Վարչապետ Փաշինյանն է՛լ ավելի է սրում բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ իր հռետորաբանությունը ու մի նոր մեղադրանք վերագրում՝ դարձյալ առանց կոնկրետ ապացույցի:
«Ունենք ինֆորմացիա, որ ճշտման փուլում է, այդ թվում՝ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու ձևաչափերով Հայաստանի Հանրապետություն են մուտք գործում ստվերային գումարներ քաղաքական նպատակով Հայաստանում օգտագործելու և այլն», - նշեց նա երեկ Հանրային ՀԸ տված հարցազրույցում:
Փաշինյանն ավելի հեռուն գնաց ու պնդեց, թե Մայր Աթոռը փորձում է պետության մեջ որպես օտարերկրյա պետություն դիրքավորվել ու ոչ ավելի, ոչ պակաս բարձրաստիճան հոգևորականներին ծայրահեղ իսլամիստների հետ համեմատեց. «2020 թվականից ի վեր Հայաստանի գրեթե բոլոր եկեղեցիներում պատարագների քարոզների ժամանակ հնչում են քաղաքական, ես կասեմ՝ ռադիկալ տեքստեր։ Հույս ունեմ՝ կոռեկտ կհնչի իմ համեմատությունը, բայց նաև՝ գիտե՞ք, որ աշխարհում, շատ երկրներում կան նաև ծայրահեղական իսլամի դրսևորումներ»։
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները լրացնում են անձամբ կաթողիկոս Գարեգին Երկրորդի մասին արված նախորդ՝ դարձյալ իրենց ունեցած տեղեկությունների հիման վրա արված պնդումների շարքը:
Ամիսներ առաջ, օրինակ, Փաշինյանը պնդեց, թե կաթողիկոսը օտարերկրյա գործակալ է: Որևէ փաստ, սակայն, այդպես էլ չներկայացրեց, իրավապահներն էլ մինչ այս պահը ոչինչ չեն հայտնել: Եթե այդպիսի փաստեր կան, ինչո՞ւ դրանք չեն հրապարակվում, ինչու քրեական գործեր չեն հարուցվում:
«Քրեական գործեր են հարուցվում, ասում են՝ ո՞նց, հոգևորականների դեմ քրեական գո՞րծ եք հարուցում, ո՞նց կարելի է հոգևորականի դեմ քրեական գործ հարուցել», - ասաց նա:
Մայր Աթոռի դեմ պայքարն այլևս անթաքույց է. փաստաբան
Մայր Աթոռի շահերը ներկայացնող փաստաբան Արմինե Ֆանյանն ընդգծում է՝ եթե իշխանությունները ձեռքի տակ իրական փաստեր ունենային, ապա վաղուց իրավական գործընթաց կսկսվեր՝ Գարեգին Երկրորդն էլ արդեն բանտում կլիներ: Փաստաբանի պնդմամբ՝ վարչապետի հայտարարությունները վկայում են՝ Մայր Աթոռի դեմ պայքարն այլևս անթաքույց է, տեղի ունեցողն էլ ոչ այլ ինչ է, քան ինֆորմացիոն պատերազմ:
«Սա ուղղակի եկեղեցու դեմ մղվող պայքարի արդեն ինֆորմացիոն պատերազմն է, որտեղ անընդհատ ինֆորմացիոն դաշտ շպրտվում են տեղեկություններ, որպեսզի ներազդեն մեր հասարակության ընկալման վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:
Ի պատասխան իշխանությունների գործողությունների՝ Մայր Աթոռը պարբերաբար հայտարարություններ է տարածում ու ընդգծում՝ դրանք հակասահմանադրական են: Երեկ էլ քահանայից հավաքի մասնակիցները «վերահաստատել են իրենց հավատարմությունն Ամենայն Հայոց հայրապետին»:
«Վերջին ամիսներին Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր կյանքը։ Ստեղծված իրավիճակը բացասական հետևանքներ և լարվածություն է առաջ բերել մեր համայնքների կյանքում, ինչին, ցավոք, նպաստել է նաև որոշ եկեղեցականների անընդունելի ընթացքը։
Նոր պառակտումներից զերծ մնալու համար հրամայական է, որպեսզի քահանաներս մեր ուխտին ու կոչմանը հավատարիմ անշեղորեն հետևենք Առաքելական մեր սուրբ եկեղեցու կարգերին ու կանոններին, եղբայրասիրությամբ հետամուտ լինենք միաբանության վերականգնմանը և առ Աստված ապավինությամբ ու հավատի գործերով արդյունավորենք տիրավանդ մեր առաքելությունը», - նշված է հայտարարության մեջ:
Այսօր էլ կաթողիկոսն ընդունել է եկեղեցին իր ձևով պաշտպանելու մասին հայտարարությունից հետո կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի շահերը ներկայացնող ամերիկացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամին: Ըստ Մայր Աթոռի տարածած հաղորդագրության՝ նրանք քննարկել են անազատության մեջ գտնվող եպիսկոպոսների ու Կարապետյանի նկատմամբ շարունակվող իրավական գործընթացները: Խոսել են նաև մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների մասին: Այլ մանրամասներ չկան: