Քոչարյանը հաշտության կգնա՞ ապօրինի գույքի բռնագանձման գործով

Կալանավորումից հետո առաջի անգամ Մարտի 1-ի գործով դատական նիստին մասնակցող Ռոբերտ Քոչարյանը չպատասխանեց «Ազատության» հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է հաշտության գնալ ապօրինի գույքի բռնագանձման գործով:

Մի քանի օր առաջ նրա կրտսեր որդին հայտարարել էր՝ վերադարձի ենթակա ապօրինի որևէ գույք չունեն: Քոչարյանի թիմը բացառում է իշխանությունների հետ գործարքը:

Օրենքն այժմ հնարավորություն է տալիս ապօրինի որակված գույքի 75 տոկոսը տալ պետությանը, 25-ը՝ պահել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է՝ հաշտության այդ պատուհանը առաջիկայում պինդ կփակվի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ապօրինի ձեռք բերված կոշիկն էլ վերցնելու ենք». Փաշինյանը փոխում է ապօրինի գույքի բռնագանձման համակարգը

Երկրորդ նախագահը կալանքի տակ է արդեն 3 շաբաթ ոչ թե Մարտի 1-ի, այլ մեկ այլ՝ գործով, որի շրջանակներում մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և կաշառք ստանալու համար, չնայած Քոչարյաններն 8 տարի է անցնում են ապօրինի գույքի բռնագանձման գործով, իսկ դատարանն արդեն 3 տարի է քննում է նրանց 2 տասնյակից ավելի գույքերի, միլիոնավոր դոլարների ծագման օրինականությունը:

Ինչպես նախկին նախագահը, այնպես էլ նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը մեղադրանքը չեն ընդունում:

Երկրորդ նախագահն այսօր դատարան էր բերվել Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից՝ քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ, որոնք նաև ավելի քան 2 ժամ տևած դատական նիստի ողջ ընթացքում Քոչարյանից չհեռացան:

«Ես ոնց որ ձեզնից լավ եմ», - Ռոբերտ Քոչարյանն իր առաջնորդած խմբակցության պատգամավորներին էր ասում:

Ավագ Քոչարյանն այսօր չմեկնաբանեց իր կալանավորումից հետո Փաշինյանի հայտարարությունները:

«Պատրա՞ստ է պլակատը». Ռոբերտ Քոչարյանը՝ Լևոն Քոչարյանին

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց Լևոն Քոչարյանի հետ Նիկոլ Փաշինյանի սուր բանավեճի հաջորդ օրը: Լևոն Քոչարյան-Նիկոլ Փաշինյանը վեճը պակաս թեժ չէր նաև երկու օր առաջ:

Պատգամավոր որդին այսօր հորը պատմում էր, որ վարչապետի հետ իր վերջին վեճից հետո տնեցիներին հարցրել է՝ պատրա՞ստ են նոր խուզարկությունների: Ի պատասխան հայրն առաջարկեց պաստառը պատրաստ պահել՝ ակնհայտորեն նկատի ունենալով սոցցանցերում հայտնված տեսանյութը, թե Քոչարյանի տանը ԱԱԾ-ականներին ու ՔԿ-ի քննիչներին «Բարի Գալուստ» պաստառով են դիմավորել:

Նախկին նախագահը 2018-ից հետո 4-րդ անգամ է կալանավորվել, վերջինի նախօրեին սրտի վիրահատություն էր տարել: Փաստաբան Արամ Օրբելյանն ասում էր՝ պահման պայմանները պատշաճ չեն, բայց գլխավոր խնդիրը համարում են, ինչպես ձևակերպեց, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու փորձերը: Բացառությամբ փաստաբանների ու մերձավոր ազգականների, նրա տեսակցություններն ու շփումները, ըստ փաստաբանների, սահմանափակված են, այդ թվում՝ Քոչարյանի առաջնորդած քաղաքական ուժի պատգամավորների հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կալանավորումից հետո Քոչարյանն առաջին անգամ դատարանում է՝ Մարտի 1-ի գործով«Ապօրինի ձեռք բերված կոշիկն էլ վերցնելու ենք». Փաշինյանը փոխում է ապօրինի գույքի բռնագանձման համակարգը «Դեռ ժամանակ կա». Փաշինյանը՝ «խլուրդներին» գտնելու մասին«Խլուրդների» հետքերով. Փաշինյանի հանձնարարականից 6 օր անց Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգում