«Ապօրինի գույքի բռնագանձման համակարգով կա կարգավորում, որ հաշտության դեպքում 25 տոկոսը մնում է , 75 տոկոսը վերադարձվում է: Ես հանձնարարել եմ, որ էդ կարգավորումը վերացվի, չկա այլևս 25 տոկոս: Առհասարակ չպետք լինի: Տվել ենք էդ շանսը, 8 տարի չեն օգտվել էդ շանսից, հիմա պետք է զրոյացվի: 100 տոկոսը պետք է վերադարձնեն», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ առաջիկայում կլինի օրենսդրական փոփոխություն և հաշտության հնարավորությունը օրենքում կվերացվի:
«Ապօրինի ձեռք բերված կոշիկն էլ վերցնելու ենք», - զգուշացրեց վարչապետը, անդրադառնալով ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի գույքի բռնագանձման վարույթներին:
Արդարադատության նախարարությունն առաջիկայում նախատեսում է փոփոխություններ կատարել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում, որով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է օրենքից հանել նաև «հաշտության համաձայնությունը»։
Նախարարությունից տեղեկացրեցին, որ փոփոխության նախագիծը արդեն մշակված է և համապատասխան ընթացակարգեր անցնելուց հետո նախատեսվում է առաջիկայում այն դնել հանրային քննարկման:
Այդ վարույթներին զուգահեռ Քոչարյանի և Խաչատրյանի դեմ նաև քրեական վարույթներ կան, որոնք կրկին վերաբերում են կաշառքով ձեռքբերված գույքերին:
«Ոչ միայն կքայլի, այլև կվազի»
Վարչապետը այսօր կրկին կասկածի տակ դրեց կալանավորված ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առողջական խնդիրների իսկությունը: Խաչատրյանին պատգարակի վրա են բերում դատարան: Նա երեկ դատական նիստին մասնակցում էր պառկած և աչքերը փակ:
«Երբ որ լինի ազատության մեջ, սիմուլյանտություն պետք չլինի, ինքը ոչ միայն կքայլի, այլև կվազի», - հեգնեց Փաշինյանը:
2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական խնդիրների մասին պաշտպանական կողմի հայտարարությունները ևս կասկածի տակ դնելով, Փաշինյանը պնդեց. «Մի ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին, հենց մեղադրանքը տեսնում են դառնում են մահամերձ: Մահամերձ էին, թող ընտրություններից առաջ ասեին»: