ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը «Երևանի կողմից «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարումը զիջման հանձնելու անհրաժեշտության մասին հայտարարությունները տարօրինակ է որակել։
«Առնվազն տարօրինակ են թվում հայկական կողմի հայտարարությունները, թե «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը իբր ստեղծում է որոշակի մրցակցային կորուստներ երկրի համար, ինչպես նաև առաջարկները՝ այդ կոնցեսիան փոխանցել երրորդ երկրներին»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է Շևցովը՝ հավելելով՝ պայմանագիրը կնքվել է Հայաստանի համար առավել բարենպաստ պայմաններով։
Վարչապետ Փաշինյանն ապրիլի 1-ին Մոսկվա մեկնելուց առաջ հրապարակային հայտարարել էր՝ հայկական երկաթուղու ռուսական կառավարման պատճառով տարածաշրջանային ապաշրջափակման ընդհանուր համատեքստում Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը:
Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը հայտնել է, որ նախնական գնահատականներով՝ կոնցեսիան հնարավոր գնորդներին կարժենա առնվազն 250 մլն դոլար իրավունքների գնման և փոխհատուցումների համար։
«Ամեն դեպքում տեսությունը միշտ կարելի է ստուգել գործնականում, և չի բացառվում, որ արդյունքները կարող են նույնիսկ գերազանցել սպասումները, իսկ Հայաստանի սոցիալ-տնտեսական կորուստները ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող են ավելի մեծ լինել, քան կանխատեսվում է», - ասել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։
Փաշինյան-Պուտին մոսկովյան վերջին լարված խոսակցությունից հետո Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չէր թաքցրել՝ երկաթուղու հարցով համաձայնություն Ռուսաստանում ձեռք չի բերվել: