ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Ուկրաինայի համար «արդյունավետ անվտանգության երաշխիքներ» ապահովել։
Մարկ Ռյուտեն Ռուսաստանի՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսված Ուկրաինայի դեմ լայնածավալ ներխուժման չորրորդ տարելիցի առթիվ վերահաստատել է ռազմական դաշինքի շարունակական աջակցությունը Ուկրաինային։
«ՆԱՏՕ-ն Ուկրաինայի կողքին է եղել սկզբից։ Մենք այսօր էլ ենք ձեր կողքին և կշարունակենք լինել ձեր կողքին առաջիկա մարտահրավերների ընթացքում», - այսօր Բրյուսելում ասել է Ռյուտեն՝ ընդգծելով՝ կարևոր է, որ Ուկրաինան շարունակի ստանալ անհրաժեշտ ռազմական, ֆինանսական և հումանիտար աջակցությունը։
«Օգնության խոստումը պատերազմ չի ավարտում։ Ուկրաինային այսօր և ամեն օր է անհրաժեշտ զինամթերք մինչև արյունահեղությունը դադարի», - նշել է նա։
ՆԱՏՕ-ի ղեկավարը նաև դաշնակիցներին կոչ է արել պարտավորություններ ստանձնել՝ Ուկրաինայում խաղաղությունն ապահովելու համար այն բանից հետո, երբ մարտերը դադարեն։
«Ուկրաինայի ժողովուրդը արժանի է արդար և տևական խաղաղության։ Նրանց անվտանգությունը մեր անվտանգությունն է։ Եվրոպայում չի կարող լինել իրական խաղաղություն՝ առանց Ուկրաինայում իրական խաղաղության»,- ասել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։