Մատչելիության հղումներ

Վահագն Խաչատրյանը «անտիծրագիր» է որակում կառավարության ծրագիրը


Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կառավարության առաջիկա 5 տարվա ծրագիրը «անտիծրագիր» է համարում։ Նրա համոզմամբ՝ այս ծրագրով Հայաստանում կյանքի որակը չի փոխվելու։

«Վերևը գրեք ոչ թե «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիր, այլ ուղղակի գրեք «Ծրագիր որևէ կառավարության»․ շատ ընդհանուր, ընդունելի նորմեր են գրված, որևէ արտառոց բան չկա: Բայց ամենակարևորը՝ որ հենց Հայաստանի Հանրապետությունը այսօր մի այնպիսի օրհասական վիճակում է հայտնվել, որ շատ յուրահատուկ մոտեցումներ են պետք իսկապես այս վիճակից դուրս գալու համար, և նույնիսկ կարող է պատահել՝ ծրագիր լիներ մեկ, երկու, երեք էջանոց, այսպես՝ հիմնական ուղղություններ, որոնք կարող են մեր կյանքում էական փոփոխություններ մտցնել, հատկապես՝ վստահության առումով: Ուրիշ ոչ մի բան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վահագն Խաչատրյանը՝ հավելելով․ - «Մարդիկ վստահեին կառավարությանը, իշխանությանը՝ այդքանը բավարար էր, և մեր կյանքում որակական փոփոխություններ կլինեին»:

«Իրականում վիճակը շատ վատ է, ուղղակի ելք չկա այս տնտեսական վիճակից դուրս գալու, եթե քաղաքական որոշում չի կայացվում: Ինչ կառավարություն էլ ուզում է գա, ով ուզում է գա, ես ասել եմ, էլի առիթ է եղել՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր բերեք, թող լինի կառավարության ղեկավար, ներկայացնի ժամանակակից տնտեսագիտության ոգով գրված մի փաստաթուղթ՝ դրանք իրականություն չեն դառնա, որովհետև քաղաքական որոշում չկա, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական քաղաքականությունը պետք է ազդի բոլորիս վրա», - շեշտեց տնտեսագետը:

«Սա գիտություն է, վերջիվերջո, սա հո էնպես չի, որ ամեն մարդ կարող է նստի էնտեղ, Լենինի տարբերակը չի, որ խոհարարը կարող է բանկիր լինի, այդպես չի լինում: 21-րդ դար, մասնագետներ․․․ Բայց, բոլոր դեպքերում, նույնիսկ լավագույն մասնագետների դեպքում, խնդրի լուծումը քաղաքական է՝ քաղաքական որոշում պետք է կայացնի ուժը, որը իշխանության է, բայց դա նշանակում է, որ իրենք այլևս իշխանություն պիտի չլինեն», - ասաց Վահագն Խաչատրյանը:

Երեկ Ազգային ժողովին ներկայացված ծրագրով կառավարությունը նախատեսում է տարեկան միջինը 5 տոկոս տնտեսական աճ ապահովել, գրեթե կիսով չափ կրճատել աղքատությունը, նվազագույն աշխատավարձը բարձրացնել մեկ քառորդով, զգալիորեն ավելացնել արտահանման ծավալները: Արդեն 9 ամիս կառավարությունը գլխավորող վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի ծրագիրը բավականին հավակնոտ է որակել, խորհրդարանին այն ներկայացնելիս էլ պնդեց, թե դա կյանքի որակը փոխող ծրագիր է, և դրա հիմքում դրվել է «անվտանգ, արդար, անկախ և խելացի Հայաստան» ունենալու տեսլականը:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի խոսքով՝ 14 տարվա ընթացքում Հայաստանի բնակչության բարեկեցությունը չի փոխվել, լուրջ դրական փոփոխություններ չի կարելի ակնկալել նաև կառավարության նոր ծրագրից։

«Եթե, օրինակ, կան ցուցանիշներ, որ 5 տոկոս տնտեսական աճով մենք ունենալու ենք լուրջ բարեկեցություն, և դա ազգաբնակչության մեծ մասը կարողանալու է իր վրա զգալ, ես այնքան էլ համոզված չեմ, որովհետև այդ նույն աճի պայմաններում շատ տարիներ են եղել, որ բնակչությունը այդ աճը իր վրա չի զգացել: Կան գաղափարներ, կան մտքեր, որոնք բարի ցանկություններ են, լավ ցանկություններ են, բայց դրանց իրականացման հիմքերը շատ դեպքերում նկատելի չեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Անդրադառնալով կառավարության ծրագրում ներգաղթի համար նախատեսվող օրենքին, Վիլեն Խաչատրյանն ասաց՝ ներգաղթն օրենքով չեն ապահովում: «Նախ արտագա՛ղթը կանխեք, հասցրեք արտագաղթը զրոյի, արտագաղթը երբ որ կհասցնեք զրոյի՝ նոր մտածեք ներգաղթի մասին», - շեշտեց նա:

Նշենք, որ խորհրդարանը այսօր հավանություն տվեց կառավարության ծրագրին: Համապատասխան որոշմանը կողմ քվեարկեց 64, դեմ՝ 31 պատգամավոր՝ «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների խմբակցությունները:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ «Ազատության» հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG