Մատչելիության հղումներ

Երևանի եվրոպական ուղով առաջխաղացումը կարող է հանգեցնել ռուս-հայկական հարաբերություններում փոփոխությունների. Կալուգին

«Երևանի, այսպես կոչված, եվրոպական ուղով առաջխաղացումը ինչ-որ պահի կարող է հանգեցնել ռուս-հայաստանյան հարաբերություններում համակարգային փոփոխությունների», - պետական TACC գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ չորրորդ վարչության ղեկավար Միխայիլ Կալուգինը։

Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան կրկին պնդել է, թե Երևանում անցկացված եվրոպական վերջին գագաթնաժողովներով և Հայաստանում տեղակայված երկու առաքելություններով Բրյուսելը փորձում է «ամրապնդել ԵՄ-ի վերահսկողությունը Հայաստանի սոցիալ-քաղաքական կյանքի և տնտեսության վրա՝ նպաստելով Մոսկվայից անջատմանը»։

Վերստին ընդգծելով, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է, և որ հայկական թունդ ալկոհոլային խմիչքների 78 տոկոսը և գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը արտահանվում է ռուսական շուկա՝ բարձրաստիճան դիվանագետը պնդել է, թե «Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդները պայմանավորվել են իրենց քաղաքացիներին բացատրել Եվրասիական և Եվրոպական միությունների դրական և բացասական կողմերը»։

«Ինտեգրացիան պահանջում է համակարգված աշխատանք, ինչը դժվար թե համատեղելի լինի այն մոտեցման հետ, որի դեպքում ԵԱՏՄ-ին անդամակցությունը դիտվում է որպես ժամանակավոր միջոց, մինչդեռ ընթանում են այլընտրանքային միության որոնումները կամ միանալու գործընթացը։ Պարզ ասած՝ երկուսը միաժամանակ հնարավոր չէ», - ասել է Կալուգինը։

Ռուս դիվանագետը պնդել է, թե Պուտինն ու Փաշինյանը ապրիլի 1-ի հանդիպմանը «մանրամասն քննարկել են նաև Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հնարավոր փոխանցման հարցը», և ռուսական կողմն ի գիտություն է ընդունել Փաշինյանի հայտարարությունը, որ Երևանը չի պատրաստվում նման հարցեր քննարկել «Ռուսաստանի մեջքի ետևում»։

«Մենք համաձայն չենք այն պնդման հետ, որ ռուսական ընկերության կողմից Հայկական երկաթուղիների կառավարումը որևէ կերպ սահմանափակում է Հայաստանի մրցակցային առավելությունները», - ասել է Կալուգինը, հավելելով, որ Պուտին-Փաշինյան վերջին հանդիպմանը «պարզաբանումներ են տրվել հայկական կողմին հուզող բոլոր հարցերի վերաբերյալ, և փոխըմբռնում է ձեռք բերվել հետագա աշխատանքի եղանակների վերաբերյալ, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը ռուսական կողմի մասնակցության համատեքստում»։

Թե կոնկրետ ինչ մասնակցության մասին է խոսքը, և ինչպես է այն իրականացվելու՝ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը չի մանրամասնել: Փոխարենը նա պնդել է, թե TRIPP-ը՝ «Թրամփի ուղին», որը պետք է Սյունիքով կապի Ադրբեջանը Նախիջևանին, «ավտոմատ կերպով չի նախատեսում հայկական և ադրբեջանական երկաթուղային ենթակառուցվածքների լիարժեք համակցում»:

«Մեր մեղքը չէ, որ Երևանը միտումնավոր սառեցրեց Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի եռակողմ աշխատանքը 2023 թվականին», - ասել է Կալուգինը, պնդելով, թե ռուսական հովանու ներքո «2023 թվականին մենք մոտ էինք, այսպես կոչված, Մեղրիի երթուղու մեկնարկին, որը նախատեսված էր ոչ միայն հարավային Հայաստանից դեպի Նախիջևան տարանցիկ կապ ապահովելու, այլև, ըստ էության, հայկական և ադրբեջանական երկաթուղիները միացնելու համար»:

Հայկական կողմը, մինչդեռ, հայտարարում է, թե այդ ձևաչափը դադարել է գործել «վստահության բացակայության պատճառով»։

«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ ֆորմատը վաղուց չի գործում՝ հիմնականում տեքստային տարաձայնությունների պատճառով», - անցած տարի հայտարարել էր վարչապետ Փաշինյանը, հավելելով, թե եղել են նաև «գործնական խնդիրներ»։




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG