Մատչելիության հղումներ

Կաթողիկոսն ընդունել է գնդերեցներին, որոնց ծառայությունը բանակում դադարեցվել է. նոր նշանակումներ են արվել

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է գնդերեցներին, որոնց ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում դադարեցվել է փետրվարի 1-ից, հաղորդում է Մայր Աթոռը:

Հանդիպմանը կաթողիկոսը կատարեց հոգևոր սպասավորների նոր նշանակումներ՝ «հորդորելով քահանա հայրերին նույն նվիրումով և հանձնառու ոգով շարունակել հոգեփրկչական իրենց առաքելությունը ծառայության նոր վայրերում»,- ասված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունում:

Պաշտպանության նախարարի հրամանով փետրվարի 1-ից բանակում հոգևոր ծառայողներ կարող են լինել, բայց Գլխավոր շտաբի բարոյահոգեբանական ապահովման վարչության համակարգմամբ: Ի դեպ, պարտադիր պայման է, որ Հայ Առաքելական եկեղեցում հոգևոր կրթություն ստացած լինեն:

Նախարար Պապիկյանի հրամանին նախորդել էին ահազանգեր, որ կորպուսի հրամանատարները, զինվորականները գնդերեցներին հորդորում են միանալ վարչապետ Փաշինյանի հռչակած եկեղեցու բարենորոգման օրակարգին:

Գնդերեցները բանակում են 2000 թվականից: Իշխանության նախորդ յոթ տարիների ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» խնդրահարույց չէր համարել նրանց ենթակայությունը Հայ Առաքելական եկեղեցուն: Փոփոխությունը կատարվեց իշխանություն-եկեղեցի ամիսներ շարունակվող լարվածության ֆոնին:

XS
SM
MD
LG