Մոսկվայի կոշտ արձագանքը՝ եվրոպացի առաջնորդների երևանյան այցերից հետո

Ռուսաստանի և Հայաստանի դրոշները, արխիվ

Երևանում եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ միջոցառումներից հետո պաշտոնական Մոսկվան սկսել է մեկը մյուսի հետևից կոշտ հայտարարություններ անել: Երեկ նախ ԱԳՆ խոսնակը դժգոհեց, ապա գերատեսչություն կանչեցին Հայաստանի դեսպանին՝ Ուկրաինայի նախագահի՝ Երևան այցի կապակցությամբ վրդովմունք հայտնելով, այսօր էլ պնդեցին, թե Բրյուսելին մերձեցող Երևանի քայլերի վրա աչք փակել չեն կարող:

«Գործընկերության խորացման», «բարեփոխումներին աջակցելու» և «ժողովրդավարությանը սատարելու» գեղեցիկ կարգախոսների հետևում թաքնված է միանգամայն գործնական հաշվարկ՝ հանրապետությունը կտրել հուսալի անվտանգության համակարգից և կայուն տնտեսական կապերից։ Ընդ որում, այն գործիքներին, որոնք տասնամյակներ շարունակ ապահովել են երկրի կայունությունը, որևէ հստակ այլընտրանք չի առաջարկվում», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

Պաշտոնական Մոսկվան հավելել է, թե Երևանը շարունակում է մնալ իրենց դաշնակիցն ու Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության լիիրավ անդամը, չնայած Հայաստանը մի քանի տարի է՝ սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանը դադարեցնում է ՀԱՊԿ ֆինանսավորումը

«Սակայն չենք կարող աչք փակել այն քայլերի վրա, որոնք, ըստ էության, հակասում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ընդհանուր բազմակողմ հարթակներում ստանձնած պարտավորություններին։ Հույս ունենք, որ Հայաստանի ղեկավարությունը չի հարմարվի օտար աշխարհաքաղաքական խաղերին և առաջնահերթ կհամարի երկրի երկարաժամկետ ազգային շահերը»:

Մոսկվան պնդում է, թե «Եվրամիությունը ծրագրում է Հայաստանը կտրել հուսալի անվտանգության համակարգից»:

Պաշտոնական Երևանն առայժմ չի անդրադարձել Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարություններին. վարչապետ Փաշինյանը նախօրեին միայն հիշեցրեց ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը. « Կա՛մ 22, կա՛մ 23 թվին ասել եմ, որ Ուկրաինայի հարցում մենք դաշնակից չենք Ռուսաստանի հետ»:

Անցած ամիս էլ Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան մոսկովյան հանդիպմանը և հանդիպումից հետո ռուսական կողմը տնտեսական հնարավոր բացասական հետևանքներով սպառնաց Հայաստանին՝ գազի գնից մինչև Ռուսաստանում հայկական բիզնեսների նկատմամբ հնարավոր ճնշումներ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեզ մոտ ազատազրկման վայրերում քաղաքական գործընթացների մասնակիցներ չկան. Փաշինյանը՝ Պուտինին

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան է՛լ ավելի կտրուկ է իր արտահայտություններում. նա պնդեց, թե «Հայաստանին ներքաշում են ագրեսիվ եվրատլանտյան ստանդարտների ու մեխանիզմների մեջ»:

«Հայաստանի իշխանությունների բռնած ուղին վաղ թե ուշ կհանգեցնի Երևանին անդառնալիորեն Բրյուսելի հակառուսական քաղաքականություն ներքաշելուն՝ քաղաքական ու տնտեսական բոլոր հետևանքներով Հայաստանի համար», - նշել է նա:

Վարչապետ Փաշինյանը վերջին շաբաթներին պարբերաբար վստահեցնում է՝ հայ - ռուսական հարաբերությունները կառուցողական են, երկու երկրները լուրջ խնդիրներ չունեն:

«Ի՞նչ անվտանգային սպառնալիք այլևս պիտի լինի, որ ունենա ՌԴ-ի կողմից առաջնորդվող ինչ-որ այլ կառույցի անհրաժեշտությունը»

Արդյոք Ռուսաստանի Հայաստանին հուսալի անվտանգություն է ապահովել, որ հիմա էլ Բրյուսելին մեղադրում է Երևանին այդ անվտանգային համակարգից կտրելու համար. քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը հիշեցնում է՝ երբ Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա էր հարձակվում, այդ համակարգը չէր գործում:

«Կարծում եմ՝ այդ ժամակներն անցել են, որ Մոսկվան կարող է Հայաստանին սպառնալ անվտանգության հետ կապված հարցերով, որովհետև այդ անվտանգության հետ կապված հարցերը գոյություն են ունեցել 2020 թվականին, գոյություն են ունեցել 2021, 2022, 2023 թվականներին, և Ռուսաստանը չկատարելով իր պարտավորությունները՝ ուղղակի պարտավորությունները, հիմա այդ ոճի սպառնալիքներ հնչեցնելով՝ պարզապես անլուրջ տպավորություն է թողնում, - ասաց Գրիգորյանը և նշեց, - Ի՞նչ անվտանգային սպառնալիք այլևս պիտի լինի, որպեսզի ունենա ԱՊՀ-ի կամ Ռուսաստանի կողմից առաջնորդվող ինչ-որ այլ կառույցի անհրաժեշտությունը, երբ այդ նույն կառույցները ոչինչ չեն արել, երբ Հայաստանի սուվերեն տարածքը հարձակման է ենթարկվել»:

Գրիգորյանի կարծիքով՝ եվրոպական առաջնորդների մասնակցությամբ երևանյան միջոցառումներից հետո Մոսկվան այսպիսի հայտարարություններ է անում, քանի որ պարզապես անհրաժեշտ էր որևէ բան ասել. «Պարզ էր, որ նմանատիպ միջոցառումից հետո Ռուսաստանը չէր կարող անարձագանք թողնել դրանք»:

Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ տնտեսական կոշտ քայլերի կարող է գնալ, եթե, օրինակ, ռուսական ներկայությունը նվազեցնելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունները կոնկրետ գործողությունների դիմեն, օրինակ՝ երկաթուղիների վերաբերյալ որոշումներ կայացնեն: Երևանը հայտարարում է, որ ցանկանում է Ռուսաստանից հետ վերցնել երկաթուղիների կառավարումը, բայց այս հարցով Մոսկվայի հետ վիճել չի պատրաստվում: