Միրզոյան. «Ռուսաստանից չէ, որ մեզ պետք է ասեն, որ ԵԱՏՄ և ԵՄ անդամակցությունը անհամատեղելի են»

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեշտուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը Երևանում, 19-ը մայիսի, 2026թ.

Մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու է այդ կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը, TACC-ի հետ զրույցում այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը:

«Դա շատ բարդ հարց է։ Մենք չենք ցանկանում, որ Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն, բայց և տեսնում ենք այն խնդիրները, որոնք կծագեն ԵՄ-ին միանալու կամ այդ դաշինքի հետ հարաբերությունները սերտացնելու դեպքում: Եթե ընտրությունը կատարվում է հօգուտ ԵՄ-ի, մեզ մոտ հարցեր են ծագում։ Նախևառաջ՝ ինչո՞ւ մենք պետք է աջակցենք այդ ընտրությանը մեր բյուջեի հաշվին։ Եթե Հայաստանը միանում է Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված պետություններին, ինչո՞ւ մենք պետք է պաշտպանենք դա», - ասել է Ալեքսեյ Օվերչուկը:

ՌԴ փոխվարչապետի այս հայտարարությունը հնչում է Հայաստանում Եվրամիության բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ երկու գագաթնաժողովներից հետո, որոնցից մեկին նաև Ուկրաինայի նախագահն էր մասնակցում, ինչի դեմ անթաքույց դժգոհեց պաշտոնական Մոսկվան:

Իսկ ընդհանրապես, Մոսկվայից ԵԱՏՄ կամ ԵՄ գնալու հարցում արագ կողմնորոշվելու մասին հայտարարություններ վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով են հնչում:

Ռուսաստանի նախագահն էր վերջերս հորդորել Հայաստանի իշխանություններին արագ որոշում կայացնել, ասել՝ այդպես Մոսկվայի հետ ապահարզանը «քաղաքակիրթ կլինի»:

«Միանգամայն տրամաբանական կլիներ անցկացնել հանրաքվե և հարցնել Հայաստանի քաղաքացիներին՝ ինչպիսի՞ն կլինի նրանց ընտրությունը: Դրան համապատասխան՝ մենք էլ համարժեք եզրակացություններ կանեինք և կգնայինք փափուկ, խելացի և փոխշահավետ ապահարզանի ճանապարհով», - հայտարարել էր Վլադիմիր Պուտինը:

«Ես համաձայն չեմ նաև ապահարզան ձևակերպման հետ, որովհետև, ես Ազգային ժողովում էլ եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ, ես էդ ձևակերպման հետ համաձայն չեմ: Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ: Եվ էլի եմ ասում՝ քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, մենք չենք պատրաստվում որևէ էդպիսի հարց դնել, նաև հանրաքվե կանենք էն պահին, երբ որ օբյեկտիվ անհրաժեշտություն լինի», - ՌԴ նախագահին արձագանքել էր ՀՀ վարչապետը:

Ինչպես Պուտինին արձագանքած Փաշինյանը, արտգործնախարար Միրզոյանն էլ հենց այսօր կարծիք էր հայտնում, որ ընտրության պահը չի հասունացել:

«Մենք շատ լավ հասկանում ենք, և Ռուսաստանից չէ, որ մեզ պետք է ասեն, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը և Եվրոպական միության անդամակցությունը անհամատեղելի են: Եվ ահա մեր մոտարկումը Եվրոպական միության հետ մենք շարունակելու ենք, և երբ որ կլինի, կհասունանա, կգա այն պահը, որ մենք պետք է հենց այդ պահին որոշում կայացնենք՝ լինել ա՞յս խմբի, թե՞ այս խմբի երկրների ընտանիքների անդամ, մենք այդ որոշումը կկայացնենք», - հայտարարեց Արարատ Միրզոյանը:

Ռուսաստանցի փոխվարչապետն այսօր կշտամբել է Երևանին:

«Հայկական կողմը հայտարարում է, որ նրանք անցնում են ԵՄ ստանդարտներին, սակայն շարունակում են օգտվել այն արտոնություններից, որ տրամադրում է ԵԱՏՄ-ն։ Լավ կլիներ, որ Հայաստանն արագ կողմնորոշվեր, քանի որ դա ազնիվ մոտեցում կլինի թե՛ ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցների, թե՛ հենց իր՝ Հայաստանի հանդեպ», - ասել է Օվերչուկը:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության հարցերը կքննարկվեն Ղազախստանում, որին քարոզարշավի համար արձակուրդ վերցրած Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի, կմեկնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Ճիշտ է, ես լսել եմ, որ վարչապետ Փաշինյանն ասել է, որ զբաղված է նախընտրական գործերով և չի կարողանա մեկնել Եվրասիական տնտեսական միության առաջնորդների այս հանդիպմանը։ Դե, դա, իհարկե, տխուր է, որովհետև լավ հնարավորություն կլիներ քննարկելու այն հարցերը, որոնք կախված են օդում», - նշել Լավրովը:

Մինչ ռուսաստանցի պաշտոնյաները չեն հստակեցնում՝ արդյոք Աստանայում Ռուսաստանի հետ նույն տնտեսական միավորումում մնալու կամ այն լքելու հարց դրվելո՞ւ է, Հայաստանից պնդում են, թե այս պահին նման հարցը դրված չէ: Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրենք է ընդունել, բայց դրանից հետո մեկ տարուց ավելի է՝ եվրոպական ձգտումների մասին խոսող իշխանությունը անդամակցության գործնական քայլին՝ հայտ ներկայացնելուն չի գնում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Չենք պատրաստվում որևէ ապահարզանի». Միրզոյանը՝ Պուտինի հայտարարության մասինՌուսաստանն ուժեղացված ստուգումներ կիրականացնի հայկական որոշ ընկերություններումՌուսաստանն ուժեղացրել է Հայաստանից ներմուծումների բուսասանիտարական վերահսկողությունըԻ՞նչ կտան հայաստանյան լաբորատոր ստուգումները, եթե «Ջերմուկ»-ի խնդիրները ծագել են ՌուսաստանումՀայաստանը վտանգում է կորցնել բոլոր օգուտները ԵԱՏՄ շրջանակում. ԼավրովԵԱՏՄ, թե՞ ԵՄ․ Միրզոյանը հայտարարում է՝ դեռ ընտրության ժամանակը չէԸնտրություններից հետո Հայաստանն, ըստ ամենայնի, առաջիկա տարիներին չի լքի ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ըԵրևանի եվրոպական ուղով առաջխաղացումը կարող է հանգեցնել ռուս-հայկական հարաբերություններում փոփոխությունների. ԿալուգինՌԴ-ի նոր պահանջները՝ Wildberries-ում և Ozon-ում ապրանք վաճառող հայ արտադրողներին․ քաղաքական ազդա՞կ, թե՞ տեխնիկական խստացումԵՄ, թե՞ ԵԱՏՄ. Պուտինը հորդորում է Հայաստանին կողմնորոշվել, Փաշինյանն արձագանքում էՓաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին