Երևան-Մոսկվա լարված հարաբերությունները ավելի են սրվում. Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո վարչապետ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե Հայաստանի դեմ տնտեսական սահմանափակումների հետևանքով Եվրասիական միության ճակատագիրն է կասկածի տակ:
«Մենք հիմա բոլորս արձանագրում ենք, որ այդ պրոբլեմը Հայաստանինն է, բայց այդ պրոբլեմը Հայաստանինը չէ, դա ԵԱՏՄ պրոբլեմն է, որովհետև փաստացի ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կաթվածահար է ու չի աշխատում: Եթե այս հարցն արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը», - ասաց Փաշինյանը:
ԵԱՏՄ-ում, այնինչ, Հայաստանի դեմ հայտարարություն են ընդունել՝ պահանջելով հստակ ընտրություն կատարել՝ Երևանը մնում է տնտեսական այդ դաշինքո՞ւմ, թե՞ եվրոպական ուղին է բռնում:
Հայաստանյան նախընտրական քարոզչության օրերին Ռուսաստանը արգելեց հայկական ծագման ապրանքների ներմուծումը՝ պատճառաբանելով սանիտարական, անվտանգության խնդիրներով: Եվ մինչ Երևանը ամենաբարձր մակարդակով միջնորդում է վերջ տալ այս քաղաքականությանը, Մոսկվան ընդլայնում է արգելված արտադրանքի տեսականին: Միաժամանակ ռուսներն ամենօրյա ռեժիմով խոսում են արտաքին կողմնորոշման հարցով հանրաքվեի մասին՝ ակնկալելով, որ Երևանը ամենամոտ ժամկետում ժողովրդական քվեարկության կդնի՝ «Եվրոպակա՞ն, թե՞ Եվրասիական միություն» հարցը:
«Վերջնաժամկետների հետ կապված խոսույթն անընդունելի, մեր ինքնիշխան իրավունքների հետ կապված մենք ինքներս ենք որոշումներ կայացնում: Մենք պետք է որոշենք՝ երբ հանրաքվե անենք, երբ չանենք», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հիշեցնում է, որ ռուս գործընկերոջը վերջին հեռախոսազրույցում ասել է՝ հանրաքվե կնշանակվի միայն, երբ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության դիմումը պաշտոնապես կմուտքագրվի: Մինչև դա Երևանը մտադիր չէ լքել Եվրասիական միությունը, որտեղ Արևմուտքն անվանում են թշնամի: Հենց երեկ Ռուսաստանի արտաքին հետախուզությունը տնտեսական ծանր հետևանքներ էր գուժում Հայաստանի համար՝ զգուշացնելով, որ Եվրամիության ճանապարհին նավակը խորտակվելու է, իրենք էլ չեն օգնելու:
«Եվրամիության հետ մեր հարաբերություններում մեր ինֆորմացիայի աղբյուրը եվրոպական երկրների հետ մեր շփումներն են, ոչ թե երրորդ երկրների հետախուզական ծառայությունները», - նշեց Փաշինյանը:
Հայկական արտադրության վրա սահմանված փաստացի պատժամիջոցներն արդեն հետևանքներ են առաջացրել. գյուղմթերքի իրացման ամենաթեժ սեզոնին հայ արտադրողները ստիպված են նոր շուկաներ փնտրել՝ կորցնելով ռուս բազմամիլիոն գնորդներին:
Հայ-ռուսական հարաբերություններում այս ճգնաժամը ղեկավարների մակարդակով առաջին անգամ տեսախցիկների առջև հայտնվեց ապրիլին Կրեմլում, երբ Պուտինը բարձրացրեց ընտրություններում ռուսամետ ուժերի մասնակցության հարցը՝ նկատի ունենալով տնային կալանքի մեջ գտնվող Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանին: Հետագայում Ռուսաստանի նախագահը Հայաստանի շուրջ իրավիճակն անգամ Ուկրաինայի հետ էր համեմատել, թե նրանք էլ էին ուզում Եվրամիությանն անդամակցել:
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ այս պատմությունը սկիզբ է առել, երբ հայկական կողմը սկսել է անվտանգության ու տնտեսության այլընտրանքներ փնտրել. «Ես չեմ պատկերացնում, որ մեր քաղաքականության արդյունքում հայտնվենք մի իրադրության մեջ, որ ՀՀ-ն այլընտրանքներ չունենա: Հայաստանի Հանրապետությունը միշտ և բոլոր հարցերում պետք է ունենա այլընտրանքներ: Այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է»:
Վարչապետը հավաստիացնում էր, որ գոնե այս հարցում նախօրեի հեռախոսազրույցում փոխըմբռնում եղել է: Բայց չթաքցրեց՝ ընտրություններից հետո լռություն պահպանող Ռուսաստանի նախագահը անգամ ուղիղ զրույցի ժամանակ չի շնորհավորել իրեն վերընտրվելու առթիվ: Վարչապետը, բայց ակնարկեց՝ զրույցն ինքնին ընտրությունների արդյունքների հետ հաշվի նստել էր. «Չի ուզել՝ չի շնորհավորել: Չի շնորհավորել, բայց ինքը ո՞ւմ հետ էր խոսում»:
Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանի ակնկալիքներն ավելին էին, անգամ խոսում էր Պուտինի հետ հանդիպման հստակ ժամկետների մասին, այսօր ասաց՝ այցը Մոսկվա հիմա էլ է օրակարգում, արդեն առանց որոշակիությունների: