ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր սպառնացել է խիստ միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ, եթե նրա իշխանությունները «սկսեն մարդկանց սպանել», ովքեր բողոքի ցույցեր են անցկացնում երկրում, որտեղ տնտեսական ճգնաժամը հանգեցրել է քաղաքացիական անկարգությունների աճի։
«Ես նրանց տեղեկացրել եմ, որ եթե նրանք սկսեն մարդկանց սպանել, ինչը նրանք սովորաբար անում են իրենց անկարգությունների ժամանակ՝ նրանք շատ անկարգություններ են ունենում, եթե նրանք դա անեն, մենք նրանց շատ ուժեղ կհարվածենք», - ասել է Թրամփը:
Ըստ տեղական լրատվամիջոցների և պաշտոնական հայտարարությունների՝ դեկտեմբերի վերջին սկսված ցույցերից ի վեր զոհվել է առնվազն 21 մարդ, այդ թվում՝ անվտանգության ուժերի աշխատակիցներ։
Չնայած բիրտ ճնշումներին՝ տասնյակ քաղաքներում և բնակավայրերում իրանցիները շարունակում են ցույցի դուրս գալ՝ ռիալի արժեզրկման, գնաճի ու վատ կառավարման դեմ։
Վերջին տարիներին Իսլամական Հանրապետությունում մի քանի համազգային բողոքի ցույցեր են եղել։ Դրանց մասնակիցները պահանջել են ավելի մեծ սոցիալական ազատություններ և քաղաքական իրավունքներ, ինչպես նաև բողոքել բարձր գնաճի և ջրի սակավության վերաբերյալ։ Իշխանությունները սովորաբար արձագանքել են բիրտ ուժով։