«Մտահոգ ենք մարդկանց կյանքի համար». ՀՀ-ում բնակվող իրանցին՝ երկրի զարգացումների մասին

Մինչ Իրանում շարունակվում են հակակառավարական ցույցերը՝ տարածվելով երկրի հարյուրից ավելի քաղաքներում, Հայաստանում բնակվող իրանցի տղամարդը երկու օր է՝ չի կարողացել կապվել Թեհրանում գտնվող հարազատների հետ:

«Վերջին 48 ժամվա ընթացքում ինտերնետ կապն անջատված է: Անցած գիշեր ավելի վատթարացավ իրավիճակը, այդ պատճառով էլ ստիպված ենք հենվել այն մարդկանց տեղեկատվության վրա, որոնք Իրանում են և վստահելի ինֆորմացիա կարող են փոխանցել», - «Ազատությանը» փոխանցեց Փարսան, որի ազգանունը չի ներկայացվում անվտանգության նկատառումներով:

Տղամարդը պատմեց՝ անցած գիշերվանից նույնիսկ հեռախոսային կապն են անջատել, մարդիկ նույնիսկ Իրանի ներսում չեն կարողանում իրար զանգել:

«Մենք շատ մտահոգ ենք մարդկանց կյանքի համար, քանի որ վերջին 4-5 տարիներին, երբ անջատել են ինտերնետը, կապի մյուս միջոցները, դաժանորեն ճնշել են բողոքի ակցիաները և սկսել են սպանել մարդկանց: Այդ պատճառով էլ վախենում ենք, որ այս անգամ էլ նման ծրագիր ունեն», - նշեց նա:

Իրանցի տղամարդը, սակայն լավատես է, որ ճնշումներ այս անգամ չեն լինի, որովհետև, ըստ նրա, «ուժայինների շրջանում դասալքություն կա»: «Ոստիկանները հրաժարվում են ուժ կիրառել, այդ պատճառով էլ իշխանությունն օգտագործում է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը»,- հավելեց Փարսան:

Թեհրանում և Իրանի մի շարք այլ քաղաքներում 12-րդ օրն է՝ հակակառավարական զանգվածային ցույցեր են, որոնք բռնկվել են իրանական արժույթի արժեզրկման և տնտեսական դժվարությունների պատճառով:

Ցույցերը տարածվել են Իրանի բոլոր 31 նահանգների ավելի քան 100 մեծ ու փոքր քաղաքներում: Իրավապաշտպան տարբեր կազմակերպությունների տվյալներով՝ դեկտեմբերի 28-ից սկսած ցույցերի ընթացքում 34-45 մարդ է սպանվել, այդ թվում՝ երեխաներ և իրավապահներ: Ձերբակալվել է ավելի քան 2270 ցուցարար։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում ցույցերը շարունակվում են արդեն 12-րդ օրը. մոտ չորս տասնյակ սպանված կա, հազարավոր ձերբակալվածներ

30-ամյա իրանցին, որ ուշի ուշով հետևում է իր երկրում ծավալվող իրադարձություններին, շեշտում է, որ այս անգամ մարդիկ ոչ թե բարեփոխումների, այլ ռեժիմի փոփոխության պահանջով են փողոց դուրս եկել:

«47 տարվա բռնապետությունը աշխարհի ամենահարուստ երկրներից մեկին հասցրել է այն կետին, որ մարդիկ չունեն մարդու իրավունքներ, նրանց իրավունքները համատարած խախտվում են: Մարդիկ էլ բարեփոխումներ չեն պահանջում: Նրանց վանկարկումները ռեժիմի ու համակարգի փոփոխության մասին են: Սա իրականում ռեժիմի փոփոխության հարց է»,- ասաց Փարսան:

Իրանցի 30-ամյա տղամարդը կարծում է, որ այն, ինչ հիմա կատարվում է Իրանում, հեղափոխություն է, քանի որ ցույցերը տարածվել են ողջ երկրով մեկ, և դրանց իր աջակցությունն է հայտնել Իրանի հանգուցյալ շահի որդին՝ Ռեզա Փահլավին, որն իր աջակիցներին կոչ էր արել դուրս գալ փողոց և բարձրաձայնել իրենց պահանջները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խամենեի․ «Թրամփը թող իր երկրի խնդիրներով զբաղվի»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ իրանցի ցուցարարի՝ ուժայինները «դիմահար կրակ են բացել» մարդկանց ուղղությամբ

«Ժողովուրդը նրա [Փահլավիի] անունն է գոչում Թեհրանի փողոցներում և ամբողջ Իրանում, ըստ էության՝ ամբողջ երկրով մեկ՝ Թավրիզից մինչև Թեհրան, մինչև Շիրազ՝ մեկ այլ խոշոր քաղաք, այդ թվում՝ Մաշհադում, որը բռնապետ Ալի Խամենեիի ծննդավայրն ու հայրենի քաղաքն է», - նշեց նա:

«Ազատությունը» «Զվարթնոց» օդանավակայանում զրուցել է նաև Թեհրանից Հայաստան ժամանող քաղաքացիների հետ, կարող եք դիտել տեսանյութում: