Ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվել է հայտնել՝ տիրապետում են արդյոք տեղեկատվության, ըստ որի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը «ամենօրյա ռեժիմով զեկուցում է օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին», ինչպես շաբաթներ առաջ խորհրդարանում պնդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ազատությունը» գրավոր հարցում էր ուղարկել ԱԱԾ՝ խնդրելով հայտնել՝ տիրապետում են արդյոք նման տեղեկատվության, և եթե այո՝ խնդրել էինք տրամադրել դա հավաստող փաստաթուղթ կամ այլ տվյալներ:
Ազգային անվտանգության ծառայությունից այսօր մերժել են հարցմանը պատասխանել՝ դա հիմնավորելով մի շարք օրենքների սահմանափակումներով:
«Ինչպես Ձեր կողմից հայցվող, այնպես էլ Ազգային անվտանգության մարմիների վրա դրված մյուս խնդիրների լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկությունները ձեռք են բերվում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելով, որոնց արդյունքի մասին տեղեկությունները «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա» ենթակետի համաձայն և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ դասվում են պետական գաղտնիքի շարքին և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետի հիմքով չեն կարող տրամադրվել»:
Գարեգին Երկրորդի գահընկեցությանը լծված վարչապետ Փաշինյանը պարբերաբար պնդում է, թե Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը հակապետական գործունեությամբ է զբաղված՝ չներկայացնելով որևէ կոնկրետ փաստ:
«Ես հիմա էլ եմ ասում և դա իմ գնահատականն է, դա նաև ակնհայտ իրողություն է, այսինքն՝ Ձեզ համար նորությո՞ւն է, որ կաթողիկոսը ղեկավարվում է դրսից, չե՞ք տեսել փաստեր, ուշադիր լրատվությանը հետևեք, կտեսնեք այդ փաստերը, քրեական գո՞րծ է ձեզ պետք դա տեսնելու համար» ,- Կաթողիկոսի գործակալ լինելու-չլինելու հարցին պատասխանելիս դեկտեմբերի 18-ին վրդովված հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
Նրա այս պնդումից մեկ օր անց «Քաղաքացիական պայմանագրին» պատկանող civic.am լրատվամիջոցը հրապարակեց ԱԱԾ-ից ստացած մի փաստաթուղթ, որը վերաբերում էր ոչ թե կաթողիկոսի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պնդումներին, այլ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին: Ըստ այդ հրապարակման՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 80-ականներին հավաքագրվել է սովետական ՊԱԿ-ի կողմից։
Թե այս դեպքում ինչո՞ւ ԱԱԾ-ն նույն պետական գաղտնիքին հղում անելով չէր մերժել իշխանական civic-ին, ինչպես այսօր մերժեց «Ազատությանը»՝ հայտնի չէ, ավելին՝ ԱԱԾ-ից անգամ պնդել էին, թե Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը այժմ էլ կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ: Սրա վերաբերյալ կա՞ հարուցված քրեական գործ, թե՞ ոչ, դարձյալ հայտնի չէ: