Իշխանական պատգամավորներից Էդուարդ Աղաջանյանը վիճակագրությամբ էր եկել խորհրդարանական հարցուպատասխանին. ընդդիմությունը 8-րդ գումարման Ազգային ժողովի հարցուպատասխանի 43 տոկոսին չի մասնակցել: Խորհրդարանական երկրում վերահսկողական կարևոր գործիք է այս ֆորմատը, ուրեմն նրանց ինչո՞ւ պիտի ընտրեն. հարցը հռետորական էր, բայց այն ուղղվեց Հայաստանի վարչապետին:
«Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը ոչ միայն Ձեր նշած ուժին, այլև ընդհանրապես պատերազմի եռագլուխ կուսակցությանը ձայն տալու որևէ պատճառ չունի», - հարցին արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ ուրեմն ընդդիմությունն ընդունում է իր պարտությունն այս քաղաքական երկխոսության մեջ։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանի խոսքով՝ «ստախոսի» հետ ի՞նչ քաղաքական երկխոսություն:
«Նախ՝ խրոնիկ ստախոսի հետ վաղուց այլևս քաղաքական երկխոսություն չկար, և հարցուպատասխանին երբ մասնակցում էինք, վաղուց այլևս Նիկոլ Փաշինյանի հետ երկխոսություն չէր, այլ ուղղակի այն հստակ մեղադրանքներն էին մեր կողմից հնչեցվում, որոնք ունեին հիմքը, ունեն փաստարկված ապացույցները, և մի օր իրավական ճանապարհով էդ բոլոր մեղադրանքները նրան ուղղվելու են», - հայտարարում է Մանուկյանը։
Խորհրդարանում վարչապետն այսօր հավելեց նաև. «Կարծում եմ՝ նաև մյուս կողմից էլ կամաց-կամաց վեշերը հավաքելու պրոցեսի մեջ են Ազգային ժողովից»։
Դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ պատասխանում է. «Ավելի լավ է՝ Նիկոլ Փաշինյանը մտածի՝ դուքյան դարձրած կառավարական ամառանոցի իր զբաղեցրած պալատներից ինչպես է դուրս հանելու օղի թորող սարքերն ու իր թմբուկները»։
Փաշինյանը նախկինների չփակվող թեման թարմացրեց ու ասաց, որ այդ թեման փակելու մի տարբերակ կա. «Մենք չենք կարող խուսափել նախկին-ներկա թեմայից, երբ խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները նախկինների ներկայացուցիչներն են։ Ես էլի ասում եմ՝ էդ շանսը կա։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պարզապես չեն անցնում, չեն հաղթահարում անցողիկ շեմը, և ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ հարցումները ցույց են տալիս, որ դա շատ իրատեսական է, խնդիր է մեր ժողովրդի համար լուծելու համար, և մենք էդ էջը փակված ենք համարում»։
Իշխանականների հարցերի առանցքում ընդդիմությունն էր. «արհեստական» առաջնորդներից մեկն ասում է՝ եթե Փաշինյանն ընտրվի, Ռուսաստանը Հայաստանի դեմ տնտեսական պատերազմ է սկսելու, Հայաստանն աղքատանալու է, Փաշինյանն ինչպե՞ս կմեկնաբանի: Իսկ Փաշինյանը կրկնեց՝ ոչ թե Հայաստանը, այլ Սամվել Կարապետյանն է աղքատանալու մինչև տարեվերջ: Փաշինյանի գլխավոր մրցակից համարվող ռուսաստանաբնակ գործարարն այսօր հայ-ռուսական հարաբերությունները փչացնող ու ԵԱՏՄ-ն կաթվածահար անող որակվեց.
«Փորձ է անում հրահրել Հայաստանի Հանրապետություն-Ռուսաստանի Դաշնություն կոնֆլիկտ՝ էդ կոնֆլիկտի վրա ձեռքերը տաքացնելու համար։ Ես անհնար եմ համարում այդպիսի բանը», - շեշտեց վարչապետը։
Հայ-ռուսական հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան երբևէ եղել են, վստահեցնում է Փաշինյանը։ Առաջարկում է հետևել ամենաբաձր մակարդակի շփումների դինամիկային, ասաց. «Մենք Ռուսաստանի Դաշնության հետ չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու»։
Գործերը շատ լավ են TRIPP նախագծի մասով, մտահոգությունները, որ Իրանի պատերազմը կդանդաղեցնի կամ կխաթարի այս նախագիծը, վարչապետը չի հաստատում, այսօր հայտարարեց՝ ամենաբարձր մակարդակով հավաստիացում են ստացել Միացյալ Նահանգներից, որ այս նախագիծը մնում է առաջնահերթություն Նահանգների համար։ Ավելին՝ ասաց, որ գործընթացներն արագացել են. «Երկու կողմերն էլ՝ թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ Միացյալ Նահանգները ցանկություն ունեն հնարավորինս ամենաարագ ժամկետներում դա իրականացնել, կարող եմ ասել ավելին, որ նախորդ օրերին մենք քննարկել ենք մասնավորապես էլեկտրահաղորդման գծերի կառուցումը, շինարարական աշխատանքները»։
TRIPP-ի տնտեսական նշանակությունն ավելացել է, նույնքան շահագրգռություն ունի նաև Ադրբեջանը, հավելեց Փաշինյանը. «Որովհետև, երբ մենք Ադրբեջանի մասին խոսում ենք, շատերն ասում են՝ Ադրբեջանը TRIPP-ին է՞ մասնակցելու, ոչ, մենք պարզաբանում ենք, որ պարզապես TRIPP-ը չի կարող մի փակ սահմանից գնալ հասնել մի փակ սահմանի, պետք է սահմանները բացվեն, որպեսզի երկու կողմից հաղորդակցություն լինի, և ուրախությամբ ենք արձանագրում, որ նույնպիսի մոտեցում և շահագրգռություն ունի նաև Ադրբեջանը»։
Վարչապետ Փաշինյանն այսօր խորհրդարանում էր կեսօրից հետո՝ Կառավարության ծրագրի կատարողականն էր ներկայացնում, և այն շատ տպավորել էր նախկինում հանրապետական, այժմ իշխանական պատգամավոր Շիրակ Թորոսյանին, ասաց՝ թոշակառուները իրական հպարտության զգացում ունեն հիմա, նշեց. «Առաջին անգամ նրանք այլևս իրենց զավակների և թոռների համար ֆինանսական բեռ չեն»։
Այստեղ Փաշինյանը նույնիսկ Թորոսյանին զարմացրեց, միայն թոշակ բարձրացնելն ու առողջապահական ապահովագրությունը չի, այլ հնարավորություններ կան տարեցների համար. «Կիրակի օրվա համար դեպի Լառնակա 2 եվրոյով տոմս կա», - ասաց վարչապետը։
Ապա Փաշինյանը հիասթափությամբ ճշգրտեց, որ միակողմանի տոմսն է 900 դրամով:
Իշխանականները չհստակեցրին՝ թոշակառուները Կիպրոսի արևելյան ափ հասնելուց բացի է՞լ ինչ կարող են անել հայաստանյան միջին կենսաթոշակով՝ 60 հազար դրամով: