Մատչելիության հղումներ

Մեզ մոտ ազատազրկման վայրերում քաղաքական գործընթացների մասնակիցներ չկան. Փաշինյանը՝ Պուտինին

Լրացված

Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանում գործող բոլոր քաղաքական ուժերը մասնակցեն ընտրություններին. Պուտին

Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանում գործող բոլոր քաղաքական ուժերը մասնակցեն ընտրություններին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մեկնարկին հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանում շատ հայեր են ապրում: Մենք համարում ենք ավելի քան 2 միլիոն մարդ: Եվ Հայաստանում շատ քաղաքական ուժեր կան, որ ռուսամետ են: Մենք շատ կուզեինք, որ այդ բոլոր քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները կարողանային մասնակցել ներքաղաքական աշխատանքին ընտրությունների ընթացքում», - ասաց Պուտինը:

Առանց անուններ տալու՝ Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ ոմանք ազատազրկված են, «չնայած որ ռուսական անձնագիր ունեն»: «Դա ձեր որոշումն է, մենք չենք խառնվում: Բայց կուզեինք, որ նրանք կարողանային մասնակցել այդ ներքաղաքական աշխատանքին», - շեշտեց նա՝ հավելելով, որ Մոսկվան մշտապես առաջնորդվելու է հայ ժողովրդի շահավետությամբ:

Հունիսից ազատազրկված է Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող միլիարդատեր, գործարար Սամվել Կարապետյանը: Նա մեղադրյալի աթոռին հայտնվեց, երբ հայտարարեց իշխանության թիրախում հայտնված Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու մասին: Իշխանությունը զավթելու հրապարակային կոչից բացի, գործարարին մեղադրում են փողերի լվացման հոդվածով: Սամվել Կարապետյանը յոթ ամիս Ազգային անվտանգության ծառայության նկուղում էր, հիմա՝ տնային կալանքի տակ:

Արձագանքելով Պուտինին՝ Հայաստանի ղեկավարն, իր հերթին, անդրադարձավ հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին, որոնց մասնակցության մասին հայտարարել է նաև Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը:

Ընդգծելով, որ Հայաստանը դեմոկրատական երկիր է, Փաշինյանը նկատեց՝ Հանրապետությունում սոցցանցերը, օրինակ, հարյուր տոկոսով ազատ են, ոչ մի սահմանափակում չկա: Նրա ներկայացմամբ՝ շատերը նույնիսկ կարծում են, թե դա չափից շատ է:

«Եվ ընդհանուր համատեքստում, անկեղծ ասած, մեզ մոտ ազատազրկման վայրերում քաղաքական գործընթացների մասնակիցներ չկան, - ասաց նա՝ հավելելով, - Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ այդ ընտրություններին կարող են մասնակցել միայն այն մարդիկ, ովքեր բացառապես հայկական անձնագիր ունեն: Ամենայն հարգանքով ռուսական անձնագիր ունեցողների նկատմամբ՝ Հայաստանի Սահմանադրությամբ նրանք չեն կարող ո՛չ պատգամավորի, ո՛չ էլ վարչապետի թեկնածու լինել», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է: Նախընտրական ցուցակը, սակայն, կգլխավորի նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, որը լինելու է անցումային ժամանակահատվածի համակարգողը, երաշխավորը, որպեսզի ԱԺ-ն իրականացնի սահմանադրական փոփոխություն՝ Կարապետյանին վարչապետ ընտրելու:

«Երբ պետք լինի որոշում կայացնել, Հայաստանի քաղաքացիները որոշում կընդունեն»

Փաշինյան-Պուտին հանդիպման բաց հատվածի հաջորդ թեման ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին էր առնչվում: Մոսկվան ավելի վաղ հայտարարել էր, որ միաժամանակ եվրոպական և եվրասիական ինտեգրացիոն նախագծերին մասնակցությունն անհնար է։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում քննարկում է գնում Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Մենք դրան շատ հանգիստ ենք վերաբերվում: Հասկանում ենք, որ ցանկացած երկիր մաքսիմում համագործակցություն է փնտրում երրորդ երկրների հետ: Բայց դա պետք է բացահայտ լինի և ազնիվ՝ հենց սկզբից: Եվրամիության հետ մաքսային միության մեջ լինելն ու ԵԱՏՄ-ն իրար հետ հնարավոր չեն: Պարզապես հնարավոր չէ», - այսօր ասաց Կրեմլի ղեկավարը:

Հարցը, նրա խոսքով, տնտեսական է, ոչ թե քաղաքական: Պուտինը շեշտեց՝ միգուցե տարիներ հետո այս երկու միությունների տարբերությունները կարգավորվեն, սակայն պնդեց՝ ուկրաինական ճգնաժամի հենց սկզբից եվրոպացիների հետ չի հաջողվել պայմանավորվել միասին աշխատելու շուրջ:

«Ինչ վերաբերում է էներգակիրների գնին, գազը Եվրոպայում կտրուկ թանկացել է՝ 600 դոլար հազար խորանարդի դիմաց, իսկ Ռուսաստանը Հայաստանին 177.5 դոլարով է վաճառում: Տարբերությունը հսկայական է: Մենք այստեղ ձեզ հետ հաճախ վիճում ենք, ես գիտեմ, որ դուք պնդում եք, որ էներգակիների գները մի փոքր այլ կերպ որոշվեն, բայց տեսեք՝ 600 դոլար ու 177.5 դոլար», - ասաց նա՝ հավելելով՝ վերջին տարիներին Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 10 անգամ։

Փաշինյանն, իր հերթին, ասաց՝ Երևանում գիտեն, որ երկու միությունների անդամակցությունը հնարավոր չէ. «Բայց այն, ինչ մենք անում ենք, և մեր օրակարգը որ ունենք, այս պահին համատեղելի են, և քանի դեռ հնարավոր է այդ երկու օրակարգերը համատեղել, մենք կհամատեղենք: Երբ հնարավոր չլինի, ու պետք լինի որոշում կայացնել, ես վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիները որոշում կընդունեն»:

Միաժամանակ ընդգծեց՝ Մոսկվայի հետ Երևանի հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի կասկածի տակ:

Ինչ վերաբերում է նոր ատոմային էլեկտրակայանի կառուցմանը, վարչապետն ասաց, որ սա բացի ռուսաստանցի գործընկերներից, այլ երկրների հետ էլ են քննարկում:

«Փնտրում ենք Հայաստանի Հանրապետության համար ամենաշահավետ առաջարկը», - ավելացրեց նա։

Միջուկային էներգիայի փարիզյան գագաթնաժողովում վերջերս վարչապետը վերստին ասել էր՝ Մեծամորի ատոմակայանի ժամկետը լրանալուց հետո Հայաստանը որոշել է անցնել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի:

Պուտինը այս մասին չխոսեց, սակայն գոհունակությամբ արձանագրեց երկու դաշնակիցների միջև տնտեսական հարաբերությունները զարգանում են լավ տեմպերով. 2024-ին շրջանառությունը կազմել է 11 միլիարդ դոլար, 2025 թվականին՝ 6,4 միլիարդ։ Ռուսաստանի նախագահը շեշտեց, որ Ադրբեջանի հետ այդ ցուցանիշը պակաս է հինգ միլիարդից՝ 4,9. «Այնուամենայնիվ, դա ինչ-որ բան վկայում է։ Եվ այդ 6,5 միլիարդից 1,2 միլիարդ դոլարը գյուղատնտեսական արտադրանք է։ Դա բանջարեղեն է, միրգ, գինի, այսինքն՝ այն ամենը, ինչ արտահանում է Հայաստանը»:

Ի վիճակի չենք մեր քաղաքացիներին բացատրել՝ ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց 2022-ին. Փաշինյանը՝ Պուտինին

Հաջորդ հարցը, որը հայ-ռուսական հարաբերությունները լարված էր պահում դեռ 2022-ից, ՀԱՊԿ-ն է:

Պուտինն ասաց՝ տեղյակ է, որ հայկական կողմի մոտ դժգոհություններ կան ՀԱՊԿ-ի մասով:

«Բայց ես կարծում եմ՝ ակնհայտ է, որ Պրահայում 2022 թվականին, երբ Դուք ճանաչեցիք Ղարաբաղը Ադրբեջանի մաս, արդեն ներադրբեջանական դարձած այս հարցին ՀԱՊԿ-ի միջամտությունը բոլորովին ճիշտ չէր լինի», - հայտարարեց Կրեմլի ղեկավարը:

Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Փաշինյանը փաստեց՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչել են են «այն բանից հետո, երբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունն այդ մասին հրապարակավ խոսեց»:

«Ես արդեն հրապարակավ ու բաց հայտարարել եմ, որ մենք չենք շարունակում ղարաբաղյան շարժումը, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն խաղաղություն է հաստատված, Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողականությունը, քաղաքական անկախությունը և միմյանց ինքնիշխանությունը: Դա արվել է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ Երևանն ու Բաքուն փոխադարձաբար ընդունել են, որ անկախ Հայաստանը 100 տոկոսով նույնական է Խորհրդային Հայաստանին, իսկ անկախ Ադրբեջանը՝ Խորհրդային Ադրբեջանին», - ասաց ՀՀ ղեկավարը:

2024-ին վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանի անդամակցությունը Ռուսաստանի առաջնորդած ՀԱՊԿ-ին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։ Այսօր նա պնդեց՝ անվտանգային դաշինքի մեխանիզմները 2022-ին պետք է աշխատեին, բայց չաշխատեցին:

«Մենք չենք թաքցրել մեր խնդիրները ՀԱՊԿ-ի հետ, որովհետև մենք 2022-ին ունեցել ենք կոնկրետ իրավիճակ, իմ կարծիքով՝ մեխանիզմները պետք է աշխատեին, բայց չաշխատեցին», - նշեց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ սա բերեց այն իրավիճակին, որը ներկայումս հիմա կա ՀԱՊԿ-ի հետ կապված:

«Մենք հիմա չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին պարզ պատճառով, քանի որ ի վիճակի չենք մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքել՝ չնայած համաձայնագրով ունեցած պարտավորություններին»,- հայտարարեց վարչապետը:

Պուտինը նկատեց՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ջանքերի շնորհիվ, ինչպես նաև ՍՄՆ նախագահի մասնակցությամբ շնորհիվ, հաջողվել է դուրս գալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կայունացման մակարդակի։

«Իմ կարծիքով, նաև տրանսպորտային ուղիներն են ապաշրջափակվում և այլն։ Այստեղ պարզապես պետք է փնտրել հարաբերությունների հետագա ամրապնդման ուղիներ։ Բայց ինձ թվում է, որ այստեղ էլ պետք է վերջակետ դնել, և ավելի լավ կլիներ, եթե սա չդառնար ներքաղաքական գործընթացի մաս, հատկապես նախընտրական արշավի ընթացքում», - ասաց նա։

Այցն ուղեկցվել է բողոքի ակցիաներով

Փաշինյան-Պուտին հանդիպմանը միջադեպեր և բողոքի ակցիաներ են նախորդել, մասնավորապես Մոսկվայում Հայաստանի դեսպանության շենքի առջև: Տելեգրամյան ալիքներում տարածված կադրերում նաև հոգևորականներ կան, ակցիայի մասնակցիները պահանջել են չմիջամտել Հայ Առաքելական եկեղեցու ներքին գործերին:

Փաշինյանը Ռուսաստանի թեմի առաջնորդին՝ Եզրաս արքեպիսկոպոսին, մեղադրել էր սովետական КГБ -ի գործակալ լինելու մեջ:

Մի միջադեպ էլ մոսկովյան այն հյուրանոցի միջանցքում է տեղի ունեցել, որտեղ իջևանել է հայկական պատվիրակությունը։ Վարչապետ Փաշինյանին մի տղամարդ մոտեցավ, առաջարկեց նկարվել երեխայի հետ, ինչպես բացատրեց, որ երեխան հետո ճանաչի «Ղարաբաղը հանձնողներին»: Վարչապետն, ըստ կադրերի, առանց արձագանքելու հեռացել է։

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG