Մատչելիության հղումներ

Խորհրդարանը սկսել է քննարկել կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը:

Երեկ ուշ երեկոյան վարչապետ Կարեն Կարապետյանն ավելի քան 100-էջանոց ծրագրի մանրամասները ներկայացրել է Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար կազմին և խորհրդարանական խմբակցության անդամներին։

Քննարկումից հետո «Ազատության» հետ զրույցում խորհրդարանի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ասաց, որ վարչապետը խոստանում է առաջիկա տարիներին 5 տոկոս տնտեսական աճ ապահովել։

«Բավականին հաջողված ծրագիր է և էապես տարբերվում է նաև մնացած ծրագրերից՝ իր ոճով, իր մոտեցմամբ», - ասաց Բաղդասարյանը։

Հարցին, թե ի՞նչ արդյունքներ է խոստանում վարչապետն այս ծրագրով, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. - «Հիմնական արդյունքները ես կարող եմ ասել՝ պարբերաբար 5 տոկոս տնտեսական աճ, արտահանման ծառայությունների գծով ՀՆԱ-ի նկատմամբ 40-ից 45 տոկոս աճ, նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճ, աղքատության 12 տոկոսի կրճատում։ Դրանք հիմնական ցուցանիշներն են, որոնց հիմնավորումները կան»։

Բաղդասարյանի խոսքով՝ հանդիպման ժամանակ Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ իր թիմով կարող է իրականություն դարձնել ծրագիրը։ Հանրապետական խմբակցության ղեկավարը հավատում է՝ ծրագիրը իրատեսական է և իրագործելի։

«2022-ին կլինի այն Հայաստանը, ինչպիսին այս ծրագրում ներկայացված է, և այս պարագայի դեպքում մենք կունենանք աճողական Հայաստան», - ասաց Բաղդասարյանը։

Կառավարությունը այս ծրագիրն արտահերթ նիստում հաստատեց երկու օր առաջ։ Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նիստի ընթացքում հայտարարեց, որ խորհրդարանի հաստատմանը ուղարկում են մի ծրագիր, որի առանցքը «լայնամասշտաբ բարեփոխումներն են»:

Արդեն 9 ամիս կառավարությունը գլխավորող վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ընդգծեց, որ գործադիրի ծրագիրը բավականին հավակնոտ է:

«Կառավարության ծրագիրը բավականին ամբիցիոզ խնդիրներ է դրել իր առջև», - ասել է վարչապետը՝ շարունակելով. - «Մենք ֆիքսել ենք, թե ինչ նպատակի ենք ուզում հասնել և՛ տնտեսական աճի վերաբերյալ, և՛ գործազրկության վերաբերյալ, և՛ նվազագույն աշխատավարձի վերաբերյալ, և՛ արտահանման ծավալների, ինչպես նաև՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության վերաբերյալ: Բացի այդ, ըստ ոլորտների, հստակ ձևակերպել ենք այն գործողությունները, բարեփոխումները, անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է կատարենք՝ այդ նպատակներին հասնելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG