Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր Կառավարության նիստում անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներկրման սահմանափակումներին, պնդեց, թե ստեղծված իրավիճակն իրականում հայ արտադրողների համար նոր հնարավորություն է բացում, ինչը կօգնի զարգանալ ու բարձրացնել հայկական արտադրանքի որակը:
«ԵԱՏՄ-ի և ռուսական շուկայի հետ կապված վիճակը շատերը ճգնաժամ են համարում, ես համարում եմ հնարավորություն: Սա ճգնաժամ չի, սա հնարավորություն է, պատուհան է, որը ինքներս ենք բացել մեր առաջ: Բռնակները յուղել ենք և հանգիստ բացել ենք դուռը, պատուհանը և օդափոխությունը պետք է հանգիստ կազմակերպենք նորմալ», - հայտարարեց վարչապետը:
«Ավարտվել է էն դարաշրջանը, երբ որ մենք չունենք այլընտրանք: Մենք ամեն տեղ և անընդհատ պետք է ունենանք այլընտրանք: Եվ ինչքան շատ, էնքան լավ: Եվ մեր ժողովուրդը պետք է իմանա, որ ինքը հնարավորություն ունի որոշում կայացնելու», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումների լայնածավալ փուլը սկսեց այս տարվա ապրիլի վերջից՝ հետագայում ընդլայնելով այն մայիս-հունիս ամիսներին։ Սահմանափակումներ կամ արգելքներ կիրառվեցին հայկական հանքային ջրի, ալկոհոլային խմիչքների, ծաղիկների, ձկնամթերքի, ինչպես նաև մի շարք գյուղատնտեսական ապրանքների՝ մրգերի, բանջարեղենի և հատապտուղների, օրերս էլ՝ կաթնամթերքի ներմուծման նկատմամբ: