Մատչելիության հղումներ

Թրամփը Թեհրանին կոչ է անում «շուտ խելքի գալ», Իրանը թարմացնում է սպառազինությունը

Իրանը լավ կանի խելքի գա և հրաժարվի միջուկային ծրագրից, հայտարարել է Դոնալդ Թրամփը: Սոցցանցում արած գրառմանը կից ԱՄՆ նախագահը հրապարակել է լուսանկար, որում ինքն է պատկերված՝ հրազենով, իսկ ետնապատկերին ենթադրաբար Իրանն է զինված հարձակման տակ: Լուսանկարին կա նաև գրություն, որով նա ակնարկել է, որ պատրաստ է կոշտ միջոցների դիմել:

«Իրանն անկազմակերպ է: Նրանք չգիտեն, թե ինչպես ստորագրել ոչ միջուկային համագործակցության մասին համաձայնագիր։ Ավելի լավ է շուտ խելքի գան», - ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Մինչ այդ The Wall Street Journal-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, գրել էր, որ Թրամփը վերջին հանդիպումներին որոշել է շարունակել ճնշումն Իրանի վրա և օգնականներին հանձնարարել է պատրաստվել իրանական նավահանգիստների երկարատև շրջափակմանը։

Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ ԱՄՆ նախագահը դիտարկել է նաև այլ տարբերակներ, այդ թվում՝ ռազմական գործողությունների վերսկսումը կամ հակամարտությունից դուրս գալը: Սակայն դրանք գնահատել է ավելի ռիսկային, քան շրջափակման պահպանումը։

Այս լուրի ֆոնին նավթի գները շարունակել են աճել: Brent տեսակի գինը հասել է 111 դոլարի մեկ բարելի դիմաց:

ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ տնտեսական ճնշումն արդեն իսկ միլիարդներով կրճատել է Իրանի եկամուտները, թուլացրել իրանական ազգային արժույթը։ Սքոթ Բեսենթը նշել է, որ շուտով Իրանը ստիպված կլինի կրճատել նավթի արտադրությունը և այդ դեպքում օրական մոտ 170 միլիոն դոլար կկորցնի։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն թիրախավորել է նաև Իրանի ստվերային բանկային ենթակառուցվածքը, կրիպտոարժույթներին հասանելիությունը, ստվերային նավատորմը, զենքի գնման ցանցերը և չինական նավթավերամշակման գործարանները, որոնք աջակցում են իրանական նավթի առևտրին:

«Այս գործողությունները հանգեցրել են տասնյակ միլիարդավոր դոլարների եկամուտների կորստի, որը կարող էր օգտագործվել ահաբեկչության ֆինանսավորման համար», - գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարը:

Ի դեպ, իրանական ազգային արժույթի փոխարժեքը նվազել է և նոր ռեկորդ գրանցել՝ 1.8 մլն ռիալ մեկ դոլարի դիմաց:

Չնայած Թրամփի սպառնալիքներին՝ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ ամերիկացի բանակցողները շարունակում են շփումներն իրանցիների հետ: Ըստ Աննա Քելլիի՝ իրանցի պաշտոնյաները չգիտեն, թե ով է փաստացի ղեկավարում երկիրը պատերազմի ժամանակ։

Ամերիկացի պաշտոնյան նաև ասել է, որ Թրամփը կկնքի միայն այնպիսի համաձայնագիր, որում «ԱՄՆ ազգային անվտանգությունն առաջնահերթություն կլինի»։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն, իր հերթին, հաստատել է, որ միջնորդական ջանքերը շարունակվում են և կընթանան նույն ակտիվությամբ:

Իրանը թարմացրել է սպառազինությունը. ԶՈՒ խոսնակ

Ու մինչ ԱՄՆ-ն սպառնում է ու շարունակում տնտեսական ճնշումը Թեհրանի վրա, Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարել է, որ երկիրը դեռ «պատերազմական վիճակում» է: Գեներալ Մոհամմադ Ակրամինիան ասել է, որ Իրանն այս ընթացքում պատրաստվել է, թարմացրել սպառազինությունը և ցանկացած նոր հարձակման կպատասխանի նոր մեթոդներով:

«Մենք չենք համարում, որ պատերազմն ավարտված է։ Քանզի ԱՄՆ-ի և մեր թշնամիների նկատմամբ վստահություն չկա, հրադադարի առաջին իսկ օրվանից ... շարունակել ենք լուրջ ջանքեր գործադրել մեր թիրախների ցանկը թարմացնելու համար», - հայտարարել է Իրանի զինված ուժերի խոսնակը:

Իրանի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան էլ անանուն մնալու պայմանով պետական PRESS TV հեռուստաընկերությանն ասել է, որ Իրանն «ռազմական աննախադեպ գործողությունների» կդիմի, եթե ԱՄՆ-ն շարունակի Իրանի հետ առնչվող նավերի առգրավումը:

Այս ընթացքում Իսրայելի բանակը շարունակել է գործողությունները Լիբանանի հարավում՝ թիրախավորելով Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի օբյեկտները: Կան զոհեր: Վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ հայտնել է, որ «Հեզբոլա»-ի կողմից կիրառվող հսկայական թունել են պայթեցրել, ոչնչացրել նրանց ենթակառուցվածքները:

«Մենք սպանում ենք բազմաթիվ ահաբեկիչների, և դեռ չենք ավարտել։ Մենք գործում ենք անվտանգության գոտում ... Մի քանի շաբաթ առաջ հրահանգցի անօդաչուների սպառնալիքը վերացնելու հատուկ նախագիծ սկսել։ Դա ժամանակ կպահանջի, բայց դա էլ կպայթեցնենք», - ասել է Նեթանյահուն:

Արտգործնախարարն էլ հայտարարել է, թե Իսրայելը Լիբանանի հանդեպ տարածքային նկրտումներ չունի: Գիդեոն Սաարը վստահեցրել է, որ Լիբանանում իսրայելական զորքի ներկայության միակ նպատակն է ապահովել իրենց քաղաքացիների անվտանգությունը:

ՄԱԿ-ը զգուշացրել է, որ Լիբանանում ավելի քան 1.2 միլիոն մարդ կարող է սուր սովի մատնվել պատերազմի պատճառով։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG