Լրացավ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման 4-րդ տարին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձ է հղում պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ, Կիև, 24-ը փետրվարի, 2026թ.

«Այսօր լրանում է ուղիղ չորրորդ տարին այն օրից, երբ Պուտինը երեք օրում պետք է գրավեր Կիևը». - այսպես է Վլադիմիր Զելենսկին սկսել Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման չորրորդ տարելիցին նվիրված ուղերձը:

Ուկրաինայի նախագահը նշել է, որ սա շատ բան է ասում այն մասին, թե ինչպես է Ուկրաինան հերոսաբար պայքարել այս տարիներին, ինչի շնորհիվ Պուտինին չի հաջողվել հասնել իր նպատակներին: : Ըստ Զելենսկիի՝ իրենք ունեն բոլոր իրավունքները ասելու, որ պաշտպանել են իրենց անկախությունը:

«Պուտինը չհասավ իր նպատակներին: Նա չկոտրեց ուկրաինացի ժողովրդին, չհաղթեց այս պատերազմում: Մենք պահպանեցինք Ուկրաինան և ամեն ինչ կանենք խաղաղության ու արդարության հասնելու համար», - ընդգծել է Ուկրաինայի նախագահը:

Տարելիցի կապակցությամբ այսօր Կիև են այցելել եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ և Զելենսկիի հետ հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:

Ավելի ուշ տեղի է ունեցել Ուկրաինայի աջակիցների կոալիցիայի հանդիպումը: Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի շատ ներգրավվել խաղաղության բանակցություններում: «Ակնկալում ենք ձեր առաջնորդությունը բանակցային այս ամբողջ գործընթացում ... Մեզ անհրաժեշտ է խաղաղություն, բայց պետք է պատրաստ լինենք ռուսական կողմի ցանկացած մարտահրավերի», - ասել է նա:

Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է՝ Ուկրաինային կաջակցեն որքան անհրաժեշտ է: Քիր Սթարմերի խոսքով՝ երբ չորս տարի առաջ բռնկվեց այս հակամարտությունը, ենթադրվում էր, որ Պուտինը մի քանի շաբաթում կգրավի ողջ Ուկրաինան։ Սակայն չորս տարի անց ուկրաինացիներն անհավանական դիմակայություն են ցուցաբերում ռուսական ագրեսիային, ասել է նա:

«Ինչ էլ որ Պուտինն ասի ինքն իրեն և իր ժողովրդին, Ռուսաստանը չի հաղթում … Վերջին մեկ տարում Ռուսաստանը կես միլիոն զոհ է տվել՝ Ուկրաինայի տարածքի 1 տոկոսից էլ պակաս լրացուցիչ տարածք գրավելու համար։ Սա այն երկիրը չէ, որը հաղթում է չորս տարի տևած հակամարտության արդյունքում», - ընդգծել է Սթարմերը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիև այցից առաջ սոցցանցում գրել է՝ այցի նպատակն է վերահաստատել, որ Եվրոպան կաջակցի Ուկրաինայի արդար պայքարին, «մինչև չվերականգնվի խաղաղությունը՝ Ուկրաինայի պայմաններով»:

Չնայած այս հավաստիացումներին, դաշինքը միասնական չէ Ուկրաինային աջակցելու հարցերում: Եվրամիության արտգործնախարարները երեկ չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը. դեմ են քվեարկել Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունեցող Հունգարիան և Սլովակիան: Հունգարիան նաև չի հաստատել Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը, որի շուրջ նախկինում համաձայնություն կար:

Զելենսկին այսօր ուղերձով դիմել է Եվրոպական խորհրդարանին՝ խնդրելով օգնել, որ ստանան խոստացված վարկը:

Պատերազմի տարելիցի առթիվ զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել նաև Լվովի գերեզմանատանը:

«Հավատում եմ, որ ոչինչ ապարդյուն չէր, մեր ազգի երիտասարդ սերունդը ապարդյուն չընկավ։ Նրանք ընկան Ուկրաինայի համար, որը մերը կլինի։ Ճշմարտությունը մեր կողմը կլինի, և ամեն ինչ կլինի այնպես, ինչպես նախկինում էր», - ասել է զոհված զինվորի կին Մարիա Դավիդովան:

«Անկախ նրանից, թե ինչ ենք անում, որքան շատ ենք ուզում խաղաղություն, թե ինչ զիջումների ենք համաձայնում կամ ում քմահաճույքներին ենք ենթարկվում, մենք պարզապես չգիտենք, թե ինչ կա Պուտինի մտքում», - ընդգծել է Լվովի բնակիչ Ռոման Սկաբարան:

Ուկրաինացիները, սակայն, լավատես չեն պատերազմի ավարտի հարցում:

«Նրանք կստորագրեն խաղաղության համաձայնագիր և կհայտարարեն, որ ամեն ինչ ավարտված է։ Եվ վերջ։ Այսինքն՝ պաշտոնապես այն կավարտվի, բայց ոչ պաշտոնապես... չեմ կարծում, որ պատերազմները այդքան արագ կավարտվեն։ Կարծում եմ՝ մենք այս վիճակում կապրենք շատ երկար ժամանակ», - ասել է Խարկովի Օքսանա անունով բնակչուհին:

«Կարծում եմ՝ պատերազմը շուտ չի ավարտվի, որովհետև այդ սրիկաները շատ ռեսուրսներ ունեն։ Մենք պետք է դիմադրենք», - ասել է Խարկովի մեկ այլ բնակիչ՝ Սերգեյ Հուզիյը:

«Ամեն ինչ կախված է մեկ մարդուց, ամեն ինչ կախված է Ռուսաստանի նախագահ Պուտինից։ Նա է սկսել այս պատերազմը և նա պետք է ավարտի այն», - ասել է Վիկտոր Բույնովսկին:

«Կարծում եմ պատերազմը երկար կտևի ... Պուտինը չի դադարի։ Յուրիի նման մարդիկ, ինչպես այս տղաները, ովքեր 21 տարեկան էին ... նրանք այլևս մեզ հետ չեն», - ասել է Օլգա Ստյագլուկը:

Իր սկսած պատերազմի չորրորդ տարելիցի օրը Ռուսաստանի նախագահն Ուկրաինային մեղադրել է արևմտյան հետախուզական գործակալությունների օգնությամբ խաղաղության գործընթացը խաթարելու փորձերի մեջ, այդ թվում՝ թիրախավորելով ռուսական էներգակիրների խողովակաշարերը։

Պուտինի խոսնակն էլ ասել է, որ չորս տարի առաջ «հատուկ ռազմական գործողությունը» սկսեցին, որպեսզի թույլ չտան, որ «Կիևի ռեժիմը սպանի սեփական ժողովրդին» երկրի արևելքում։ Ըստ Դմիտրի Պեսկովի՝ քանի դեռ չեն իրագործել այս նպատակը, կշարունակվի հակամարտությունը, որը, ըստ նրա, հիմա վերածվել է ավելի լայն առճակատման:

«Հետագայում, արևմտյան երկրների միջամտությունից հետո, փաստացի հատուկ ռազմական գործողությունը վերածվեց շատ ավելի լայն առճակատման արևմտյան երկրների հետ, որոնք ինչպես նախկինում, այնպես էլ հիմա նպատակ ունեն ոչնչացնել մեր երկիրը», - պնդել է Կրեմլի խոսնակը:

Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տվյալներով՝ ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում գրեթե 1.2 մլն ռուսաստանցի և մոտ 600 հազար ուկրաինացի զինվորական է զոհվել, վիրավորվել կամ անհետ կորել: Կենտրոնի կանխատեսմամբ՝ ընդհանուր կորուստներն այս գարնանը կարող են հասնել 2 միլիոնի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտինը պնդել է՝ տեղեկություններ ունի Սև ծովում գազատարների հնարավոր պայթեցման փորձի մասին «Պուտինը չի հասել իր նպատակներին, նա չի հաղթել այս պատերազմում». ԶելենսկիԶելենսկին կոչ է արել ԵՄ-ին հաստատել 90 միլիարդ եվրոյի վարկային փաթեթըԳերմանիայի պաշտպանության նախարարը քննադատել է Թրամփին՝ Պուտինին ընկերոջ պես վերաբերվելու համարՌյուտեն կոչ է անում Ուկրաինայի համար «արդյունավետ անվտանգության երաշխիքներ» ապահովելՈւրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է ԿիևՌուսաստանն ու Ուկրաինան հարվածել են միմյանց, կան տուժածներՄեծ Բրիտանիան հայտարարում է Ուկրաինային տրամադրվող աջակցության փաթեթի մասին«Վերջնական որոշում կայացնելու պահը մոտենում է». ԲուդանովՈւկրաինան հարվածել է Թաթարստանում գտնվող նավթային պոմպակայանինԵՄ երկրները դեռ համաձայնության չեն եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջԿիևը շանտաժի է ենթարկում մեզ. ՍիյարտոՍլովակիան դադարեցնում է էլեկտրաէներգիայի մատակարարումը ՈւկրաինաՄեդվեդև․ «Մոսկվան սպասում է Կիևի պատասխանին»Զելենսկի․ «Տարածքային զիջումներ հրադադարի դիմաց բանաձևը անընդունելի է»Պատերազմի 4-րդ տարելիցին Ուկրաինայի աջակիցների հավաք ՎաշինգտոնումՀունգարիան արգելափակում է ԵՄ 90 մլն եվրոյի վարկը ՈւկրաինայինԲուդապեշտը «Դրուժբա»-ի պատճառով կարգելափակի նաև Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները