Փաշինյանը հայտարարում է՝ հայկական երկաթուղու կառավարումը ռուսական կողմից հետ վերցնելուն այլընտրանք չկա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ, արխիվ

Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից ընդամենը երեք օր անց Հայաստանի վարչապետն ուղիղ հայտարարում է՝ հայկական երկաթուղու կառավարումը ռուսական կողմից հետ վերցնելուն այլընտրանք չկա: Նիկոլ Փաշինյանը, որ նախկինում պնդում էր, թե Երևանը պայմանագրի միակողմանի չեղարկման պլան չունի ու Մոսկվայի թիկունքում քայլեր չի անի, այժմ ակնարկում է իրավական որոշումների մասին՝ առանց փակագծեր բացելու:

«Մենք ուզում ենք բարեկամական ձևով էդ խնդիրը լուծենք, բարեկամական ձևով; Բայց նաև մենք էդ խնդիրը բոլոր դեպքերում պիտի լուծենք բարեկամական ձևով, բայց նաև էլի դե յուրե, կարող է հարց ծագի, որ մենք դե յուրե որոշումներ կայացնենք: Եթե անհամաձայնություն կա, հետո կգնանք արբիտրաժում բան կանենք, կքննարկենք», - այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Փաշինյանը;

Թե ինչ որոշումների մասին է խոսքը, վարչապետը չբացահայտեց: Նա նաև չհստակեցրեց՝ արդյո՞ք սպառվել է հարցը բանակցություններով լուծելու հնարավորությունը, քանի որ արդեն հայտարարում է միջազգային արբիտրաժ դիմելու մասին: Կոնցեսիոն պայմանագրով՝ վեճը միջազգային տրիբունալ է մտնում միայն փոխադարձ համաձայնության ձախողումից հետո: Հարց է առաջանում՝ Փաշինյանն ու Պուտինն իրենց վերջին հեռախոսազրույցում քննարկե՞լ են արդյոք երկաթուղու ապագան:

«Երկաթուղու հետ կապված քննարկում չի եղել, բայց երկաթուղու հետ կապված մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ դա մեր սեփականությունն է, և Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորություն ունենա էդ երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես ինքը նպատակահարմար է գտնում: Ես ուզում եմ շատ հստակ լինել էս հարցում, այլընտրանք չկա սրան», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայկական երկաթուղին ռուսական կառավարմանն է հանձնվել 2008 թվականին 30 տարով։ Ռազմավարական նշանակության ընկերությունը հետ վերցնելու և այլ երկրի փոխանցելու մասին Փաշինյանն առաջին անգամ խոսեց այս տարեսկզբին: Փաստարկն այն էր, որ ռուսական կառավարման պատճառով երկաթուղին կորցնում է մրցակցային առավելությունները:

«Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի և՛ Ռուսաստանի հետ, և՛ Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունքը», - ասել էր վարչապետը:

Մոսկվան կտրուկ մերժեց կառավարման փոխանցումը, իսկ Երևանը հայտարարեց, որ քննարկումները կշարունակվեն, մինչև կարողանան գալ համաձայնության:
Արդյոք վերջին ամիսներին սրված հայ-ռուսական հարաբերություններն ու Մոսկվայի կողմից հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումնե՞րն են պատճառը, որ վարչապետն այսօր երկաթուղու թեմայով խոսույթն ավելի կոշտացրեց՝ պարզ չէ:

«Ռուսական երկաթուղիներ»-ը սպառնում է իր ներդրումների վերադարձ պահանջել

«Ռուսական երկաթուղիներ»-ը, մինչդեռ, հայտարարում է՝ եթե հայկական կողմը մտադիր է փոխել կամ դադարեցնել կառավարման պայմանները, պետք է վերադարձնի ներդրումները։

«Կողմերի բոլոր իրավունքներն ու պարտականությունները նշված են կոնցեսիոն պայմանագրում, որի կողմ է նաև Հայաստանի կառավարությունը։ Մենք մտադիր ենք խստորեն պահպանել այն, և եթե հայկական կողմը մտածի այն դադարեցնելու կամ դրա պայմանները փոխելու մասին, մենք իրավունք ունենք ակնկալել մեր ներդրումների վերադարձ», - ТАСС-ին ասել է ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Բելոզերովը։

Ավելի վաղ «Ազատություն»-ը հաղորդել էր, որ երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու դեպքում Կառավարության պարտավորությունները առավելագույնը կարող են կազմել ավելի քան 273 մլն դոլար։ Այդ մասին նշված է Հայաստանի կառավարության՝ 2025-ի հունիսին ընդունված պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են և պետք է ծառայեն ՀՀ շահերին, այլ տարբերակ բացառված է. վարչապետ«Հյուսիսային երկաթուղու շուրջ լուրջ զարգացումներ են գնում», հայտնել է վարչապետը՝ առանց մանրամասնելուՓաշինյան․ Տավուշով անցնող երկաթուղին կարող է դառնալ արևելքը արևմուտքին կապող ճանապարհՄեր երկաթուղին չենք կարող թողնել՝ մնա մետաղի ջարդոն. վարչապետՀայկական երկաթուղին այլ երկրի կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում. ԳրիգորյանՊատրաստվում ենք Ախուրիկ-Աքաքյա երկաթուղու վերաբացմանը. Փաշինյան«Երկաթուղին նորոգելու ենք», - ասում է վարչապետը. ըստ նախարարների՝ ռուսների հետ քննարկումները շարունակվում ենԵրկաթուղու կառավարումը հանձնելու հայկական կողմի հայտարարությունները տարօրինակ են. ՌԴ ԱԽՄոսկվան դեմ է երկաթուղու կոնցեսիան վաճառել, իսկ ՀՀ-ն չի խզի պայմանագիրը. մանրամասներ մոսկովյան բանակցություններից

Վարչապետը հաջորդ շաբաթ կմասնակցի ԵԱՏՄ նիստին և կասի, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է

Փոխարենը, Փաշինյանը վերահաստատեց՝ հաջորդ շաբաթ մասնակցելու է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:

«Հարթակ է, որտեղ, բնականաբար, ես մեր օրակարգին առնչվող բոլոր հարցերը բարձրացնելու եմ, ասելու եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է, չի գործում ԵԱՏՄ-ն: Եթե ԵԱՏՄ-ի պայմանագիրը չի գործում, չի գործում ԵԱՏՄ-ն: Եվ ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է, և կաթվածահարությունը խորանալու միտումներ է ցուցաբերում: Եվ եթե էս հարցը արագ չլուծվի, ես 100 տոկոս վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը էս խնդիրը հաղթահարելու է, ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու», - պնդեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը, որ քարոզարշավի փուլում հայտարարում էր, թե Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածություն չկա, իսկ հայկական արտադրանքի նկատմամբ սահմանափակումները կապում էր ֆիտոսանիտարական խնդիրների հետ, այսօր արդեն ստեղծված իրավիճակին այլ բացատրություն տվեց: Ըստ վարչապետի՝ Ռուսաստանը խնդիր է տեսնում Հայաստանի՝ այլ երկրների հետ սկսած ռազմավարական համագործակցության մեջ: Ու թեև Մոսկվայից հայտարարում են, թե ընդունում են քաղաքական ու տնտեսական այլընտրանքներ փնտրելու Երևանի իրավունքը, միևնույն ժամանակ հորդորում են ընտրությունն անել արագ:

«Ես ասում եմ՝ այն այլընտրանքը դեռ ձևավորված չի, սկսվել է այլընտրանքը ձևավորելու պրոցեսը, կձևավորվի՞ այլընտրանք... Հիմա ազնիվ չի լինի, որ մենք մեր ժողովրդի առաջ հարց դնենք՝ «դուք չձևավորված այլընտրանքը ուզո՞ւմ եք, թե՞ չեք ուզում», որովհետև մեր ժողովուրդը լիքը հարցեր կտա, որոնց պատասխանները մենք էսօր չունենք: Կգնանք, կաշխատենք, էդ հարցերի պատասխանները կձևակերպենք, կվերադառնանք և մեր ժողովրդին կհարցնենք», - ընդգծեց Փաշինյանը:

Այս շաբաթասկզբին՝ ընտրություններից հետո Կրեմլի ղեկավարի հետ առաջին հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանն ընդգծել էր, որ հայկական ապրանքների արտահանման սահմանափակումները հակասում են ինչպես երկկողմ պայմանագրերին, այնպես էլ ԵԱՏՄ կարգավորումներին: Նա Պուտինին խնդրել էր միջոցներ ձեռնարկել խնդիրը լուծելու համար։

Մոսկվան ի պատասխան միայն կրկնեց՝ Ռուսաստանի նախագահը վերահաստատել է Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը:

«Նման հարցով հանրաքվե անելու համար Հայաստանը պետք է գոնե դիմած լինի, էլ չեմ ասում՝ առավել տրամաբանական է, որ Հայաստանը գոնե անդամության թեկնածուի կարգավիճակ ունենա, կամ արդեն է՛դ հարցը լինի օրակարգում, էդ ժամանակ շատ տրամաբանական կլինի իրականացնել հանրաքվե էդ հարցով, և անհրաժեշտ կլինի», - շեշտեց վարչապետը:

Փաշինյանը կրկին հիշեց Լուկաշենկոյին

Հայաստան-Ռուսաստան լարված հարաբերությունների մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանն այսօր հիշեց Բելառուսի նախագահին: Հայաստանին ուղղված նրա հայտարարություններից մեկը մեջբերելով՝ ընդգծեց. - «Հայաստանի Հանրապետությունը ո՞ւմ էր ինչ արել, որ Բելառուսի նախագահը հայտարարի, որ «գիտե՞ք ինչ, դե Հայաստանը ո՞ւմ է պետք»: Ի՞նչն էր վատ արել, վատություն է՞ր արել ինչ-որ մեկին, Բելառուսին վատություն է՞ր արել Հայաստանի Հանրապետությունը: Ո՛նց կարելի է երկրի, ինքնիշխան երկրի մասին էդպես խոսալ: Հիմա մենք ցույց ենք տալիս, թե ում է պետք Հայաստանի Հանրապետությունը»:

Սրան հետևեց լրագրողներից մեկի հարցը. - «Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին ամեն անգամ երբ հարց ենք հնչեցնում, դուք հիշում եք Լուկաշենկոյին: Այնպիսի տպավորություն է, ասենք, Պուտինի մուռը Լուկաշենկոյից եք հանում»:

«Ես մուռ չունեմ, որ հանեմ», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին«Ոչ թե ճգնաժամ է, այլ հնարավորություն». Փաշինյանն անդրադարձավ ռուսական շուկայի սահմանափակումներին«Եթե այս հարցն արագ չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը». Երևան-Մոսկվա հարաբերությունները ավելի են սրվում«Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է». ՓաշինյանԵԱՏՄ սկզբունքների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ, ողջ ԵԱՏՄ խնդիրն է. ՊապոյանԻշխանությունը հայ-ռուսական հարաբերություններում իրավիճակը փակուղային չի համարում, ընդդիմությունում այլ կարծիքի են Պեսկով․ «Հայաստանում հանրաքվեի անցկացման ժամկետները չեն հստակեցվել»Պուտինը կրկին պահանջել է հանրաքվե անցկացնել՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ