Իրանական արժույթը ԱՄՆ դոլարի հանդեպ ռեկորդային անկում է գրանցել. երկու ամիս ձգվող հակամարտությունը շարունակում է խարխլել պատժամիջոցներից արդեն իսկ տուժած իրանական տնտեսությունը։
Փետրվարի 28-ին Իրանի դեմ մեկնարկած ամերիկա-իսրայելական ավիահարվածները` իրանական նավահանգիստների և նավերի ամերիկյան շրջափակման հետ միասին, խաթարել են Թեհրանի համար կենսական նշանակության նավթամթերքի արտահանումները՝ խոչընդոտելով տեղական արտադրությունը և նպաստելով գնաճին։
Նախօրեին մեկ ամերիկյան դոլարը 1.81 միլիոն իրանական ռիալով էր վաճառվում, ինչը պատմական նվազագույն ցուցանիշ էր: Այսօր փոխարժեքը վերադարձել է նախառեկորդային մակարդակին, սակայն, ըստ իրանական լրատվամիջոցների, ռիալը վերջին օրերին արժեզրկվել է ավելի քան 15 տոկոսով ։
Իրանը և Միացյալ Նահանգները ապրիլի 8-ին համաձայնեցին հրադադար հաստատել։ Դրան հաջորդեց Վաշինգտոնի կողմից տնտեսական ճնշման սաստկացումը։ Ապրիլի 13-ից ԱՄՆ-ն շրջափակել է Իրանից դուրս եկող նավերի ճանապարհը, ինչը բարդացրել է արտահանման միջոցով ուժեղ արտարժույթ ձեռք բերելու Թեհրանի ճանապարհը։
Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկի տվյալով՝ տարեկան գնաճը, որի նախապատերազմական ցուցանիշը 40 տոկոսի մոտակայքում էր, ապրիլի 4-ի դրությամբ հասել է 50 տոկոսի։
Իրանի բնակիչների խոսքով՝ հակամարտության մեկնարկից ի վեր առաջնային ապրանքատեսակները, ինչպիսիք են բրինձը, ձուն և հավի միսը, էականորեն թանկացել են։
Ավելացող գնաճը հունվարին լայնածավալ բողոքի ալիք էր բարձրացրել երկրով մեկ։ Հակակառավարական ցույցերը Իրանի կրոնավոր առաջնորդների համար լրջագույն սպառնալիքներից մեկը դարձան 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից ի վեր։
Իշխանություններն աննախադեպ ուժ գործադրեցին՝ սպանելով հազարավոր քաղաքացիների, փաստել են իրավապաշտպան կազմակերպությունները։
Իրանն, իր հերթին, փորձել է զգալի տնտեսական վնաս պատճառել Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին։ Ամերիկա-իսրայելական ավիահարվածներին ի պատասխան՝ Թեհրանը փաստացի փակել է համաշխարհային նավթի և գազի մատակարարումների համար կարևոր ուղին՝ Հորմուզի նեղուցը։
Իրանի այդ քայլը խարխլեց միջազգային էներգետիկ շուկաները և ցնցեց համաշխարհային տնտեսությունը։
Նախօրեին Brent նավթատեսակը թանկացել էր գրեթե 7 տոկոսով։ Մեկ բարելը վաճառվում էր ավելի քան 126 ԱՄՆ դոլարով, ինչը 2022-ին Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո ամենաբարձր ցուցանիշն էր։