ելք»-ը կարող է տրոհվել մինչև 2018 թվականի ապրիլը։ «Գիշերները Ձեր քունը չի՞ տանում, հա՞, որ «Ելք» դաշինքը միասնական է, չի քանդվում, երազում եք, որ մի բան լինի՞: Չի՛ լինելու, մի՛ անհագստացեք», - ասաց Մարուքյանը։

Բաղդասարյանն էլ արձագանքեց. - «Ես կցանկանայի, որ մի փոքր համբերեք, համբերեք մինչև 2018 թվականը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG