Մատչելիության հղումներ

«Սա կյանքի որակ փոխող ծրագիր է». վարչապետը խորհրդարանին է ներկայացնում կառավարության ծրագիրը


Տարեկան միջինը 5 տոկոս տնտեսական աճ, աղքատության գրեթե կիսով չափ կրճատում, նվազագույն աշխատավարձի բարձրացում, արտահանման ծավալների զգալի աճ․ սրանք Կառավարության թիրախներին են առաջիկա 5 տարիների համար:

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ազգային ժողովում ոլորտ առ ոլորտ ներկայացրեց Կառավարության ծրագիրը՝ շեշտելով, որ դրա հիմքում դրել են «անվտանգ, արդար, անկախ և խելացի Հայաստան» ունենալու տեսլականը․ - «Այս ծրագիրը կյանքի որակ փոխող ծրագիր է՝ դեպի ավելի բարեկեցիկ, ավելի ուժեղ, ավելի անվտանգ միջավայր»:

Առաջիկա հինգ տարու, ըստ վարչապետի, կփորձեն օգտագործել Սփյուռքի ներուժը, մրցակցային միջավայր կստեղծեն, որպեսզի թե՚ սփյուռքահայերի, թե՛ տեղացիների համար Հայաստանը դառնա «ստեղծագործելու և արարելու հենարան», - «Հայաստանում ստեղծելու ենք այնպիսի գործարար միջավայր, որտեղ գործարարն իրեն հարմարավետ զգա»:

Կարեն Կարապետյանը նաև զգուշացրեց, թե մեկ օրում փոփոխությունների արդյունքները չեն երևում, ուստի պետք է համբերատար լինել և հրաժարվել պոպուլիզմից․ - «Ներդրողը մեկ օրում արդյունք չի տալիս, գյուղացին մեկ օրում արտահանող ֆերմեր չի դառնում, կառավարիչը մեկ օրում ավելի էֆեկտիվ չի դառնում»:

Կարեն Կարապետյանը խոսեց նաև ղարաբաղյան խնդրի մասին՝ շեշտելով, որ Կառավարության առջեւ դրված նպատակներին հասնելը և զարգացում ապահովելն անհնար կլինի առանց անվտանգությունն ապահովելու․ - «Հետևաբար մենք պետք է շարունակենք զարգացնել մեր զարգացման կարողությունները, մեր բանակի և զինվորի մարտունակությունը: Միևնույն ժամանակ պետք է բարձրակարգ դիվանագիտություն իրականացնենք՝ ամրապնդելով մեր հարաբերությունները բարեկամ պետությունների հետ: Պետք է ճկուն, նպատակային աշխատանք իրականացնենք երկկողմանի և բազմակողմ մակարդակներում՝ ավելացնելով մեր բարեկամ երկրների շարքը»:

Վարչապետը ներկայացրեց դատական համակարգում սպասվող փոփոխությունները․ մշակվելու է նոր Դատական օրեսնգիրք, դատարանների անկախությունն ապահովելու համար ներդրվելու են նոր մեխանիզմներ, վերանայվելու է սնանկության մասին օրենսդրությունը, ընկերությունների առողջացումը համարելով գերակա․ - «Մեր երկրում բարեկեցիկ և բարենպաստ միջավայր ստեղծելու գործում Կառավարությունը ստանձնում է բարձրացնել և ամրապնդել արդարության և վստահության մթնոլորտը»:

Նրա խոսքով՝ շարունակելու են պայքարը կոռուպցիայի դեմ, ստեղծելու են հակակոռուպցիոն նոր մարմին, քրեականացնելու են ապօրինի հարստացումը, ներդրելու են ազդարարների ինստիտուտը․ - «Մենք որդեգրել ենք անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ: Աշխատում ենք պետական ծառայողի կերպարի վրա»:

Առաջիկա հինգ տարիներին, ըստ վարչապետի, կփորձեն բարելավել Հայաստանի տնտեսական վիճակն ու ավելացնել գրավչությունը ներդրողների համար, կաշխատեն, որ Հայաստանը Համաշխարհային բանկի Doing Business զեկույցում լինի 20 լավագույն երկրների շարքում, կօժանդակեն գյուղացիներին, նոր տեխնոլոգիաներ կկիրառեն հիմնական ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչև հարկային ու մաքսային մարմիններ:

Կբարեփոխեն հարկային ոլորտը․ - «Մաքսիմալ պարզեցնում ենք համակարգը բարեխիղճ գործարարների համար և նույնքան դժվարացնում ենք անբարեխիղճ հարկատուների համար»:

Կարեն Կարապետյանն ասաց, թե առաջիկա հինգ տարիներին բարեփոխելու են նաև առողջապահության, կրթության ոլորտները, զարգացնելու են տուրիզմը՝ նպատակ ունենալով տարեկան առնվազն 3 միլիոն զբոսաշրջիկ ընդունել, Հայաստանը ճանաչելի դարձնել աշխարհին նաև մշակույթի միջոցով․ - «Մշակույթը հզոր զենք է, երբեմն ավելի ուժեղ, քան բուն զենքը»:

Թվարկելով նպատակները՝ վարչապետը չմոռացավ նաև խնդիրները՝ հիշեցրելով, որ Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական պայմաններում, որ սահմաններից երկուսը փակ են, որ տարածաշրջանում բախվում են հզոր խաղացողների շահերը և որ Հայաստանը կախվածություն ունի խոշոր երկրների տնտեսական վիճակից, առկա են բազմաթիվ ներքին խնդիրներ: Միևնույն ժամանակ Կառավարության ղեկավարը շեշտեց, թե կան երկրներ, որոնք ավելի վատ մեկնարկային պայմաններ են ունեցել, սակայն օր ու գիշեր աշխատելով հասել են հաջողությունների․ - «Վստահ եմ, որ այս ճանապարհով մենք կհասնենք մեր երազանքի Հայաստանին»:

Կարեն Կարապետյանին ուղղված առաջին իսկ հարցը սակայն վերաբերում էր, ոչ թե առաջիկա 5 տարիների անելիքներին, այլ ավելի հրատապ խնդրի: Խորհրդարանի ամբիոնից հազվադեպ խոսող գեներալ Սեյրան Սարոյանը կոչ արեց օր առաջ լուծել Արմավիրում կարկտահարության հետևանքով տարվա եկամուտից զրկված և վարկերի տակ կքած գյուղացիների հարցը․ - «Աղետն էլ էկավ ավիրեց: Թուրքից բեթար ա էդ կարկուտը: Հիմա թուրքի դեմ կարում ենք պայքարենք, կարկուտի դեմ չենք կարում: Մեր գյուղնախարարներն էլ մեկ-մեկ գա մեր գյուղեր, նորմալ տենա իրա աչքով: Թե չէ որ ասում ա՝ սառցնենք, կարող ա տանք, կարող ա չտանք, ժողովուրդը կմեռնեն ըտենց: Ինչքան ինֆակտ էղավ, գյուղնախարարներն ա պատասխան տալու էդ ժողովրդի համար»:

Վարչապետի արձագանքը․ - «Այս պահին մենք իրականացնում ենք պիլոտային ծրագիր, որով հակակարկտային համակարգը ուզում ենք անցկացնել հրթիռայինի»:

«Ելք» դաշինքից Էդմոն Մարուքյանը նկատեց՝ վարչապետի ելույթում նախկին եռանդը չի տեսնում․ - «Շատ զարմացած եմ Ձեր անհավես, անէքսպրեսիա, ամէմոցիա ելույթից: Այնպիսի տպավորություն է, որ Ձեզ քիչ առաջ ասել են, որ այլևս Դուք չեք լինելու վարչապետը»:

«Անհավես չեմ ու չգիտեմ ոնց անեի, որ նման տպավորություն չթողնեմ:Հետևաբար էդ հարցին պատասխանելու դեպքում փաստորեն կֆիքսեմ, որ համաձայն եմ Ձեր հետ: Վարչապետ լինելու եմ թե չէ՝ բազմաթիվ անգամ պատասխանել եմ, պատասխանս չի փոխվել»:

Մաարդուքյանը մի անգամ էլ հարցրեց, թե ինչպես կարող է Հայաստանը զարգանալ, ներդրումներ ներգրավել, եթե անորոշությունը գլխավոր հարցի շուրջ շարունակվում է՝ հայտնի չէ, թե ով է լինելու վարչապետ 2018 թվականից հետո, երբ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետի ավարտից հետո Կառավարությունը Սահմանադրության պահանջով հրաժարական ներկայացնի:

Էդմոն Մարուքյանի հարցերին Կարեն Կարապետյանի խուսափողական պատասխանները լսելուց հետո, հարցը երրորդ անգամ ձևակերպեց Նիկոլ Փաշինյանը․ - «Դուք իմ գործընկերոջ հարցին պատասխանելիս ասացիք հետևյալը՝ բազմաթիվ անգամ պատասխանել եմ այդ հարցին: 18 թվին վարչապետ լինել-չլինելու, հավակնել-չհավակնելու վերաբերյալ: Գուցե մենք ինչ-որ բան բա՞ց ենք թողել, խնդրում ենք նորից պատասխանեք»:

«Այս հարցը մի քիչ էլ կոռեկտության դաշտի մեջ է, դրա համար ուզում եմ ճիշտ հասկացված լինի: Ես չեմ կարող պնդել, որովհետև հենց դա պնդում ես, դու միանգամից դառնում ես քննադատվող թիրախ: Ես պատրաստ եմ լինել վարչապետ: Էս պատասխանը բավարա՞ր է», - արձագանքեց Կարեն Կարապետյանը:

Հարցին, թե ով է լինելու վարչապետ 2018-ից հետո անդրադարձավ նաև Հանրապետականի մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը․ - «Անկախ թե 18 թվականից ով կլինի վարչապետ, անկախ վարչապետի անձից․․․ Դուք ասում եք՝ ո՞ւմ հետ գործ պետք է ունենաք․․․ Գործ պետք է ունենաք քաղաքական իշխանության հետ« Հայաստանի հանրապետական կուսակցության հետ, Հայ հեղափոխական դաշնակցության հետ: Իսկ կոնկրետ մեր պարագայում գործ պիտի ունենաք Հանրապետական կուսակցության հետ՝ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ»:

Շարմազանովին արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նկատեց, որ Սերժ Սարգսյանը մեկ ամիս առաջ Ազգային ժողովի ամբիոնից խոսում էր ոչ թե որպես հեռացող նախագահ, այլ որպես մոտեցող վարչապետ, և տպավորություն է, որ Կարեն Կարապետյանը կապ չունի Կառավարության ծրագրի հետ․ - «Ամեն ինչ շատ նման է նրան, որ էսօր ոչ թե մենք Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի և գործունեության ծրագրի հաստատմանն ենք ներկա, այլ Կարեն Կարապետյանի կառավարության հրաժեշտի մեկնարկի գործընթացին: Եվ, ըստ էության, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների խոսքի ենթատեքստում շատ հստակ արձանագրվում է հետևյալը՝ մավրը արել է իր գործը, մավրը պետք է հեռանա»:

«Ելք» դաշինքից Արամ Սարգսյանը, իբրև նախկին վարչապետ, խորհուրդ տվեց Կարեն Կարապետյանին․ - «Ես շնորհավորեցի պարոն վարչապետին երկրորդ անգամ Կառավարության ծրագիր ներկայացնելու հնարավորություն ունենալու համար: Ուզեցա նաև հիշեցնել իմ ներկայությամբ, որ ես այդ հնարավորությունը չեմ ունեցել, և Հանրապետական տենց բնավորություն ունի: Էս՝ եղբայրական կամ բարեկամական հորդոր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG