Հայկական երկաթուղին ռուսական կառավարումից վերցնելու հարցով երեկ Մոսկվայում տեղի ունեցած Փաշինյան - Պուտին բանակցություններից հետո կողմերը թեև համաձայնության չեն հասել, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց՝ երկաթուղու կառավարման պայմանագիրը միակողմանի խզելու ծրագիր չունեն:
«Էդ լծակը Հայաստանի Հանրապետությունն ունի, բայց մենք չենք պլանավորում ու չենք ուզում գնալ այդպիսի ճանապարհով», - ասաց Փաշինյանը:
Վարչապետ Փաշինյանը Մոսկվա մեկնելուց մեկուկես ամիս առաջ հրապարակային հայտարարել էր՝ հայկական երկաթուղու ռուսական կառավարման պատճառով տարածաշրջանային ապաշրջափակման ընդհանուր համատեքստում Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը:
Իրավիճակից լուծումն, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է լիներ այն, որ Ռուսաստանին և Հայաստանին բարեկամ երկիր գնի կոնցեսիոն կառավարման իրավունքը: Երեկ արդեն Փաշինյանն ու Պուտինը հարցը մանրամասն քննարկել են դեմ առ դեմ, բայց որևէ լուծման չեն հանգել: Վարչապետը մարտի սկզբին ասում էր՝ ռուսական կողմից ըմբռնում են տեսնում, այդ դեպքում ինչո՞ւ Մոսկվայում չհասան համաձայնության:
«Քանի դեռ քննարկումները շարունակվում են, ես համաձայնության կամ անհամաձայնության մասին խոսելու պատեհություն չեմ տեսնում», - ասաց Փաշինյանը:
Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան որևէ երրորդ կողմի վաճառելու օբյեկտիվ պատճառներ չկան. Օվերչուկ
Որ հայկական երկաթուղու կառավարումը Ռուսաստանից վերցնելու վարչապետի գաղափարը Մոսկվայի սրտով չէ, ռուս պաշտոնյաները այս ընթացքում չեն թաքցրել: Երեկ երկու երկրների ղեկավարները իրենց բանակցությունների բաց հատվածում ոչինչ չխոսեցին այս թեմայով: Բայց բանակցություններից հետո ռուսական պետական լրատվամիջոցի հետ հարցազրույցում Մոսկվայի կոշտ դիրքորոշումը հայտնեց փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Մեզ համար պարզ է, որ Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան որևէ երրորդ կողմի վաճառելու օբյեկտիվ պատճառներ չկան։ Մեզ մոտ ընդունված է դատել գործողություններով, այլ ոչ թե խոսքերով, իսկ նրանք խոսում են այն մասին, թե ինչպես սկզբում խլեցին մասնավոր էներգետիկ ընկերության սեփականության իրավունքը, իսկ հիմա բարձրացնում են երկաթուղու կոնցեսիայի հարցը։ Ինչպե՞ս պետք է արձագանքենք դրան», - նշել է Օվերչուկը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պնդեց, թե ռուսական կողմի հետ պայմանավորվել են շարունակել քննարկումները: Խնդիրն, ըստ Փաշինյանի, ձևակերպված է ընդամենը մեկ նախադասությամբ, որ Հայաստանն այս պայմաններում իր մրցակցային պոտենցիալ առավելությունները կորցնում է։
«Մեր խնդիրն է, որ Հայաստանը իր մրցակցային պոտենցիալն ամբողջությամբ իրացնելու հնարավորություն ստանա։ Մենք Ռուսաստանի հետ կապված ոչ միայն խնդիր չունենք, այլև հակառակը՝ բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները և որևէ կերպ չենք ուզում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին։ Բայց մյուս կողմից այս իրադրությունը մեր մրցակցային առավելություններն օգտագործելու հնարավորություն չի տալիս, և մենք միասին պետք է մտածենք, թե ինչ լուծում ենք գտնում», - ընդգծեց նա:
Նիկոլ Փաշինյանը, երբ առաջին անգամ երկաթուղու կառավարումը վերցնելու մասին բարձրաձայնում էր, ասում էր, թե դրա պատճառների մասին խոսել է նաև Ռուսաստանի նախագահի հետ: Փոխվարչապետ Օվերչուկը, սակայն, պնդում էր, թե առաջին անգամ Փաշինյանի հարցազրույցից են տեղեկացրել, որ ռուսական կառավարման պատճառով Հայաստանը կորցնում է իր մրցակցային առավելությունը: Ռուս բարձրաստիճան պաշտոնյան առհասարակ դժգոհում էր, թե հայերի հետ մի բան պայմանավորվում են, բայց գործնականում տեսնում այլ բան: Որպես օրինակ էլ նշել՝ ինչպես էր Նիկոլ Փաշինյանը նախ դիմել ռուսներին կառուցել երկաթուղու երկու հատվածները, իսկ դրական արձագանքից հետո այլ առաջարկ արել:
«Ինչո՞ւ հրավիրել Ռուսաստանին վերականգնել այս երկաթգծերը, եթե դուք չեք տեսնում նրա շարունակական մասնակցությունը տարածաշրջանում տրանսպորտային կապի զարգացմանը։ Մեկ բան ասելը և մեկ այլ բան անելը, համաձայնեք, հարաբերությունները զարգացնելու լավագույն միջոցը չէ», - ասել է Օվերչուկը։
Փաշինյանը մոսկովյան այցը հաջողված որակեց
Նիկոլ Փաշինյանը մոսկովյան այցն այսօր հաջողված որակեց, անգամ խոսեց ռազմատեխնիկական ոլորտում կոնկրետ պայմանավորվածություններից, բայց փակագծեր չբացեց:
Մինչդեռ երեկ նախ Ռուսաստանի նախագահը, հետո առավել ուղիղ նաև փոխվարչապետ Օվերչուկը հրապարակային ասում էին, թե ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը պատճառ կդառնա Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների վերանայման: Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այստեղ սպառնալիք չկա:
«Ես այդ հայտարարությունների մեջ ոչ մի սպառնալիք չեմ տեսնում, մեր ասածների մեջ էլ ոչ մի սպառնալիք չկա, դա նորմալ աշխատանքային գործընթաց է, որտեղ կողմերը ներկայացնում են իրենց դիրքորոշումները», - նշեց Փաշինյանը
Վարչապետը նաև ուղիղ չասաց՝ արդյոք Ռուսաստանի ղեկավարը նպատակ ունի՞ Հայաստանը դարձնել Ռուսաստանի ծայրագավառ, թե ոչ. «Ես Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների գնահատականը տվել եմ, այդ թվում՝ երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ իմ ունեցած հանդիպման ընթացքում»: