Պարսից ծոցի համար նոր գլուխ է բացվում առանց ԱՄՆ-ի. Խամենեի

Արխիվ

Մինչ Միացյալ Նահանգները Հորմուզի նեղուցը ապաշրջափակելու մտադրություն չունի, Իրանի գերագույն առաջնորդը Պարսից ծոցի ազգային օրվա առթիվ հղած գրավոր ուղերձում պնդել է, թե Ծոցի և Հորմուզի նեղուցի համար նոր էջ է բացվում, որում ԱՄՆ-ն տեղ չունի: Մոջթաբա Խամենեիի հայտարարությունն ընթերցվել է հեռուստատեսությամբ, հրապարակվել սոցցանցերում:

Խամենեին պաշտպանել է պատերազմի օրերին Ծոցի երկրների վրա Իրանի հարձակումները՝ նշելով, որ ԱՄՆ-ն իր ռազմաբազաներով անկայունություն է հրահրում և «չարիք սերմանում» տարածաշրջանում: Մինչդեռ Իրանը, ըստ նրա, կապահովի Ծոցի անվտանգությունն ու կվերացնի «թշնամու կողմից ջրուղու չարաշահումը»: Հորմուզի նեղուցի կառավարման նոր կարգն էլ «խաղաղություն և առաջընթաց կբերի» ողջ տարածաշրջանին, խոստացել է նա:

«Այսօր, երբ աշխարհի բռնակալների կողմից տարածաշրջանում իրականացված ամենամեծ ռազմական մոբիլիզացիայից և ագրեսիայից, ինչպես նաև Ամերիկայի սեփական ծրագրի շրջանակում կրած ամոթալի պարտությունից անցել է երկու ամիս, Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի համար նոր գլուխ է բացվում», - նշել է նա։

Իրանը նաև կպաշտպանի իր «միջուկային և հրթիռային կարողությունները», նշել է Իրանի գերագույն առաջնորդը, որը
պատերազմի առաջին օրը վիրավորվելուց հետո դեռ չի ներկայացել հանրությանը և միայն տեքստային ուղերձներ է հղում: Խամենեին նաև չի բացատրել, թե ինչպես են վերացնելու ամերիկյան շրջափակումը:

Խորհրդարանի խոսնակն էլ գրել է, որ 115 տարվա օկուպացիայից հետո Իրանը վտարեց «եվրոպացի գաղութարարներին Պարսից ծոցից: Այսօր էլ, ըստ նրա, Հորմուզի նեղուցը վերահսկելով, Թեհրանը կապահովի, որ թե՛ Իրանը, թե՛ հարևանները «վայելեն ԱՄՆ ներկայությունից և միջամտությունից զերծ ապագայի թանկարժեք օրհնությունը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պատերազմից և ամերիկյան շրջափակումից խարխլված տնտեսության պայմաններում իրանական արժույթը ռեկորդային անկում է գրանցել

Մինչ այդ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրանական նավահանգիստների շրջափակումը կշարունակվի այնքան, մինչև Թեհրանը չհամաձայնի գործարքի, որը կփարատի ԱՄՆ մտահոգություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ:

Axios-ի հետ զրույցում ԱՄՆ նախագահն ասել էր, որ շրջափակումն ավելի արդյունավետ է, քան ռմբակոծությունը, ապա պնդել, թե շրջափակումը տնտեսապես խեղդում է Իրանին, իսկ հաջորդիվ իրավիճակը կվատթարանա: Թրամփը պնդել է, թե Իրանը ցանկանում է գործարքի գնալ, սակայն ինքը չի ցանկանում վերացնել շրջափակումը, քանզի չի ուզում, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի:

«Շրջափակումը հանճարեղ է, լա՞վ։ Շրջափակումը 100 տոկոսով անթերի է եղել։ Դա ցույց է տալիս, թե որքան լավն է մեր նավատորմը, կարող եմ դա ձեզ ասել։ Ոչ ոք խաղեր չի խաղալու», - նշել է նա։

Axios-ը նաև գրում է, որ ԱՄՆ զինուժը սկսել է Իրանի դեմ «կարճատև և հուժկու» հարձակման նոր ծրագիր մշակել, եթե բանակցությունները ձախողվեն։ Ըստ լրատվամիջոցի՝ Թրամփին այն կներկայացվի այսօր: Վաշինգտոնը դեռ չի մեկնաբանել լուրը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը թերևս չի ընդունի Իրանի առաջարկը. CNN


ԱՄՆ պաշտպանության նախարարն էլ Կոնգրեսում լսումների ժամանակ արդարացրել է Իրանի դեմ պատերազմը, որն առ այսօր մոտ 25 մլրդ դոլար է արժեցել ամերիկացի հարկատուներին: Փիթ Հեգսեթը հերքել է պնդումները, թե ԱՄՆ-ն այս պատերազմին մասնակցելով հայտնվել է ճահճում: Նախարարը նաև ասել է, թե Իրանը Հորմուզի նեղուցում զբաղված է ծովահենությամբ:

«Այն, ինչ նրանք անում են հիմա, փաստացի ծովահենություն է, դա ահաբեկչություն է, դա սպառնում է միջազգային նավագնացությանը, և մեր շրջափակումն ազդակ է աշխարհին, որ իրականում մենք ենք վերահսկում այդ նեղուցը», - ասել է նախարարը։

ԱՄՆ ֆինանսների նախարարն էլ հայտարարել է, որ տնտեսական ճնշման և իրանական նավահանգիստների շրջափակման արդյունքում Իրանի կառավարությունն արդեն «ճգնաժամի» մեջ է հայտնվել: Սքոթ Բեսենթը պնդել է, որ այս միջոցառումներն անդառնալի վնաս կհասցնեն Իրանի տնտեսությանը։

Իրանում մինչդեռ համաձայն չեն ամերիկացիների հետ: Խորհրդարանի խոսնակը սոցցանցում գրել է, որ մինչ այժմ իրանական նավթահորերում պայթյուններ չեն եղել: Ըստ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի՝ երկիրը պատրաստ է դիմանալ տնտեսական ճնշմանը առնվազն ևս 30 օր։ Նա նաև քննադատել է Բեսենթին՝ Իրանին շրջափակման մեջ պահելու վերաբերյալ Թրամփին վատ խորհուրդներ տալու համար: Դրանց արդյունքում, ըստ նրա, նավթի գինը բարձրացել է 120 դոլարից ավելի։ «Հաջորդ կանգառը 140 դոլարն է։ Խնդիրը տեսությունը չէ, այլ՝ մտածելակերպը»,- գրել է Ղալիբաֆը։

Այս ընթացքում Իսրայելը շարունակել է գործողություններն Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի դեմ Լիբանանի հարավում՝ հարվածելով մի քանի քաղաքի: Կան զոհեր: Իսրայելի բանակը լիբանանյան ութ քաղաքի բնակիչների զգուշացրել է, որ լքեն իրենց բնակավայրերը, մինչ բանակն էլ ավելի է ուժեղացնում իր հարձակումները։

Իսրայելը նաև միջերկրական ծովում կանգնեցրել է նավատորմ, որը մարդասիրական օգնություն էր տեղափոխում իսրայելական հարվածներից գրեթե հողին հավասարեցված Գազա: