«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության՝ «Ֆարդայի» հետ զրուցած մի իրանցի ցուցարար նկարագրել է, թե ինչպես են ուժայինները կրակ բացել ցուցարարների վրա և ներխուժել հիվանդանոց, որտեղ այդ պահին վիրավորները բուժօգնություն էին ստանում։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 3-ին արևմտյան Իրանի քաղաքներից մեկում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) երկհարկանի շենքի մոտ, որի դիմաց տասնյակ ցուցարարներ էին հավաքվել։ «Երբ ցուցարարները սկսել են հակակառավարական կարգախոսներ վանկարկել և քարեր նետել շենքի ուղղությամբ, ուժայինները բարձրացել են շենքի տանիք և կրակ բացել հավաքվածների վրա», - պատմում է Մալեքշահի շրջանի բնակիչ Մոհամմադ Հեյդարի Իլամին, ով ականատես է եղել այդ միջադեպին։
«Երբ կրակոցներից հետո մի քանիսը ընկան, մարդիկ հասկացան, որ ուղիղ իրենց վրա են կրակում», - ասել է նա, հավելելով, - «մի քանի անմեղ մարդիկ, հիմնականում երիտասարդներ, սպանվեցին, վիրավորների թիվը մեծ էր»։
Նորվեգիայում գործող Hengaw իրավապաշտպան խումբը հայտնել է, որ հինգ ցուցարար է զոհվել, տասնյակները՝ վիրավորվել։ Նույն երկրում գործող մեկ այլ՝ «Իրանի մարդու իրավունքների» ոչ կառավարական կազմակերպությունը ևս հաստատել է զոհերի մասին այս հաղորդումները:
Իրանական պետական լրատվամիջոցները հայտնել են, որ ուժայինները բախվել են ոստիկանական բաժանմունքը գրոհել փորձող «խռովարարների» հետ, ինչի արդյունքում «հարձակման մասնակից երկու անձ» սպանվել է։
Սա ավելի քան քսան օր շարունակվող համազգային ցույցերի ընթացքում արձանագրված ամենաարյունալի միջադեպերից է։ Չնայած բիրտ ճնշումներին՝ տասնյակ քաղաքներում և բնակավայրերում իրանցիները շարունակում են ցույցի դուրս գալ՝ ռիալի արժեզրկման, գնաճի ու վատ կառավարման դեմ։
«Ֆարդա» ռադիոկայանը մինչ այժմ հաստատել է 20 ցուցարարի մահը։ Hengaw-ը հայտնել է 25 զոհի մասին, այդ թվում՝ չորս երեխայի։ Իրավապաշտպան խումբը հայտնել է, որ ձերբակալվել է ավելի քան հազար մարդ։ HRANA իրավապաշտպան ցանցը հայտնել է, որ սպանվել է առնվազն 29 մարդ, այդ թվում՝ երկու ուժային։
Վերջին տարիներին Իսլամական Հանրապետությունում մի քանի համազգային բողոքի ցույցեր են եղել։ Դրանց մասնակիցները պահանջել են ավելի մեծ սոցիալական ազատություններ և քաղաքական իրավունքներ, ինչպես նաև բողոքել բարձր գնաճի և ջրի սակավության վերաբերյալ։ Իշխանությունները սովորաբար արձագանքել են բիրտ ուժով։
«Նրանք բոլորին էին ծեծում»
Մալեքշահիում ցուցարարների սպանությունից ընդամենը մեկ օր անց իշխանությունները խուզարկել են մոտակա Իլամ քաղաքի Իմամ Խոմեյնիի անվան հիվանդանոցը, որտեղ վիրավոր ցուցարարները տեղափոխվել էին բուժման նպատակով։
Հունվարի 4-ին ԻՀՊԿ-ի և հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչները շրջապատեցին հիվանդանոցը, որտեղ շատերն էին խմբվել՝ մի տեղեկություն իմանալու իրենց հարազատների մասին։
Ցուցարար Իլամին պատմել է՝ ինքը տեսել է, թե ինչպես են ուժայինները արցունքաբեր գազ կիրառել և կոտրել պատուհանները՝ հիվանդանոց ներխուժելու համար։
«Չնայած դրան՝ հավաքված մարդիկ և բժշկական անձնակազմը թույլ չտվեցին նրանց վերցնել դիակները և ձերբակալել վիրավորներին», - ասել է նա։
Ի վերջո, ուժայինները ներխուժել են հիվանդանոց՝ ծեծելով և ձերբակալելով այնտեղ աշխատող բժիշկներին և բուժանձնակազմի անդամներին։
«Ծեծում էին բոլոր նրանց, ում տեսնում էին՝ անկախ նրանից՝ հասարակ մարդիկ էին նրանք, թե բուժանձնակազմի անդամներ», - պատմել է Իլամին։
Հունվարի 6-ին հրապարակված հայտարարության մեջ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նշել է, որ «Իրանի անվտանգության ուժերի հարձակումը Իլամ քաղաքի հիվանդանոցի վրա, որտեղ վիրավոր ցուցարարները բժշկական օգնություն կամ ապաստան էին փնտրում, խախտում է միջազգային իրավունքը և կրկին բացահայտում, թե որքան հեռու են պատրաստ գնալ Իրանի իշխանությունները՝ այլախոհությունը ճնշելու համար»։
«Իրանի անվտանգության ուժերը պետք է անհապաղ դադարեցնեն ցուցարարների դեմ ուժի և հրազենի անօրինական կիրառումը, դադարեցնեն հիվանդանոցում բուժում փնտրողների կամայական ձերբակալությունները, ապահովեն, որ վիրավորները ստանան անհրաժեշտ բժշկական օգնությունը և հարգեն բժշկական հաստատությունների անձեռնմխելիությունը»- հավելել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։