Մատչելիության հղումներ

ՌԴ-ի նոր պահանջները՝ Wildberries-ում և Ozon-ում ապրանք վաճառող հայ արտադրողներին․ քաղաքական ազդա՞կ, թե՞ տեխնիկական խստացում

Արդյոք ռուսական Wildberries-ում և Ozon-ում հայ տնտեսվարողներից պահանջվող հավելյալ փաստաթղթերը կապ ունե՞ն Ռուսաստանից պարբերաբար հնչող հիշեցումների հետ, թե դեպի ԵՄ ձգտող Հայաստանի համար որքան կարևոր է ռուսական շուկան։

Մինչ հայ պաշտոնյաները պնդում են, որ հայկական բիզնեսները Ռուսաստանում լուրջ խնդիրներ չունեն, Ռուսաստանի նախագահը երեկ դարձյալ հիշեցրեց, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանի և ԵԱՏՄ շուկայից:

«Հայաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունն այժմ նվազել է, անցած տարի, նախանցած տարի շատ ավելին էր, բայց այնուամենայնիվ՝ 7 միլիարդ դոլար 2025 թվականին: Եթե հաշվի առնենք, որ երկրի ՀՆԱ-ն 29 միլիարդ է, դա լուրջ մեծություն է, և Հայաստանը նշանակալի առավելություններ է ստանում Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Դա վերաբերում է գյուղատնտեսությանը, վերամշակող արդյունաբերությանը, հարկերին, ինչպես նաև միգրացիոն ոլորտին», - նշել է Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանը վաղուց էր պահանջում փաստաթղթերով հաստատել իր շուկայում վաճառվող ապրանքների ծագումն ու համապատասխանությունը, սակայն վերջերս այդ պահանջը տարածել է նաև ռուսական օնլայն հարթակների՝ Wildberries-ի և Ozon-ի վրա։ Թեև հայկական որոշ ապրանքների դեպքում խնդիրն արդեն լուծվել է, հազարավոր տնտեսվարողներ դեռ սահմանափակումների տակ են․ նրանց ապրանքները ռուսաստանյան գնորդներին չեն երևում, հետևաբար պատվերներ էլ չեն ստացվում։

«Ազատության» տեղեկությունով՝ հազարավոր հայ տնտեսվարողների ապրանքներ այս պահին Wildberries-ի ռուսաստանյան հարթակում տեսանելի չեն:

Բեռնատարի վարորդը, որ գերադասեց անանուն խոսել՝ հետագա խնդիրներից խուսափելու համար, «Ազատությանը» պատմեց՝ այս պահին փորձում է Ռուսաստանից Հայաստան բերել Wildberries-ի ապրանքները, բայց 3-րդ օրն է չի ստացվում: Ըստ նրա՝ Wildberries-ի ապրանքների փաստաթղթերի ձևակերպումը միշտ մի քանի ժամ է տևել, առաջին անգամ է օրեր տևում:

«Ես հիմա Ռուսաստանի ստայանկում կանգնած եմ, 3-րդ օրն է՝ թղթաբանություն է, մեզ զանգել են, ասել են, որ մինչև ամսի 12-ը оформиться չի լինելու Wildberries-ը: Սենց դեպք չէր եղել: Բրոկերն ինձ ասում է՝ դա մեր խնդիրը չի, Wildberries-ը պիտի թուղթ ուղարկի, որ մենք ձեզ оформить անենք, էդ հարցը տվեք Wildberries-ին», - պատմեց նա:

Բեռնատարի վարորդը, որ արդեն երկար տարիների փորձ ունի, կարծում է՝ սա քաղաքական խնդիր է, իր փորձով է համոզվել, երբ հայ-ռուսական հարաբերություններում անգամ թեթևակի լարվածություն է առաջանում, Ռուսաստանն այսպիսով իր ուժն է ցույց տալիս Հայաստանին: Էկոնոմիկայի նախարարությունից, մինչդեռ, պնդում են, թե Wildberries-ից իրենց փոխանցել են, որ խնդիրը կապված է փաստաթղթերի ստուգման հետ և համընկել է ոչ աշխատանքային օրերի հետ։

«Ստուգման գործընթաց է, որը լինում է թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում, թե՛ Վրաստանում, ու այս պահին որևէ արտառոց բան չկա», - «Ազատությանը» փոխանցեցին նախարարությունից:

Dream Luxe-ի համասեփականատեր Վարդուհի Աշխարհյանի խոսքով՝ քանի որ իրենք ռուսական օնլայն այդ հարթակում միայն եվրոպական արտադրության կոսմետիկ պարագաներ են վաճառում, հիմա ներկայացրել են պահանջվող թղթերը ու սպասում են պատասխանի: Նրա խոսքով՝ արդեն շուրջ 10 օր իրենց ապրանքը չի երևում ռուսական շուկայում, իրենց հիմնական գնորդները ՌԴ-ից են։ Տնտեսվարողի խոսքով՝ իրենք արդեն մոտ մեկ միլիոն դրամի վնաս են կրել:

«Քանի որ մենք վաճառում ենք ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանք ու վաճառում ենք մաշկի խնամք, մազերի խնամք, մենք փաստաթղթերն ի սկզբանե ունեցել ենք, որովհետև միշտ էդ ռիսկը եղել է, որ կարող է Wildberries-ը խստացնի փաստաթուղթը ու ապրանքը բլոկավորեն, սահմանը չանցնի, փաստաթղթերը ունեցել ենք, բայց կայքում էդպիսի տեղ չի եղել լրացնելու, որ լրացնենք, սահմանին չեն ուզեմ, որ ուղարկեինք», - ներկայացրեց Աշխարհյանը:

Հայկական խաղալիքների արտադրությամբ զբաղվող «Մանկան» ընկերության ներկայացուցիչ Մարիամ Գյուրջյանն «Ազատությանն» ասաց՝ իրենց ապրանքներն արդեն երևում են ՌԴ-ում, վաճառքներն արդնե վերսկսել է:

«Մի քանի օր առաջ ինձ զանգեցինք ու ասացին՝ որոնք վաճառում են հայկական արտադրանք, իրենց պետք են ուղղակի փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ այդ ապրանքներն իրոք արտադրվում են Հայաստանում, քանի որ մենք էլ ամբողջ փաստաթղթերն ունեինք, բնականաբար, մերը բացեցին: Ոչ հայկական արտադրանքները, որոնք ներմուծվում են այլ երկրներից դեպի Հայաստան, նրանց էլ պետք է մաքսային հայտարարագիր, բոլորն, ովքեր ունենք այդ հայտարարագրերը, հետագայում կարողանալու են վաճառել միայն դրանով», - ասաց Գյուրջյանը:

Ռուսական Wildberries-ում և Ozon-ում ապրանք վաճառող հայ արտադրողները թեև նախորդ շաբաթվանից են բարձրաձայնում խնդիրների մասին, Էկոնոմիկայի նախարարությունը միայն այսօր՝ աշխատանքային օրվա գրեթե վերջում պաշտոնապես ծանուցեց, թե հայ վաճառողներն ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն՝ ապրանքի ծագումն ու համապատասխանությունը հաստատելու նպատակով։



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG